Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Հոդվածներ

«Երբ նա (Օլիմպիադան) լսեց թագավորի սպանության մասին, շտապեց մասնակցել հուղարկավորությանը վերջին տուրքը մատուցելու առիթով, ապա այդ նույն գիշերը խաչ հանված Պավսանիոսի գլխին ոսկե պսակ դրեց»

19:26, երկուշաբթի, 19 հուլիսի, 2021 թ.
«Երբ նա (Օլիմպիադան) լսեց թագավորի սպանության մասին, շտապեց մասնակցել հուղարկավորությանը վերջին տուրքը մատուցելու առիթով, ապա այդ նույն գիշերը խաչ հանված Պավսանիոսի գլխին ոսկե պսակ դրեց»

Հպարտ ու տիրական նախկին թագուհին, նախկին քրմուհին, բնականաբար, իրեն ստորացված է զգացել ու շատ լավ հասկացել է, որ այն դերը, որն ինքը նախկինում ուներ մակեդոնական արքունիքում, այսուհետ մեկ ուրիշ կնոջ է պատկանելու: Այդ կարգավիճակը կարող էր փոխվել միայն այն դեպքում, եթե թագավոր դառնար իր որդին, իսկ իր անպատվության գլխավոր մեղավորը մեռյալների տիրակալի՝ Հադեսի մոտ գնար: Պատմիչ Յուստինոսն ասում է. «Օլիմպիադան Պավսանիոսից ոչ պակաս էր տանջվում՝ այն բանից, որ իրեն մերժել են ու ընտրել են Կլեոպատրային»: Ստացվում է, որ ճակատագիրը հանդիպեցրել է երկու բախտակիցների, բայց Յուստինոսն անմիջապես էլ նշում է, թե վիրավորված թագուհին անհավատարիմ ամուսնուց վրիժառության այլ ճանապարհներ էլ է փնտրել: Պատմիչը գրում է. «Օլիմպիադան իր հերթին գրգռեց իր եղբայր Ալեքսանդրին, Էպիրոսի թագավորին, Փիլիպոսի դեմ պատերազմի և կհասներ իր նպատակին, եթե Փիլիպոսն Ալեքսանդրին չդարձներ իր փեսան՝ նրան կնության տալով իր դստերը»: Բայց, ինչ խոսք, դժվար է ասել, թե էպիրոսցին կպատերազմե՞ր արդյոք Փիլիպոսի դեմ, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ իր գահի համար նա հենց Փիլիպոսին էր պարտական, ու բացի այդ Էպիրոսը հազիվ թե համարձակվեր կռվել Մակեդոնիայի դեմ, քանի որ ուժերը խիստ անհավասար էին: Էպիրոսի թագավոր Ալեքսանդրը շատ իրատես մարդ է եղել, և իր քրոջ ոտնահարված զգացմունքների պատճառով նա դժվար թե վտանգեր իր ժողովրդին: Այնպես որ շատ հնարավոր է, որ, չստանալով եղբոր աջակցությունը, Օլիմպիադան որոշել է իր վրիժառության գործիք դարձնել Պավսանիոսին: Այդ եզրակակացությանն է մղում նաև նրա վարքը Փիլիպոսի սպանությունից հետո: Յուստինոսը գրում է. «Երբ նա լսեց թագավորի սպանության մասին, շտապեց մասնակցել հուղարկավորությանը վերջին տուրքը մատուցելու առիթով, ապա այդ նույն գիշերը խաչ հանված Պավսանիոսի գլխին ոսկե պսակ դրեց: Ոչ ոք, բացի նրանից, չէր համարձակվի այդ անել, քանի որ Փիլիպոսից հետո մնացել էր նրա որդին: Մի քանի օր անց նա խաչից իջեցված մարդասպանի մարմինն այրեց իր ամուսնու գերեզմանի վրա ու հրամայեց նույն տեղում բլուր անել. նա նաև հոգաց, որպեսզի մահացածին ամեն տարի զոհ մատուցեն՝ համաձայն ժողովրդի հավատալիքների»:

Բայց եթե սա այլ կողմից դիտարկենք ու հնարավոր համարենք, որ Օլիմպիադան սպանությանը մասնակցություն չի ունեցել, ապա այդ դեպքում նրա վարքը հասկանալի է լինում. Պավսանիոսի դաշույնի մեկ հարվածով Օլիմպիադան ստացել էր իր նախկին կարգավիճակը: Նա ինչպե՞ս պիտի վերաբերվեր այն մարդուն, որը պատժել էր իրեն սարսափելի ստորացրած ու վիրավորած միապետին: Օլիմպիադան բոլորի առջև ի ցույց է դրել իր ուրախությունը, նրան պարզապես հարկավոր է եղել, որպեսզի մարդիկ տեսնեն, որ աստվածներն իր կողմնակիցն են: Յուստինոսը գրում է. «...նա Ապոլոնին ընծայեց այն թուրը, որով խոցվել էր թագավորը: Այդ ամենը նա այնքան բացահայտորեն արեց, կարծես վախենալիս լիներ, թե իր կողմից կատարված այդ հանցագործությունն իրեն չի վերագրվի»: Իսկ նա ումի՞ց կամ ինչի՞ց պիտի վախենար, չէ՞ որ թագավոր էր դառնում իր սիրելի զավակը, և նրա գործողություններից տպավորություն էր ստեղծվում, թե շրջապատի կարծիքի վրա նա թքած ունի, և կարևորն այն է, որ ինքը նորից թագուհի է:

Վերստին արձանագրենք, որ Պավսանիոսը Օրեստեայից էր՝ Մակեդոնիայի հյուսիսային շրջանից, որն ավելի վաղ կառավարվել է տոհմական իշխանների կողմից: Եվ պատահական չէ, որ առաջինը կասկածվել են նախկինում անկախ այդ իշխանության ներկայացուցիչները: Եվ, ի վերջո, պատմիչ Արիանոսի պատմությունում մի դրվագ կա, որտեղ Ալեքսանդրը, պատասխանելով պարսից արքայից արքայի նամակին, պարսիկներին մեղադրում է իր հոր մահվան մեջ. «Իմ հայրը, - գրել է նա, - սպանվել է այն դավադիրների ձեռքով, որոնց դուք եք համախմբել, և որով հպարտանում եք ձեր նամակներում»:

Կարելի է ասել, որ այս վարկածը ևս հնարավոր է, որովհետև պարսկական ոսկին կարող էր կաշառել ոչ միայն մակեդոնական ազնվականությանը, այնպես էլ Հունաստանի ժողովրդավարներին: Ահա թե ինչու, վերը շարադրվածն ի մի բերելով, կարելի է եզրակացնել, որ մենք երբեք էլ չենք իմանա, թե ով է Պավսանիոսի մղել Փիլիպոսի սպանությանը:

Նկարում՝ Օլիմպիադա թագուհին՝ Ալեքսանդր Մեծի մայրը:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
447 | 0 | 0
Facebook