Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հեղաշրջում, որի ժամանակ գնդակահարվել է գրեթե ամբողջ թագավորական ընտանիքը

15:29, չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ.
Հեղաշրջում, որի ժամանակ գնդակահարվել է գրեթե ամբողջ թագավորական ընտանիքը

1958 թվականի հուլիսի 14-ին սպանվել է Իրաքի վերջին թագավոր Ֆեյսալ 2-րդը:

1958 թվականի փետրվարին Եգիպտոսը և Սիրիան պայմանավորվում են միավորել իրենց պետությունները և ստեղծել Միացյալ Արաբական Հանրապետություն: Վախենալով այս միավորման հետագա հնարավոր սպառնալիքներից՝ Իրաքի և Հորդանանի թագավորները որոշում են ստեղծել վերոնշյալ միավորմանն այլընտրանքային իրենց միավորումը՝ Իրաքի և Հորդանանի Արաբական Ֆեդերացիան, որը պիտի ղեկավարեր քսաներեքամյա Ֆեյսալը՝ որպես Հաշիմիտյան արքայատոհմի ավագ անդամ: Նոր կարգավիճակում նրա կառավարումը հինգ ամիս է տևել: Այս ընթացքում զգալով Սիրիայից եկող լուրջ վտանգը՝ նա ռազմական օգնություն է խնդրել Հորդանանից: Այս իրավիճակից օգտվելով՝ իրաքյան բանակի գեներալ Աբդել Քերիմ Կասըմը, գլխավորելով բանակային «Ազատ սպաներ» ընդհատակայա կազմակերպությունը, ռազմական հեղաշրջում է կատարել:

Նրանց գործողությունն սկսվել է հուլիսի 13-14-ի գիշերը: Հուլիսի 14-ի առավոտյան Ֆեյսալը և նրա վարչապետ Նուրի Սայիդը պետք է Բաղդադից Ստամբուլ թռչեին՝ Լիբանանի դեմ Թուրքիայի հարձակմանը մասնակցելու պայմանագիր կնքելու համար: Հուլիսի 13-ի մինչև ուշ գիշեր թագավորական պալատում ճոխ խնջույք է տրվել Ստամբուլ մեկնելու և հուլիսի 14-ին պայմանագիր կնքելու կապակցությամբ: Բաղդադի օդնավակայանում արդեն ավարտված է եղել ինքնաթիռի նախապատրաստումը թռիչքին: Այս ամենը տեղի է ունեցել միապետի ամուսնության նախօրեին: Մինչ պալատում խնջույքը շարունակվել է, Աբդել Քերիմ Կասըմի գլխավորած սպաների խումբը զորամասեր է մտցրել Իրաքի մայրաքաղաք, գրավել է կառավարական շենքերը և հրետանային կրակ է բացել թագավորական պալատի վրա: Այն բանից հետո, երբ հրետանային համազարկերից պալատի վերին հարկեր փլուզվել են ու պալատի պահպանության ծառայության դիմադրությունն ընկճվել է, թագավորական ընտանիքը, Ֆեյսալ 2-րդի ու նրա հորեղբոր՝ թագաժառանգ Աբդ ալ Իլահի ու թագավորական ընտանիքին առավել մերձավորների առաջնորդությամբ, պալատին ներքնաբակ է իջել՝ յուրաքանչյուն իր գլխավերևում Ղուրան բռնած: Մի քանի սպա մոտեցել են նրանց ու հրամայել են դեմքով դառնալ դեպի պալատի պատը: Դրանից հետո լեյտենանտ Աբդել Սատեր ալ Աբասին առանց հրամանի սկսել է գնդացրից կրակել և գնդակահարել է գրեթե ամբողջ թագավորական ընտանիքին: Կիսամեռ Ֆեյսալ 2-րդը մահացել է հիվանդանոցում: Այնուհետև նրա մարմինն ի ցույց են դրել նրա նախկին նստավայրի դիմաց: Ի տարբերություն թագավորական ընտանիքի մյուս անդամների՝ երիտասարդ թագավորի մարմինը չեն անարգել և գաղտնի հողին են հանձնել:

Այս հեղաշրջմամբ Իրաքում Հաշիմիտյան արքայատոհմի կառավարումն ավարտվել է: Հեղաշրջման կազմակերպիչներն Իրաքը հռչակել են անկախ հանրապետություն: Երկրի գլուխ է նշանակվել Աբդել Քերիմ Կասըմը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1653 | 0 | 0
Facebook