Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

Արտաշես Տեր Խաչատուրեան - 90

13:40, հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ.
Արտաշես Տեր Խաչատուրեան - 90
    
Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 102-ամյակին նվիրված միջոցառման ծրագրի շրջանակում, հուլիսի 7-ին, թամանայանական մասնաշենքի մեծ ցուցասրահում բացվեց հայ անվանի մատենագետ Արտաշես Տեր Խաչատուրեանի անձական գրադարանի հավաքածուի ցուցադրությունը։ Ցուցահանդեսը նվիրվում է հայ անվանի մատենագետի ծննդյան 90-ամյա հոբելյանին։
Անձեռնմխելի գրականուան բաժնի Նվիրատվությունների և անհատական հավաքածուների ենթաբաժնի աշխատակից Էմմա Մելիքսեթյանը ներկայացրեց Արտաշես Տեր Խաչատուրեանի ստեղծագործական կյանքն ու գիտական, մատենագիտական գործունեությունը։
Անձեռնմխելի գրականության բաժնում ստեղծված նոր անհատական հավաքածուն ստեղծվել է Արտաշես Տեր Խաչատուրեանի անձնական գրադարանի արժեքավոր գրքերի հիման վրա. այսօր այդ գրադարանի 1550-1960 ժամանակների ավելի քան չորս տասնյակ մեծարժեք գրքերը Ազգային գրադարանի ֆոնդերում են։

    
Հավաքածուի արժեքավոր գրքերից է 1550 թվականին հրատարակված լատիներեն նոր կտակարանը՝ «Novvm Testamentvm Graece et Latine» (Basileae Bryling, Greek Ancient) և 1669 թվականին տպագրված Առաքել Դավրիժեցու «ԳԻՐՔ ՊԱՏՄՈՒԹԵԱՆՑ» -ի Ամստերդամի Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի տպարանում ոսկերիզ էջերով տպագրված գիրքը: Հավաքածուի հազվագյուտ, բարձրարժեք գրքերից Ներսես Շնորհալու՝ Ամստերդամում 1660-ին հրատարակված «Հիսուս որդի» պոեմն է: Գրքերի ցանկում են Նոր կտակարաններ, Աստվածաշնչեր, Սաղմոսարան՝ որոնցից Ազգային գրադարանը մեկական օրինակ ուներ, Աբդուլ Համիդի մասին շատ արժեքավոր ֆրանսերեն գիրք՝ հեղինակի ինքնագրով, Դանիել Վարուժանի «Հացին երգը» ժողովածուի առաջին հրատարակությունը, Նարեկի 1752, 1763 և 1851 թվականների հրատարակությունները, Սիամանթոյի, Արշակ Ալբոյաջյանի, Թորոս Թորոմանյանի՝ ինքնագրերով գրքերը և շատ այլ մեծարժեք հրատարակություններ:
Հավաքածուն գրադարանին են նվիրել Արտաշես Տեր Խաչատուրեանի որդինեը՝ Տարոն և Զարեհ Խաչատուրեանները։

    

2019 թվականին Հայ մամուլին նվիրված գիտաժողովին մասնակցում էին նաև հայ մեծանուն մատենագետ Արտաշէս Տէր Խաչատուրեանի որդիները՝ Զարեհ և Տարօն Տէր Խաչատուրեանները: Նշենք նաև, որ Արտաշես Տէր Խաչատուրեանը իր անձնական գրադարանում ուներ «Ազդարար» ամսագրի hնատիպ երկու համար՝ 1795 թվականին տպագրված թիվ 1 և թիվ 2 համարները, որոնք մատենագետի որդիները նվիրել էին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանին:

Գիտաժողովն առիթ հանդիսացավ, որպեսզի Հայաստանի ազգային գրադարանը ևս հարստանա Արտաշէս Տէր Խաչատուրեանի անձնական գրադարանի 40 անուն հնատիպ և հանագույն շրջանի ՝ 1550-1960 ժամանակների արժեքավոր գրականությամբ:

Արժեքավոր նվիրատվության մեջ կարելի է առանձնացնել նաև Ռուբեն Զարդարյանի, Գրիգոր Զոհրապի, Արշակ Ալպոյաճեանի, Ղուկաս Ինճիճյանի, Ճանիկ Արամեանի, Յ.Մ Հաճեանի, Ա.Մ Գարագաշյանի, Ա. Ահարոնյանի և այլոց գրքեր: Գրքերից մի քանիսն, ի դեպ, ինքնագրերով էին, որոնցից կարող ենք առանձնացնել 1912 թվականին Փարիզի Կ. Ներսէսեան տպարանում հրատարակված Արշակ Չոպանյանի «Հայ էջեր: Մեր նախնեաց բանաստեղծութիւնն ու արուեստը» գիրքը: Բոլոր գրքերը կրում են Արտաշէս Տէր Խաչատուրեանի գրադարանի կնիքը:
     Ազգային գրադարանի համար կարևոր ձեռքբերում էր նաև «Շարժում» գրական ամսաթերթի առաջին համարի ձեռագիր տարբերակը:


    

Ազգային գրադարանում է նաև 2014 թվականին հրատարակված «Հայ գիրքի մատենագիտական գործեր» և «Հայ մամուլի մատենագիտական գործեր» երկհատորյանկները, որոնց հրատարակությունը նվիրել են Արտաշէս և Լուսին Տէր Խաչատուրեաններին: Խաչատուրեանը առավել հայտնի է մամուլի մատենագիտական աշխատանքներով։

Զարեհ Խաչատուրեանը այս առիթով հարցազրույցներից մեկում ասել է. «Հայրս իր աշխատասենյակ-գրադարանում մեծ գրասեղան ուներ, իր թիկնաթոռի հետնամասում մեծ դարակներ կային՝ ամբողջությամբ գրքերով լի: Հայրս ասում էր. «սրանք իմ սեղանի գրքերն են» . գրքերը, որ մենք նվիրում ենք գրադարանին, հենց այդ գրքերից են, հորս ձեռքի տակ մշտապես եղած գրքերը… Իր գրադարանի մեջ մենք հիմա պեղումներ ենք անում, կան շատ լուրջ գրքեր, որոնք եւս համագործակցության շրջանակներում պետք է տեղափոխենք Ազգային գրադարան: Արտաշետ Տեր Խաչատուրեանի գրադարանը բավական լուրջ հավաքածու է: Հորս կարծիքն էր, որ Հայաստանի եւ Սփյուռքի մասին ցանկացած գիրք եւ մամուլ պետք է մեկտեղվի մեկ իրականության մեջ. այս պահին այդ իրականությունն հայրենիքն է՝ Հայաստանը: Եվ քանի որ Հայաստանն ունի իր բոլոր ինստիտուցիոնալ միջոցները՝ գիտաշխատողներ, գրադարաններ, մասնագետներ գրքի պահպանումն ըստ պատշաճի կազմակերպելու, ինչու չէ նաեւ թվայանացնելու համար, ուրեմն այդ հավաքածուն պետք է պահպանվի այստեղ, այս մշակութային օջախում… Դա նաեւ հորս փափագն էր…»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
259 | 0 | 0
Facebook