Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ազգային գրադարանի մասնագետները վերականգնեցին Անդրանիկ Օզանյանին պատկանող Աստվածաշունչ մատյանը

15:07, չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
Ազգային գրադարանի մասնագետները վերականգնեցին Անդրանիկ Օզանյանին պատկանող Աստվածաշունչ մատյանը
    
Հայաստանի ազգային գրադարանի Տպագիր արտադրանքի վերականգնման բաժնի մասնագետն այսօր ավարտեց Անդրանիկ Օզանյանին պատկանող Աստվածաշունչ մատյանի վերականգնման աշխատանքները։
Գիրքը, որը ժամանակավոր ցուցադրության էր ներկայացված Գրատպության թանգարանում, գտնվում էր բավական անխնամ վիճակում. Էջերը պատառոտված էին, կազմը՝ քայքայված, իսկ մեջքն արդեն հնարավոր չէր վերականգնել։ Աստվածաշունչը որպես սուրբ մասունք, երկար տարիներ պահպանվել է փակ պահոցում։ Վերականգնումից հետո գրքի կյանքը տասնյակ տարիներով երկարեց։ Մշակվել և ախտահանվել են գրքի բոլոր էջերը, հնարավորինս վերականգնվել է գրքի կազմի նախնական տեսքը, մեջքը փոխվել է ամբողջությամբ։
Հունական բնագրից թարգմանված Պոլսի Ա.Յակոբ Պօյաճեան տպարանում 1907թվականին տպագրված «ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՑ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ» գիրքը Անդրանիկը 1926թ. նվիրել է իր սանիկին՝ ծննդյան օրվա առթիվ: Ավետարանի վրա ընտանիքի կնքահայրը մակագրություն է թողել: Զորավարի մակագրությունը, սակայն, ժամանակին թաքցրել են։ Այդ էջի վրա թուղթ են սոսնձել, որը մինչ օրս բացել չեն կարողանում: Կտակարանը 2012թ.-ին թանգարանին է նվիրաբերել ընտանիքի հետնորդներից մեկը՝ մակագրությամբ։
«Գիրքը սիրով նվիրում եմ Անդրանիկ փաշաի տուն թանգարանին Սիմոն բենիամինի Կարապետյան 20-06-2012թ. Լոս Անճելոս։ Այս գիրքը Արուսյակ Բորանյան (Քարտաշյանին) է նվիրել Անդրանիկ Օզանյանը՝ Սանդուխտ /Քլարես/ Բորանյանի ծննդյան առթիվ 07-11-1926թ. որ է իմ մայրիկիս՝ Սանդուխտ Ենովաի Կարապետյանի /Խանոյանի/ մորաքրոջ աղջիկը...»
Տպագիր արտադրանքի վերականգնման բաժինը զբաղվում է տպագիր արտադրանքի խնամքի, պահպանման, վերականգնման խնդիրներով: Բաժինը հետևում է օդի ջերմային և խոնավության ռեժիմներին` որոնք անհրաժեշտ են ֆոնդերը արդյունավետ պահպանելու համար: Բաժինը հսկողություն է իրականացնում գրապահոցում պահպանվող ֆոնդերի նկատմամբ, հայտնաբերում է «հիվանդ» տպագիր միավորներ և զբաղվում դրանց բուժմամբ և ախտահանմամբ: Ախտահանումը կատարվում է հատուկ պատրաստված խցիկում, օգտագործելով համապատասխան նյութեր, որոնք ոչնչացնում են գիրքը վնասող մանրէները: Բաժնի հիմնական խնդիրներից է նաև տպագիր արտադրանքի վերկանգնումը: Հայտնաբերված քայքայված, վնասված միավորները մշակվում և վերականգնվում են հատուկ թղթերով ու նյութերով, որոնք նախատեսված են գրքի վերկանգնման համար: Առանձնակի մոտեցում է ցուցաբերում հնատիպ գրականության վերականգնումը (հազվագյուտ գրքեր, թերթեր, հին քարտեզներ, արժեքավոր լուսանկարներ, հմայիլներ և այլն): Հնատիպ միավորների մեծ մասը կաշեկազմ են: Այս միավորները և բոլոր կաշեկազմերը, անցնելով վերը նշված պրոցեսներով, ենթարկվում են կազմերի մշակման ինչը ապահովում է կաշեկազմի երկարակեցությունը:
Վերականգնումից առաջ
Վերականգնումից առաջ
Վերականգնումից հետո
Վերականգնումից հետո
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2281 | 0 | 0
Facebook