Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փիթեր Բալաքյան/ Առցանց ցուցադրություն Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջում

09:17, երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.
Փիթեր Բալաքյան/ Առցանց ցուցադրություն Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջում
    
«Մարդկանց արձագանքը աղետներին տարբեր է լինում: Հայ արվեստագետների պատասխանը Մեծ եղեռնին ստեղծագործելն էր», -
ասել է բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, պատմաբան, Քոլգեյթի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Բալաքյանը: - «Այնպես, ինչպես Սարոյանը, Ազնավուրը, Արշիլ Գորկին, Մայքլ Առլենը և ուրիշները: Երևի թե ես էլ, եթե այդպես չցնցվեի, չգրեի այդ գործերը»:
Այսօր բանաստեղծ, հուշագիր և գիտնական Փիթեր Բալաքյանի ծննդյան օրն է։ 2004 թվականին, այս օրերին Բալաքյանը Հայաստանում էր` իր «Ճակատագրի սեւ շունը» վեպի հայերեն հրատարակության առիթով: «Ճակատագրի սեւ շունը» -ը գրողի` բազմաթիվ հեղինակավոր միջազգային գրական մրցանակների արժանացած ստեղծագործություններից առաջինն է, որ դրվեց հայ ընթերցողի սեղանին:
Բանաստեղծ, հուշագիր և գիտնական Փիթեր Բալաքյանը բանաստեղծությունների յոթ հատորի, չորս գրքի և մի քանի համատեղ թարգմանության հեղինակ է։ 1997թ. տպագրված նրա «Ճակատագրի սև շունը» (Black Dog of Fate) բեսթսելլերն արժանացել է հուշագրության ասպարեզում «PEN/Albrand» մրցանակի։
Հուշագրի գրքերը առկա են Հայաստանի ազգային գրադարանում և սպասարկվում են ընթերցասրահներում։ Կարող եք պատվիրել նաև առցանց տարբերակով։ https://is.gd/oZaOT1։
«Լույսի տխուր օրերը» https://is.gd/IzyVHy
«Ճակատագրի սև շունը» https://is.gd/aHDw9N
«Ozone journal» https://is.gd/4Fz8gu
«Vise and shadow» https://is.gd/eTEDY1
«Armenian Gol***ha» https://is.gd/fFPAzS
«Ziggurat» https://is.gd/pO2Upr
«Black dog of fate» https://is.gd/1Ptm5N
«Kaderin kara köpegi» https://is.gd/ZnIHnG
«The burning Tigris» https://is.gd/Che7VR
«June-tree» https://is.gd/YPRV9O
«Bloody news from my friend» https://is.gd/CvwPn0
«Sad days of light» https://is.gd/Ew6zvb
    
    
Բալաքյանի մորական տատը՝ Նաֆինա Շեքերլեմեջյանը (հետագայում՝ Արուսյան), դիարբեքիրցի ունեւոր ընտանիքից էր եւ 1915-ի հայկական տեղահանությունների ժամանակ հաջողել էր փրկվել մահից։ Նաֆինայի ողջ ընտանիքը, ամուսնուց ու փոքրիկ երեխաներից բացի, սպանվել է 1915-ի օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում։ Ողջ մնացած համերկրացի հայերի հետ Նաֆինային եւս ստիպում են հարյուրավոր կիլոմետրեր քայլել հարավարեւելյան Անատոլիայի չոր տարածքներով։ Կիզիչ արեւն էր դեպի Սիրիայի արեւելքի Դեր Զորի անապատ նրանց հարկադրված երթի ուղեկիցը։ Նաֆինայի ամուսինը մահանում է ճանապարհին։
    
    

