Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քոչարյանի շուրջ ձեւավորված փուչիկը տրաքեց հունիսի 20-ին. Ռուստամ Բաքոյանը՝ ընդդիմության հետ համագործակցության մասին

Դավիթ
Հեղինակ`
Դավիթ
03:50, կիրակի, 25 հուլիսի, 2021 թ.
Քոչարյանի շուրջ ձեւավորված փուչիկը տրաքեց հունիսի 20-ին. Ռուստամ Բաքոյանը՝ ընդդիմության հետ համագործակցության մասին
    

    

Ուղիղ 10 օր հետո իր աշխատանքն է սկսելու նոր խորհրդարանը: Ընդդիմության հետ աշխատանքի պատկերացումների շուրջ զրուցել ենք գործող խորհրդարանի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով որպես եզդի համայնքի ներկայացուցիչ նոր խորհրդարանի կազմում ընդգրկված Ռուստամ Բաքոյանի հետ.


    
    
    
    
    
    

- Պարոն Բաքոյան, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ համագործակցության առաջարկ արեց խորհրդարանական ընդդիմությանը: «Հայաստան» դաշինքից արձագանքում են, որ մերժում են համագործակցությունը: Նրանք հիշեցնում են, որ նույն Փաշինյանը քարոզարշավի ընթացքում մուրճը ձեռքին սպառնում էր իրենց, հիմա էլ իրենց համախոհները ազատությունից զրկված են: Ընդամենը մի քանի օրից նոր խորհրդարանը սկսում է աշխատանքը: Ինչպե՞ս եք պատկերացնում ընդդիմության հետ աշխատանքն այս պայմաններում:


    
    

- Մենք գնում ենք խորհրդարան՝ եկող 5 տարիներին աշխատելու, ունենք նախընտրական ծրագիր, ունենք ռազմավարություն, որով առաջ ենք շարժվելու: Այդ ճանապարհին ընդդիմությունը կցանկանա մեզ հետ աշխատել՝ թող աշխատի, չի ցանկանա՝ իրենց որոշումն է: Մեզ չի խանգարելու ընդդիմության մոտեցումը՝ մեր գործն անել: Եթե այս ընթացքում ընդդիմությունը հասկացավ, որ ժողովուրդն արդար ընտրությունների արդյունքում մեզ տվել է իր քվեի մեծամասնությունը, ապա խոհեմ կգտնվեն, կգան աշխատանքի եւ չեն գա խանգարելու:


    
    

- Դեռ նոր Ազգային ժողովը չկազմավորված՝ արդեն կան կարծիքներ, որ այն 5 տարվա կյանք չի ունենալու: Եթե հիշում եք՝ Ռոբերտ Քոչարյանն էլ ասում էր, որ այս խորհրդարանը մեկուկես տարվա կյանք է ունենալու: Ըստ ձեզ ինչո՞վ են պայմանավորված նման կանխատեսումները:


    
    

- Ինչ վերաբերում է ընդդիմադիրների նման ախորժակին, ապա եւս մեկ անգամ պետք է իրենց ու իրենց քաղաքական առաջնորդին հիշեցնել, որ իր շուրջ ձեւավորված փուչիկը տրաքեց հունիսի 20-ին: Այս ընթացքում իրենք իրենց ահռելի ֆինանսական ռեսուրսներով ստեղծել էին այդ միֆը կամ փուչիկը, որ իրենք ձայների մեծամասնությամբ գալու են իշխանության: Այդ անձանց ժողովուրդը հստակ իրենց տեղը ցույց տվեց եւ նրանք պետք է համակերպվեն իրականության հետ, գնան այն ճանապարհով, որը ժողովուրդը թելադրել է: Եթե իրենց կառավարման տարիներին իրենց կամքով են շարժվել, ապա ցավում եմ իրենց համար, որ ի շնորհիվ ժողովրդի իրենք չեն կարող շարունակել ոչ օրինական գործողությունները: Հիմա լինելու են օրինականության դաշտում եւ դրանից դուրս ինչ քայլի էլ գնան՝ պողպատե մանդատի են հանդիպելու, հանդիպելու են պողպատե պատնեշի, որը ստեղծել է ժողովուրդը:


    

Ժամկետների շուրջ այդ հայտարարությունները զուտ իրենց պարտությունը ինչ-որ կերպ արդարացնելու փորձ է. նրանք պետք է փորձեն ընտրողների առջեւ հիմնավորել իրենց կարգավիճակը, ապագայի նկատմամբ տեսլականը:


