Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի հետևանք ամոթալի կապիտուլյացիայի՝ Փարիզում տեղի է ունեցել պատմության մեջ առաջին պրոլետարական հեղափոխությունը

17:39, կիրակի, 13 հունիսի, 2021 թ.
Ի հետևանք ամոթալի կապիտուլյացիայի՝ Փարիզում տեղի է ունեցել պատմության մեջ առաջին պրոլետարական հեղափոխությունը

Կառավարության գլուխ է ընտրվել «Կարգուկանոնի կուսակցության» առաջնորդ Թիերը, որին Կ. Մարքսն այսպես է բնութագրել. «Թիերը հավատարիմ է եղել միայն հարստության նկատմամբ իր անհագ ծարավին և՝ ատելությանը այդ հարստությունը ստեղծող մարդկանց նկատմամբ»:

Թիերի կառավարությունը նախապատրաստվել է ջախջախել հեղափոխական ուժերին ամբողջ Ֆրանսիայում և ամեն գնով հաշտության պայմանագիր ստորագրել պրուսների հետ: Փետրվարի 28-ին ստորագրվում է նախնական հաշտություն, որի համաձայն Ֆրանսիայից անջատվելու էին հումքային ռեսուրսներով հարուստ և ռազմավարական առումով շատ կարևոր Էլզասը և Լոթարինգիան: Ֆրանսիան պարտավորվում էր կարճ ժամանակամիջոցում Գերմանիային վճարել հինգ միլիարդ ֆրանկ ռազմատուգանք: Գերմանական զորքերն իրավունք էին ստանում օկուպացնել Փարիզը: Թիերի նենգ ծրագիրը հայտնի է դառնում ազգային գվարդիայի ղեկավարությանը: Երբ պրուսական զորքերը մարտի 1-ին մտնում են Փարիզ, քաղաքի 20 օկրուգների Կենտկոմի և ազգային գվարդիայի Կենտկոմի կոչով փարիզցիները ձեռնպահ են մնում գերմանացիների հետ բախումից: Քաղաքի ամբողջ բնակչությունը թաքնվում է տներում: Փարիզում կյանքը միանգամից մահանում է, փողոցներն ամայանում են, խանութները՝ փակվում: Ֆրանսիայի կառավարությունը հույս է ունեցել, թե ազգային գվարդիան և հեղափոխական ուժերը գերմանացիների հետ կբախվեն ու կջախջախվեն: Բայց նրա հուսը չի արդարացել: Գերմանական զորքերը, հանդիպելով փարիզցիների համր, բայց միակամ դիմադրությանը, Ազգային ժողովի կողմից նախնական խաղաղության պայմանագիրը ռատիֆիկացնելուց հետո, մարտի 3-ին հեռանում են Փարիզից՝ դիրքեր զբաղեցնելով քաղաքի արևելյան ծայրամասում:

Սկսվել է հեղափոխական Փարիզի նոր պաշարումը, բայց այս անգամ ոչ միայն գերմանական, այլև՝ Թիերին հավատարիմ զորքերի կողմից: Մարտի 10-ին Թիերի կառավարությունն ու Ազգային ժողովը Բորդոյից տեղափոխվել են Վերսալ և այդտեղից, Պրուսիայի աջակցությամբ, սկսել են քաղաքացիական պատերազմ հանրապետության դեմ: Հեղափոխական Փարիզը միակ լուրջ խոչընդոտն էր վերսալցիների դավադրության դեմ, այդ իսկ պատճառով Փարզի բնակչության զինաթափումը Թիերի գլխավոր խնդիրն է եղել: Դեռևս փետրվարի 15-ին կառավարությունը հրամանագիր էր արձակել, որով ազգային գվարդիային տրվող ռոճիկը վերացվում էր: Թիերը հույս է ունեցել, թե ռոճիկից զրկված գվարդիականները կլքեն գումարտակները: Բայց հակառակն է տեղի ունեցել. մարտի սկզբին վերջնականապես ձևավորվել է ազգային գվարդիայի Կենտրոնական կոմիտեն:

Թիերի կառավարությունը հրաժարվել է հետաձգել փարիզցիների բնակարանային վարձերի մուծումը, որի հետևանքով հսկայական զանգվածների գլխին տներից վտարվելու սպառնալիքն է կախվել: Մարտի սկզբին դեկրետ է հրապարակվել, որը պահանջվել է երկու օրում մարել բոլոր մուրհակները: Դրա հետևանքով բազմաթիվ մանր ու միջին ձեռնարկություններ սնանկացել են ու փակվել: Կառավարությունն արգելել է նաև ընդդիմադիր թերթերի տպագրությունը, և սկսվել է հեղափոխական գործիչների ձերբակալությունը: Շուտով կառավարությունը զորքեր է մոտեցրել մայրաքաղաքին, իսկ մարտի կեսերին Ազգային ժողովը որոշել է զինաթափել ազգային գվարդիան:

