Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հունիսի, 2021 թ.

Հոդվածներ

Թուլուզ Լոտրեկ. «Նկարչությունը քաքի նման է, այն հոտ ունի, բայց անբացատրելի է»

22:26, հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
Թուլուզ Լոտրեկ. «Նկարչությունը քաքի նման է, այն հոտ ունի, բայց անբացատրելի է»

1889-ից 1892 թվականներին նկարիչը վրձնում է նկարների շարք, որոնցում տարբեր կողմերից դիտարկել է մոնմանրտրյան կաբարեների կյանքը: «Դուք ոչինչ չգիտեք և երբեք չեք իմանա: Դուք գիտեք ու ճանաչելու եք միայն այն, ինչը ձեզ կցանկանան ցուցադրել», - ասել է Լոտրեկը: Նա ցույց է տվել իրականության առանձին բեկորներ՝ ընդգծելով պատկերի վավերականությունը: Մեր առջև պարող զույգերն են և անտարբեր անցնող հանդիսատեսը, սրճարանների մշտական հաճախորդները և նշանավոր պարուհի Լա Գուլյուն իր պարընկերոջ՝ «Անոսկոր» մականունով Վալենտին Դեսոսի հետ: Նկարչի «օբյեկտիվում» լուռ երկխոսություն է՝ սիրային գործարք սեղանի մոտ նստած տղամարդու և պարասրահի աղջկա միջև: Մյուս նկարում մենք տեսնում ենք մարմնավաճառուհուն, որը սևեռուն նայում է կոպիտ դիմագծերով տարեց տղամարդուն, որն այնքան է խորասուզված իրեն տանջող խնդիրների մեջ, որ մարմնավաճառուհու հայացքը չի նկատում: Լոտրեկը մերթ սեղմում, մերթ՝ ընդլայնում է տարածությունը, մոտեցնում ու հեռացնում է առարկաները: Կյանքի կոպիտ պրոզան արտացոլելու ջանքն անխզելի է ոչ միայն պերսոնաժների նկատմամբ կարեկցանքից, այլև կեցության ցնորականությունից, որն առանձնակի ուժով դրսևորվել է կաբարեի թատերականացված իրավիճակում (ճիշտ այնպես, ինչպես թատրոնում և կրկեսում, որոնց կերպարներին Թուլուզ Լոտրեկն անդրադարձել է իր ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում): Այս առումով բնութագրական է «Մուլեն ռուժում» կտավը (1892 թ.): Մեր դիմաց կաբարեի մի մասն է՝ պարասրահից ճաղաշարքով բաժանված: Անկյունագծային դինամիկ կառուցվածքները կարծես կոմպոզիցիան կտավի սահմաններից դուրս են հանում, միևնույն ժամանակ հակադարձ հեռանկարի տարրերը դրանք շրջում են հանդիասատեսի կողմը. պատկերվող միջավայրը ներկայացնելու այս ձևին նկարիչը այս կամ այն չափով դիմել է իր գրեթե բոլոր ստեղծագործություններում: Նկարչի՝ սեղանի շուրջ նստած ընկերախումբը (նկարիչներ, քննադատներ և դերասանուհիներ) երկրորդ պլան է մղված, իսկ առաջին պլանում, ասես ժամանակից ու տարածությունից դուրս, շրջանակով կտրված աղջկա ուրվանկարն է՝ դիմակ դեմքով՝ երանգավորված գազալամպի ցոլքերով:

Մարմինների անսովոր դիրքերը, գունային ու լուսային հակադրություններն այստեղ ենթարկված են կաբարեի ու գիշերային Մոնմարտրի տարերքը փոխանցելու նպատակին: Եթե «Մուլեն ռուժ» -ում պարուհի Լա Գուլյուն պատկերված է հետին պլանում, ապա 90-ականների մի շարք նկարներում Լոտրեկը կաբարեի «աստղերին» խոշոր պլանով է ներկայացնում՝ նրանց չկտրելով, սակայն, «իրենց բնական միջավայրից»: Այդպիսին է, օրինակ, այն կտավը, որում Լա Գուլյուն կաբարե է մտնում քրոջը և երիտասարդ սկսնակին թևանցուկ («Մուլեն ռուժ» մտնող Լա Գուլյուն, 1892թ.): Պարուհին շատ բաց է հագնված, որը նախշազարդված է երկնագույն և կանաչ երանգներով և որը կոնտրաստի մեջ է երկու ուրիշ կանանց հագուստների գորշ, սև ու կարմիր երանգների հետ: Լա Գուլյուի մարմնի կտրուկ ճկման, դեմքի արտահայտության մեջ գռեհկության և արտիստականության, ամբարտավանության ու դառնության խառնուրդն է դաջված:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
275 | 0 | 0
Facebook
COMMENT.am