Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կապիտուլյանտ կայսրը: «Սպաներից յուրաքանչյուրին տրվել է 60-ական ֆրանկ, որպեսզի նրանք առևտրականներից ռևոլվեր գնեն»

13:19, հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
Կապիտուլյանտ կայսրը: «Սպաներից յուրաքանչյուրին տրվել է 60-ական ֆրանկ, որպեսզի նրանք առևտրականներից ռևոլվեր գնեն»

Երբ սկսվեց պատերազմը Ֆրանսիայի ու Պրուսիայի միջև, Կարլ Մարքսն Ինտերնացիոնալի անունից կոչով դիմեց բոլոր երկրների բանվորներին: Այդ կոչում նա նշել էր, թե այդ պատերազմը Գերմանիայի կողմից պաշտպանողական պատերազմ է և որ գերմանացի բանվորների գլխավոր խնդիրը պետք է լինի՝ թույլ չտալ, որ այն վերածվի թալանչիական, նվաճողական պատերազմի: «Եթե գերմանացի բանվոր դասակարգը, - գրել է Մարքսը, - թույլ տա, որ տվյալ պատերազմը կորցնի իր զուտ պաշտպանական բնույթը և վերածվի ֆրանսիական ժողովրդի դեմ պատերազմի, այդժամ և՛ հաղթանակը, և՛ պարտությունը կլինեն միատեսակ կործանարար»:

Սկսելով պատերազմը՝ Նապոլեոն 3-րդ վատ էր հաշվել իր երկրի ներուժը: «Մենք պատրաստ ենք, մենք լիովին պատրաստ ենք», - վստահեցրել էր Ֆրանսիայի ռազմական նախարարը Օրենսդիր ժողովի անդամներին: Դա ընդամենը սին պարծենկոտություն էր: Ամենուրեք տիրել է անկարգապահությունն ու խառնաշփոթը: Բանակը չի ունեցել ընդհանուր ղեկավարություն: Չի եղել պատերազմի վարման ոչ մի հստակ ծրագիր: Ոչ միայն զինվորները, այլև սպաները ամենաանհրաժեշտի կարիք են ունեցել: Սպաներից յուրաքանչյուրին տրվել է 60-ական ֆրանկ, որպեսզի նրանք առևտրականներից ռևոլվեր գնեն: Նույնիսկ Ֆրանսիայի տարածքում ռազմական գործողությունների թատերաբեմի քարտեզներ չեն եղել, քանի որ ենթադրվել է, թե պատերազմը Պրուսիայի տարածքում է մղվելու:

Պատերազմի առաջին իսկ օրերից ակնհայտ է դարձել Պրուսիայի ճնշող գերազանցությունը: Ֆրանսիացիներն իրենց հակառակորդին զիջել են զորքերի մոբիլիզացիայի և սահմանամերձ շրջաններում կենտրոնացնելու գործում: Պրուսական բանակը թվաքանակով գրեթե կրկնակի գերազանցել է ֆրանսաիական բանակին: Պրուսական բանակի հրամանատարությունը հետևողականորեն իրականացրել է ավելի վաղ մշակված մարտական գործողությունների ծրագիրը: Չնայած ֆրանսիացի զինվորների ցուցաբերած խիզախությանը՝ ֆրանսիական դիվիզիաներն իրար հետևից պարտություններ են կրել: Պրուսներին հաջողվել է միանգամից երկու մասի բաժանել ֆրանսիական բանակը: Բաժանված մասերից մեկը՝ մարշալ Բեզենի հրամանատարությամբ, մղվել է Մեց ամրոցի կողմը և այնտեղ պաշարվել, մյուս մասը՝ մարշալ Մակ Մագոնի և անձամբ կայսրի հրամանատարությամբ, պրուսական բանակի ճնշմամբ նահանջել է դեպի Սեդան, որտեղ սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած ճակատամարտը որոշել է պատերազմի ելքը: Սեդանի ճակատամարտում զոհվել է երեք հազար ֆրանսիացի զինվոր: Պրուսական բանակը ջախջախել է ֆրանսիացիներին: Նապոլեոն 3-րդը կապիտուլյացիայի էենթարկվել: Մակ Մագոն 80-հազարանոց բանակն ու ինքը՝ Նապոլեոն 3-րդը, գերի են հանձնվել: Հանձնվելուց հետո կայսրն ասել է, թե անձնատուր է եղել այն բանիվ հետո, երբ «չի հաջողել մահ գտնել»: Ասել է, թե՝ ձև է թափել, թե փորձել է զոհվել կամ ինքնասպանություն գործել, բայց արժանապատվությունից զուրկ բոլոր մարդիկ էլ մոտավորապես նույն կերպ են արդարանում, այնպես որ ոչ ոք չի հավատացել նրա անկեղծությանը:

Սեպտեմբերի 2-ին նա մեկնել է Վիլհելմհյոգե ամրոց, որը Պրուսիայի կայսրը հատկացրել էր նրան ժամանակավորապես բնակվելու համար: Ավելի ուշ, հաշտության պայմանագիր կնքելուց հետո, Նապոլեոն 3-րդն ազատվել է գերությունից ու մեկնել է Անգլիա, որտեղ բողոքի նոտա է հրապարակել Ֆրանսիայում իրեն գահընկեց անելու դեմ: Երկու տարի անց նրա երիկամներում քար է գոյացել: Այն մանրատելու համար վիրահատություն է կատարվել, բայց վիրահատությունից հետո Ֆրանսիայի այս անփառունակ կայսրը մահացել է: Մահացել է ոչ թե վիրահատությունից, այլ միզարյունությունից (ուրեմիա): Դա տեղի է ունեցել 1873 թվականի հունվարի 9-ին: Մահանալուց առաջ զառանցելիս նա ասել է. «Մենք, ախր, չ՛վախեցանք, այն ժամանակ մենք Սեդանում չվախեցա՞նք»:

(շարունակելի)
     Նկարում՝ Նապոլեոն 3-րդը՝ Վիլհելմ Առաջինին գերի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1813 | 0 | 0
Facebook