Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Թո՛ղ ամեն տուն զինվոր տա…թո՛ղ յուրաքանչյուր քաղաք բանակ դառնա…Պատերազմ ենք մղելու գիշեր ու ցերեկ… լեռներում, հարթավայրերում ու անտառներում…Մի՛ թողեք, որ թշնամին շունչ առնի: Ի՛ մարտ հանուն Հայրենիքի»

14:53, ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ.
«Թո՛ղ ամեն տուն զինվոր տա…թո՛ղ յուրաքանչյուր քաղաք բանակ դառնա…Պատերազմ ենք մղելու գիշեր ու ցերեկ… լեռներում, հարթավայրերում ու անտառներում…Մի՛ թողեք, որ թշնամին շունչ առնի: Ի՛ մարտ հանուն Հայրենիքի»

Սեդանյան կործանումը Նապոլեոն 3-րդի կայսրությանը հասցված վերջին հարվածը եղավ, որը մինչև այդ պարտությունն էլ մահացման եզրին էր: Երկրորդ կայսրությունը, ինչպես ստվարաթղթե տնակ, փլուզվեց:

Սեդանի մոտ պարտության ու կայսրի գերվելու լուրը 1870 թվականի սեպտեմբերի 4-ին ապստամբության մղեցին Փարիզի բանվորներին և քաղաքային մանրբուրժուական զանգվածներին: Սկսվեց հեղափոխություն: Օգտվելով բանվորների թույլ կազմակերպվածությունից, տգիտությունից ու անգրագիտությունից, նախկինում Նապոլեոնին ընդդիմադիր բուրժուական հանրապետականները շտապեցի Փարիզի քաղաքապետարան, որի մոտ արդեն հավաքվել էին հազարավոր բանվորներ ու արհեստավորներ:
    
Բանվորներին, անգրագետ կամ հազիվ տառաճանաչ զանգվածին խաբելու համար բուրժուազիան ներկայացնող հանրապետականները վաղօրոք կազմված կառավարության կազմում ընդգրկեցին այդ ժամանակ հասարակ մարդկանց շրջանում ժողովրդականություն վայելող լրագրող Անրի Ռոշֆորին, որը Նապոլեոն 3-րդի կառավարությանն անխնա քննադատել էր: Հանրահավաքում Ֆրանսիան հանրապետություն է հռչակվում: Կառավարության կազմում ընդգրկվում են Ժյուլ Ֆավրը (արտաքին գործերի նախարար), Լեոն Գամբետան (ներքին գործերի նախարար), գեներալ Լեֆլոն (ռազմական նախարար): Կառավարությունը գլխավորում է Փարիզի նախկին նահանգապետը՝ գեներալ Տրոշյուն:

1870 թվականի սեպտեմբերի 4-ի հեղափոխությունը, ըստ այն ժամանակվա կոմունիստների, փոխել է ֆրանս-պրուսական պատերազմի բնույթը: Կ. Մարքսը Ինտերնացիոնալի անունից երկրորդ կոչն է հղել ամբողջ աշխարհի բանվորներին: Դրանում ասվում էր, թե Ֆրանսիայում բոնապարտիստական վարչակազմի անկումից ու հանրապետության վերականգնումից հետո Ֆրանսիան այլևս չի խոչընդոտում Գերմանիայի միավորմանը: Բացի այդ, սեդանյան ջախջախիչ պարտությունից և պրուսական զորքերի Ֆրանսիայի խորքը ներխուժելուց հետո այն վերածվել է զավթողական պատերազմի Գերմանիայի կողմից, որը ձգտում է Ֆրանսիայից խլել Էլզասն ու Լոթարինգիան: Հետևաբար, պատերազմը Ֆրանսիայի համար վերածվել է պաշտպանականի, իսկ Գերմանիայի համար՝ զավթողականի:

Սեդանի ճակատամարտում հաղթելուց հետո պրուսները շարժվում են դեպի Փարիզ: Ազգային պաշտպանության կառավարությունը շտապ նոր բանակ է կազմավորում, բայց այն դեռևս ի զորու չէր կռվել առավել ուժեղ թշնամու դեմ: Քաղաքը պաշտպանելու գործն իր վրա է վերցնում Նապոլեոն 3-րդի ժամանակ կազմավորված ազգային գվարդիան: Կառավարությունն ազգային գվարդիան համալրում է Փարիզի բանվորներից, արհեստավորներից, ինտելիգենցիայից կազմավորված 200 նոր գումարտակներով: Հոկտեմբերի սկզբին ազգային գվարդիան արդեն 250 հազար մարտիկ ուներ: Իշխող բուրժուազին ստիպված էր զինել ժողովրդին, իսկ դա նշանակում էր զինել հեղափոխությունը: Երբ գերմանացիները մոտեցան Փարիզին և սեպտեմբերի 19-ին պաշարեցին այն, ազգային գվարդիայի գումարտակները մեկ մարդու նման կանգնեցին հարազատ քաղաքի պաշտպանության դիրքերում: Մինչդեռ բուժուազիան, վախենալով զինված ժողովրդից, պատրաստ էր հանձնել Փարիզը և ցանկացած պայմանով հաշտություն կնքել գերմանացիների հետ:

Կառավարությունում Լեոն Գամբետան հանդես է գալիս Ֆրանսիայի ակտիվ պաշտպանության և դիմադրության կազմակերպման կոչով: Նոյեմբերի 7-ին «Արման Բարբես» օդապարիկով Գամբետան պաշարված Փարիզից թռչում է Տուր քաղաք, որպեսզի ֆրանսիացիներին հանի զինված պայքարի: Մեկ ամսում նրան հաջողվում է ստեղծել նոր բանակ, որը ստանում է «Լուարայի բանակ» անունը: Այս նորաստեղծ բանակը սկսում է հաջողությամբ գործել: Ֆրանսիացիները կռվում են ապշեցուցիչ խիզախությամբ՝ զարմացնելով նույնիսկ իրենց թշնամիներին: Լուարայի բանակը հարձակում է նախաձեռնում և նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ճակատամարտից հետո գրավում է Օռլեան քաղաքը: Լուարայի բանակի մի մասից կազմվում է «Արևելյան բանակ», որի հրամանատար է նշանակվում գեներալ Բուրբակին: Նրան հանձնարարվում է օգնել պաշարված Բելֆոր ամրոցին, որը հերոսաբար դիմանում էր թշնամւ պաշարմանն ու գրոհներին: Փարիզի պաշտպանները ևս հաստատակամորեն դիմագրավում էին թշնամուն:

Շուտով հայրենասիրությամբ է համակվում ամբողջ Ֆրանսիան: Նրա լավագույն զավակները՝ Օգյուստ Բլանկին և Վիկտոր Հյուգոն բոցաշունչ կոչով են դիմում բնակչությանը: «Թո՛ղ ամեն տուն զինվոր տա…թո՛ղ յուրաքանչյուր քաղաք բանակ դառնա, թո՛ղ գյուղերը եղան բռնեն…Պատերազմ ենք մղելու գիշեր ու ցերեկ, պատերազմ ենք մղելու լեռներում, հարթավայրերում ու անտառներում…Մի՛ թողեք, որ թշնամին շունչ առնի, հանգստանա, քնի…Ի՛ մարտ հանուն Հայրենիքի», - գրել է Վիկտոր Հյուգոն:

Նկարում՝ Նապոլեոն 3-րդը անձնատուր է լինում Վիլհելմ Առաջինին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1840 | 0 | 0
Facebook