1871 թվականի մարտի 17-ի ուշ գիշերին Փարիզի բանվորական թաղամասերի խորքում՝ Բաֆրուա փողոցի վրա գտնվող դպրոցում, նիստ է գումարել ազգային գվարդիայի Կենտրոնական կոմիտեն: Նիստը նվիրված էր ազգային գվարդիայի Կենտրոնական կոմիտեի վերընտրված անդամների լիազորությունների ստուգմանը: Սրահում տիրել է հանգիստ, գործնական մթնոլորտ: Այդ նույն ժամին Ֆրանսիայի ռազմական նախարարի աշխատասենյակում տեղի է ունեցել խորհրդակցություն, որում քննարկվել է վաղուց ծրագրված հակահեղափոխական հեղաշրջման մանրամասները՝ ազգային գվարդիայի զինաթափում, բանվոր դասակարգի ղեկավար գործիչների և առաջին հերթին Առաջին Ինտերնացիոնալի անդամների ձերբակալություն: Դիվիզիաների հրամանատարներին, Փարիզի ոստիկանապետին ու քաղաքապետին տրվել են վերջին հանձնարարականները:

Մարտի 18-ի կեսգիշերին, երբ ազգային գվարդիայի Կենտրոնական կոմիտեի անդամներն արդեն իրենց տներն էին գնում, ռազմական նախարար Լեֆլոյի կարգադրությամբ զորանոցների բակերում զորագնդեր են շարվել: Դրանց հրամանատարներին կարգադրվել է գրավել ազգային գվարդիայի բոլոր հենակետերը՝ առաջին հերթին Մոնմարտրի և Բելվիլի բարձունքները, որտեղ կենտրոնացված էր ազգային գվարդիայի հրետանին: Միևնույն ժամանակ ոստիկանության և ժանդարմերիայի ջոկատները պիտի ձերբակալեին ազգային գվարդիայի գումարտակների հրամանատարներին, ազգային գվարդիայի Կենտկամի անդամներին, Փարիզի 20 օկրուգների Կենտկոմի անդամներին և Առաջին Ինտերնացիոնալի անդամներին, որոնց ցուցակները ոստիկանությունը նախօրոք կազմել էր: Սկզբում թվացել է, թե Թիերի ծրագիրը իդեալականորեն իրականացվելու է: Փարիզը քնած էր, և փողոց հանված զորքերը ոչ մի խոչընդոտի չէին հանդիպում: Մարտի 18-ի առավոտյան ժամը 5-ին վերսալյան առաջատար զորախմբերը հասել են Մոնմարտրի և Բելվիլի բարձունքներին:

Բայց հենց որ զորքերն ընդհուպ մոտեցել են թնդանոթներն հսկող պահակախմբին ու հնչել են առաջին կրակոցները, Մոնմարտրի բարձունքներ են շտապել ազգային գվարդիականներն ու փարիզցիները: Գաղտնի գործողության հրամանատարը շտապեցրել է սպաներին ու զինվորներին, որ բարձունքներից առագ հեռացնեն թնդանոթները: Բայց հենց այստեղ էլ տեղի է ունեցել այն, ինչը հաշվի չէին առել իշխանությունները: 88-րդ գնդի զինվորները եղբայրացել են ժողովրդի հետ: Զինվորներին հնազանդեցնել փորձող գեներալին իր իսկ զինվորները բռնում են ու գնդակահարում: Նրա հետ միասին գնդակահարվում է նաև մյուս գեներալը՝ Կլեման Տոման:

Մարտի 18-ի առավոտյան ժամը 6-ին Մոնմարտրի երկու եկեղեցիների զանգերը խփել են: Փարիզի ամբողջ աշխատավորությունը ոտքի է ելել: Զայրացած բանվորներն ու արհեստավորները, ազգային գվարդիայի հրամանատարների ղեկավարությամբ, հարձակման են անցել: Նույն օրվա երեկոյան գրոհով գրավվել է Փարիզի քաղաքապետարանը: Մեկ քաղաքի սահմաններում պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել պրոլետարական հեղափոխություն:

Մարտի 18-ի ցերեկվա ժամը մեկին Թիերն իր բարոյալքված զորքերին կարգադրել է հետ քաշվել մինչև Վերսալ:

Նկարում՝ Փարիզի Բլանշ հրապարակը պաշտպանող կանայք:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1472 | 0 | 0
Facebook