Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ.
Ինսթագրամ

Հոդվածներ

«ԵՐԵՔ ՍՐԲՈՒԹՅԱՆ ԶԱՎԱԿՆԵՐ» ԱՌՑԱՆՑ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԱՏԵՐԱԶԻՆ ՀԱՋՈՐԴՈՂ ԱՌԱՋԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

19:41, ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ.
«ԵՐԵՔ ՍՐԲՈՒԹՅԱՆ ԶԱՎԱԿՆԵՐ» ԱՌՑԱՆՑ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԱՏԵՐԱԶԻՆ ՀԱՋՈՐԴՈՂ ԱՌԱՋԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

2020 թվականը չի կարելի նպաստավոր տարի համարել փառատոների անցկացման համար։ Նախ համավարակն ու արտակարգ դրությունը խոչընդոտեցին Հայաստանի փառատոնային կյանքը, ապա Արցախյան հայրենական պատերազմը ընդհատեց մշակութային իրադարձությունների բնականոն ընթացքը։ Այդ իրադարձությունների շարքում էր նաև Լոռվա Վարդաբլուր գյուղում կազմակերպվող «Երեք Սրբություն» փառատոնը:

Փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 1989 թվականին Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում։ Այն նվիրված է Հովհաննես Թումանյանին, Կոմիտաս Վարդապետին և Զորավար Անդրանիկին: Փառատոնի նպատակը Թումանյանին, Անդրանիկին կամ Կոմիտասին պարզապես գովաբանելը չէ, այլ նրանց՝ Վարդաբլուր կատարած այցերի մասին նորից խոսելն է, մարդկանց ներկայացնելը և նրանց ոգին պահպանելն ու հետագա սերունդներին փոխանցելը: Փառատոնի ստեղծման գաղափարի հիմքում ընկած են Վարդաբլուրում կատարված իրադարձությունները։ Կոմիտասը Վարդաբլուրում է գրի առել «Լոռվա գութաներգը»: Նա Վարդաբլուր է եկել իր ամենասիրելի աշակերտներից մեկի՝ Ավետիք Տեր-Պողոսյանի հետ։ Թումանյանը և նրա հայրը վարդաբլուրցի Առաքել Գյուլզադյանի հետ շատ մտերիմ են եղել․ դրա մասին իր հուշերում մանրամասն գրել է Օլգա Թումանյանը։ Անդրանիկը Ջալալօղլիում երկու օր կռիվ տալուց հետո Դսեղ գնալու ժամանակ կանգ է առել Վարդաբլուրում: Պետք է ավելացնել նաև, որ Վարդաբլուրի եկեղեցին այն եզակի եկեղեցիներից է, որտեղ այդ երեք հզոր մարդիկ ոտք են դրել: Գյուղի քահանան՝ տեր Եղիա Զոհրաբյանը, կրթված մարդ է եղել, տիրապետել է մի քանի լեզվի։ Նա եղել է Թումանյանի ընկերը, և նրա մասին ևս իր հուշերում գրել է Օլգա Թումանյանը։ Երբեմն Թումանյանը նրան է տվել իր ստեղծագործությունները և խնդրել աչքի անցկացնել դրանք, կարծիք հայտնել: Հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող այս երեք անհատները և վարդաբլուրցիները, կարծես թե, օրգանական կապ ունեն իրար հետ:

Երկրորդ փառատոնը կազմակերպվեց 1990թ․։ Նկարիչների միությունից նախապես հրավիրված նկարիչները մեկ շաբաթ շարունակ հյուրընկալվելով Վարդաբլուրում՝ ոգեշնչվում ու սստեղծագործում են, իսկ նկարները ցուցադրվում է փառատոնի հիմնական միջոցառման օրը։
     1990 թ․-ի փառատոնից հետո եղան դադարներ։ Պատճառը պատերազմն էր ու դրան հաջորդող դժվար ժամանակները․․․ Անկախ նրանից, որ փառատոնը ընդհատվել էր, Վարդաբլուրում, միևնույնն է, շարունակաբար իշխել են այդ գաղափարները: 2016 թվականին Վարդաբլուրում դրվեց իր տեսակով եզակի հուշարձան՝ նվիրված Կոմիտասին և «Լոռվա գութաներգը» գրի առնելուն:
     2019 թվականին՝ 29 տարի դադարից հետո, փառատոնը մեծ շուքով վերածնվեց կրկին Վարդաբլուր գյուղում։ Հայ Մեծերի ոգին ու շունչը կրկին թևածեց գյուղի պատմական եկեղեցու բակում։ Եվ կազմակերպիչների կողմից որոշում կայացվեց՝ ամեն գնով ապահովել փառատոնի շարունակականությունը։