Դեր Զորում սովից ու հիվանդությունից մահացավ կամ պարզապես սպանվեց 400 հազար մարդ։

Սակայն նույն այդ Սիրիայում էր, որ մի շարք հայ նվիրյալ հոգեւորականների եւ ամերիկյան ու եվրոպական մի քանի դիվանագետի եւ միսիոների կողմից բացված որբանոցների շնորհիվ բազմաթիվ հայեր կարողացան գոյատեւել։ Հալեպը միշտ եղել էր սփյուռքի կարեւոր կենտրոններից մեկը, եւ այնտեղ բազմաթիվ հայեր էին ապրում։ Երբ 25 տարեկան Նաֆինան դուստրերի՝ Գլեդիսի եւ Էլիսի հետ հասավ Հալեպ, Սիրիայի ամենամեծ քաղաքն արդեն լի էր 100 հազար հայ գաղթականներով, որոնց մեծ մասը մահանում էր սովից, տիֆից կամ մալարիայից։ Հալեպ ժամանելուց շատ չանցած՝ Նաֆինան եւս հիվանդացավ տիֆով ու տեղի հիվանդանոցներից մեկում հայտնվեց մահվան շեմին։ Նրա դուստրերն անօգնական հետեւում էին, սակայն Նաֆինան, թվում էր, ապրելու գերբնական կամք ուներ։ Ապաքինվելով եւ աշխատելով որպես դերձակ՝ նա շարունակեց խնամել ու մեծացնել դուստրերին։ Որոշ ժամանակ անց նա միացավ Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցուն կից հայկական դպրոցի աղջիկներին։ «Այս հայ հոգեւորականները, – ասում է Բալաքյանը, – մեծ հերոսություն կատարեցին՝ ողջ մնացած երեխաների համար որբանոցներ բացելով։ Ինչ-որ իմաստով նրանք, կարելի է ասել, վճռորոշ դեր կատարեցին հայերի մի ամբողջ սերունդ փրկելու գործում» ։

Նաֆինան Մերձավոր Արեւելքում այլեւս ընտանիք չուներ, իսկ Սիրիայում կյանքի պայմանները գնալով վատթարանում էին։ Որ կողմը պտտվում էր՝ սոսկ մահ էր ու կործանում. ընտանիքներ ու գերդաստաններ էին կոտորվել, հազարամյա գյուղեր սրբվել էին երկրի երեսից։ Տիֆն ու մալարիան հնձում էին մնացած հայ կանանց ու երեխաներին։ Ինչպե՞ս կարող էր իր ընտանիքը դուրս գալ Հալեպից։

Նաֆինան իմացավ, որ Ջեսսի Ջեքսոնը՝ ամերիկյան հյուպատոսը, որը հայտնի էր իր մարդկային եւ բարոյական բարձր նկարագրով, օգնում է հայերին։ Մի քանի անգամ նա հեռագրեր էր ուղարկել ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին՝ նրան իրազեկելով զանգվածային սպանությունների եւ այլ ոճրագործությունների մասին։ Նա Միացյալ Նահանգներին հորդորում էր միջամտել եւ ֆինանսական կամ այլ օգնություն տրամադրել ողջ մնացածներին. «Ես փորձում եմ ողջ պահել շրջակա քաղաքներում ապաստանածներին, բայց դա սարսափելի դժվար գործ է, քանի որ օգնության միջոցները բաշխող շատ մարդկանց (թուրք ժանդարմները) ծեծելով սպանել են, շատերին՝ կախաղան հանել կամ գնդակահարել», – Ջեսսի Ջեքսոնի խոսքերն է մեջբերում Բալաքյանն իր «Ճակատագրի սեւ շունը» գրքում։

1916թ. սեպտեմբերի 11-ի նամակում Ջեքսոնը գրում է Բոստոն՝ Նաֆինայի տեգրոջը՝ Ֆրենկ Բասմաջյանին.

«Հարգելի պարոն,

Ձեր քույրը՝ Նաֆինա Շեքերլեմեջյանը, Հալեպում է եւ կարիքի մեջ լինելով՝ դիմել է ինձ, որ Ձեզ գրեմ եւ խնդրեմ իրեն մի քիչ փող ուղարկել, ինչը կարելի է անել Կոստանդնուպոլսում ամերիկյան դեսպանատան եւ դրա հյուպատոսարանի միջոցով՝ հեռագրով։

Հարգանքով՝
     Ջ. Բ. Ջեքսոն, հյուպատոս»