    

- Չե՞ք կարծում, որ մեծ հաշվով իշխանության կյանքի տեւողությունը կախված է լինելու սահմանին տիրող իրավիճակից: «Քաղաքացիական պայմանագիրը», վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խաղաղ դարաշրջան են խոստացել:


    

- Սահմանին խաղաղություն հաստատելու ուղղությամբ պետք է աշխատել, ջանքեր գործադրել եւ օր շուտ հասնել դրան: Դա բոլորիս ցանկությունն է: Չնայած պետք է նշեմ, որ ի տարբերություն մեզ՝ ներսի թշնամիները այդ հարցում Ալիեւի կամ Ալիեւի վարչախմբի հետ շատ լավ համագործակցում են, սահմանին իրավիճակը կարողանում են խաղարկել:


    

- Այսինքն ներսի թշնամի՞ն է սահմանին իրավիճակի մեղավորը:


    
    

- Եթե կհիշեք, ժամանակին, երբ որ ներսում քաղաքական իրավիճակը լարվում էր կամ ռիսկեր էր առաջանում, որ ընդիմությունը կարող է հասնել իշխանափոխության, շատ հաճախ իշխանությունները օգտագործում էին սահմանի լարվածությունը կամ սահմանին իրավիճակ էին ստեղծում՝ ցույց տալով, որ լարված իրավիճակ է, պետք է ներսում հանգստություն պահպանել: Եվ ընդդիմությունը, այո՛, կարողանում էր ներսում հանգստություն պահպանել, միասին փորձում էին սահմանի խնդիրը լուծել: Ցավոք, նույն այդ իշխանությունը, որ հիմա ընդդիմություն է, ամեն հնարավոր բան անում է ներսում լարվածություն առաջացնելու համար, եւ սրա միակ պատճառն այն է, որ իրենք շատ լավ համագործակցում են:


    

- Պարոն Բաքոյան, Սահմանադրական դատարանի որոշումից հետո էլ ընդդիմությունը շարունակում է իշխող ուժին մեղադրել ընտրությունները կեղծելու մեջ: Այս հարցը երբեք չի՞ փակվելու:


    

- Այո՛, ընտրությունները կարող են անցած լինել կեղծիքներով, ես դրա հետ համաձայն եմ, եւ այո՛, կարող էր լինել տարբերակ, որ այս ընտրությունները չեղարկվեին: Բայց դրա համար նույն ընդդիմությունը պետք է կամք ունենար եւ Սահմանադրական դատարանում ինքնախոստովանությամբ հանդես գար, խոստովաներ, թե ինչ ահռելի մեծ գումարներ են բաժանել, որպեսզի կարողանան փողով ընտրության արդյունքներ ձեւավորել իրենց օգտին: Եթե երկու ընդդիմադիր քաղաքական ուժերը ունենային այդքան կամք եւ խոստովանեին, ապա անպայման ընտրությունների արդյունքները կարող էին չեղյալ համարվել: Էն 21+5 տոկոսը, որ ստացել է ընդդիմությունը, բավական լուրջ տոկոս է եւ դրանով պայմանավորված կարող են նոր ընտրություններ կազմակերպվել: Սա միակ ճանապարհն է՝ նոր ընտրութjունների հասնելու:


    

- Վարչապետի պաշտոնակատարը նախաձեռնել է արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների, քննարկումների ֆորմատ: Ձեր կարծիքով ինչո՞ւ է անհրաժեշտ այսպիսի ֆորմատը, ի՞նչ կարող է տալ:


    

- Իմ կարծիքով շատ լավ ֆորմատ է, որով նաեւ համազգային միասնության քայլեր են արվում, եւ սա կարող է լուրջ ազդեցություն ունենալ մեր միասնության վրա: Բայց նաեւ մենք ունենք բարդ իրավիճակներ, եւ այս ֆորմատը օգտագործելով կարող ենք ավելի լավ լուծումներ գտնել:


    

- Սա խորհրդարանական ընդիմությանը հակակշելու միջոց կարո՞ղ է դառնալ:


    

- Մենք մեր առաջ որեւէ նման խնդիր չենք դրել, որ ռազմակավարություն մշակենք, որով մեզ կապահովագրենք խորհրդարանական ընդդիմությունից:

Video Player

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1915 | 0 | 0
Facebook