2020 թ․ համավարակի և արտակարգ դրության պայմաններում փառատոնի կազմակերպիչները ձեռնամուխ եղան նոր՝ «Երեք Սրբության զավակներ» առցանց նախաձեռնության իրականացման աշխատանքներին։ Նախաձեռնությունը հանդես եկավ «Երգում ենք Կոմիտաս, ասմունքում Թումանյան, ապրում Զորավար Անդրանիկի պատգամներով» կարգախոսով` նպատակ ունենալով մեր Մեծերի ոգին ու շունչը փոխանցել սերունդներին։ Իր բնույթով նախաձեռնությունը տարբերվող էր. մրցութային չէր, չկար տարիքային սահմանափակում, հնարավորություն էր տրված ցանկացողներին ինքնարտահայտվելու Մեծերի խոսքով՝ ընտրելով մեկ ստեղծագործություն նախընտրած ձևաչափով՝ երգ, երաժշտություն, ասմունք, որոնք կառնչվեին մեր ազգի համար կարևոր այս երեք անհատներին։ Պատրաստված տեսաձայնագրությունները, տեղ գտնելով փառատոնի ֆեյսբուքյան էջում, կրելու էին վարակիչ բնույթ։

Առցանց նախաձեռնությունը նախատեսված էր անցկացնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, սակայն 2020 թ․ սեպտեմբերի 27-ին սկիզբ առած Արցախյան հայրենական պատերազմը մի ակնթարթում իր սրբագրումները մտցրեց համայն հայության կյանքում։ Համազգային ողբերգության պայմաններում դժվար էր կրկին մտածել մշակութային փառատոնի մասին․ ո՛չ ուժ կար, ո՛չ տրամադրություն ու ցանկություն… Պատերազմը սկսվելուց օրեր անց կամավորագրվեց նաև «Երեք Սրբություն» փառատոնի տարածքային տնօրեն Ռուսլան Օհանյանը։ Առաջնագծում զինակից ընկերների հետ եկան եզրահանգման, որ «Երեք Սրբություն» փառատոնի պես միջոցառումները ոչ միայն չպետք է չեղարկվեն, այլև պետք է անցկացվեն նոր ոգևորությամբ ու եռանդով։

Այսպիսով, պատերազմից հետո «Երեք Սրբության զավակներ» առցանց նախաձեռնությունը վերաիմաստավորվեց, քանի որ մարդկանց հոգիները մշակույթով լցնելու խիստ անհրաժեշտություն կար:

Արդյունքում նախատեսվածից է՛լ ավելի շատ մասնակիցներ ընդգրկվեցին նախաձեռնությանը ինչպես Հայաստանի տարբեր բնակավայրերից, այնպես էլ Սփյուռքի մի շարք համայնքներից։ Բազմազան էին մասնակիցների աշխարհագրությունը և ստեղծագործությունների ձևաչափը։ Բոլոր կատարումները տեղադրվեցին «Երեք Սրբություն» փառատոնի ֆեյսբուքյան էջում՝ թեկուզև կարճ ժամանակով ժպիտներ պարգևելով հուսալքված հանրությանը, հատկապես փոքրիկներին։ Բոլոր մասնակիցները խրախուսվեցին մասնակցության հավաստագրերով։

Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա դրանք շատ են․ այս պահին պատրաստվում է «Ուխտագնացություն՝ «Երեք Սրբություն» » զբոսաշրջային փաթեթը։ Փառատոնի հիմնադիրը նաև հույս է հայտնում, որ գալիք տարում խոչընդոտներ չեն լինի, և նպաստավոր պայմանների առկայությամբ Վարդաբլուր գյուղը հյուրընկալ դռները կբացի «Երեք Սրբություն» փառատոնի հյուրերի առջև։

Փառատոնի տարածքային տնօրեն Ռուսլան Օհանյանի ռազմահագուստը՝ 44-ամյա պատերազմի օրերին
Փառատոնի տարածքային տնօրեն Ռուսլան Օհանյանի ռազմահագուստը՝ 44-ամյա պատերազմի օրերին
«Երեք Սրբության զավակներ» առցանց նախաձեռնության բոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր
«Երեք Սրբության զավակներ» առցանց նախաձեռնության բոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
340 | 0 | 0
Facebook