Ջեքսոնի միջամտության շնորհիվ Նաֆինան հնարավորություն ստացավ կապ հաստատելու իր հանգուցյալ ամուսնու հարազատների՝ Բասմաջյանների հետ, որոնք բնակվում էին Միացյալ Նահանգներում։ Շուտով Նյու Ջերսիում ապրող նրա եղբորից (հորական կողմից) ՝ Թովմաս Շեքերլեմեջյանից փող ստացվեց, ինչը Նաֆինային թույլ տվեց գոյատեւել վատագույն պայմաններում։ Թեպետ 1920թ. գարնանից անձնագիր ձեռք բերելը դժվարացել էր, նա սկսեց ծրագրել Ամերիկա իր մեկնումը։ Թովմասին ուղարկված նամակում Նաֆինան գրել է. «Խնդիրս շատ բարդ է, քանի որ մինչեւ ուշ գիշեր ստիպված եմ դեսուդեն գնալ անձնագիր ստանալու համար։ Ուր գնում եմ՝ միայն փող են ուզում։ Առաջ շատ հեշտ էր անձնագիր ստանալը, բայց հիմա ես ամենամեծ բարդությունների եմ բախվում ու դեռ չգիտեմ՝ կկարողանա՞մ վեր կենալ գնալ։ Սահմանների փակվելուց հետո ամեն տեղ վախ է։ Միայն Բեյրութի ճանապարհն է դեռեւս բաց, եւ անգամ դա կասկածելի է» ։

Ծանր աշխատանքի եւ երկաթյա կամքի շնորհիվ Նաֆինան ժամանում է Ամերիկա, որտեղ, վերջապես, բարօրության է հասնում եւ ստեղծում հայկական սփյուռքի ամենաականավոր ընտանիքներից մեկը։

«Ինձ համար տատիս պարգեւն անգնահատելի է։ Նախ, հակառակ ամենի՝ նա մեզ հասցրեց այստեղ։ Հետո, ինձ համար՝ որպես գրողի, նրա փոխանցածը առանցքային է եղել իմ կյանքում, - ասում է Բալաքյանը, - նա ինձ փոխանցել է իր հետցնցումային մտքի ու փորձառության ողջ գունապնակը, ժողովրդական հեքիաթների, երազների ու ծածկագրված խորհրդանիշների միջոցով փոխանցել է վերապրումի իր փորձառությունը: Եվ նրա անվերապահ սերը եղել է իմ կյանքի հենքը։ Բայց առանց օգնության եւ ինչ-որ առումով՝ հաջողության, նա այդ ամենին հասած չէր լինի» ։

ԱՄՆ հյուպատոս Ջեսսի Ջեքսոնի մարդասիրությունը բացառիկ նշանակություն է ունեցել տատիս փրկության հարցում։ «Նրա միջնորդությամբ է հնարավոր դարձել տատիս ուղին դեպի Արեւմուտք՝ Ամերիկա։ Սա ցույց է տալիս, որ կողմնակի անձինք կարող են էապես նպաստել դրական փոփոխությանը, որ կյանքեր են փրկում իրենց բարոյական բնազդներով առաջնորդվող անհատները», – ասում է Բալաքյանը։

Հիմա՝ 100 տարի անց, երբ ռումբերն անձրեւի պես թափվում են Հալեպի վրա՝ կործանելով Սիրիայի երբեմնի 150 հազարանոց ծաղկուն հայ համայնքը, ինչպես եւ մնացյալ Սիրիան, կարեւոր է հիշել, որ 1915-1923թթ. Հալեպը մեկ այլ արհավիրքի թատերաբեմ է եղել։ Եվ թերեւս հենց հիմա տեղին է հիշել բոլոր այն խիզախ մարդկանց, որոնք օգնեցին հայության մի ամբողջ սերնդի վերապրել ցեղասպանությունն ու պահպանել Արեւմտյան Հայաստանի մի բեկորը՝ իր 2.500 տարեկան մշակույթով։ Բարոյականության այս ոգին էր, որ 1915թ. փրկեց Նաֆինա Շեքերլեմեջյանին։ Այդ նույն ոգու կարիքն է զգացվում այսօր՝ առավել, քան երբեւէ։

«Մերոնք» Փիթեր Բալաքյան-«Meronq» Peter Balakyan-Петр Балакян Հայկական աշխարհագրական ասոցիացիա
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1728 | 0 | 0
Facebook