Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՈՐՏԵ՞Ղ Է ԱՎԱՐՏՎՈՒՄ ՀԵՔԻԱԹԸ

18:38, կիրակի, 30 մայիսի, 2021 թ.
ՈՐՏԵ՞Ղ Է ԱՎԱՐՏՎՈՒՄ ՀԵՔԻԱԹԸ

Նախ ասենք, թե ինչպես է սկսվում։

Մի խաչակիր պետություն հրապարակում է հրովարտակ․

«Ես․․․ (և այլն, և այլն) ստեղծում եմ մի նոր կազմակերպություն, և ուզում, որ դուք՝ հարգելի՛ բարեկամ երկրներ, եղբա՛յր ժողովուրդներ, դառնաք իմ այդ կազմակերպության անդամ։

Ով միանա դրան, կլինի ապահով, կդառնա իմ զինակիցը, դաշնակիցը, եղբայրը․․․» ։

Ոչ խաչակիր մի պետություն դեմքը խոժոռում է․

– Չէ՛։

Մեկ այլ խաչակիր պետության թվում է, թե իր ժամը եկավ, իր աստղը շողաց։ Ցանկանում է ապացուցել, որ ինքը իսկապես հավատարիմ բարեկամ է, և իսկույն ասում է․

– Հա՛։

Նրա տրամաբանությունը պարզ էր․ հարկ եղած դեպքում էլ ո՞ւմ շահերը պիտի պաշտպաներ դաշնակիցը, եթե ոչ հավատարիմ բարեկամի։ Առավել ևս, որ խոսքը նաև զենք ու զրահով համագործակցության մասին էր։

Եվ այս երկիրը ցնծում է․ թշնամին իր բարեկամի դաշնակիցն ու կազմակերպության անդամը չէ, իսկ ինքը․․․

Իսկ ինքը՝ հիմա արդեն ոչ միայն բերեկամ, այլև եղբա՜յր․․․

Բայց քանի որ մեծ պետության միտքն ի սկզբանե ծուռ էր, ուզում էր իր այդ կազմակերպության մեջ անպայման տեսնել նաև մյուս երկրին։

Եվ այստեղ նա հիշում է աստվածաշնչյան հայտնի պատգամը․ թողնում է իր «հոտի» հավատարիմ անդամին և գնում «մոլորված գառնուկի» հետևից․․․

– Նայի՛ր, – ասում է «մոլորվածին», – տեսնո՞ւմ ես այն արոտները։

«Մոլորվածն» իսկույն հասկանում է, թե խոսքն ուր է գնալու, և անմիջապես ասում է․

– Հա՛։

«Արդարադատ» հովիվը շարունակում է․

– Մտի՛ր «հոտիս» մեջ, և դրանք իմ հավատարիմ բարեկամից կխլեմ, կտամ քեզ։

Այս մասին իմանալով՝ հավատարիմ բարեկամն ասում է․

– Բայց ախր դրանք իմ․․․

Սակայն քանի որ նա այժմ «հոտի» անդամ էր, հովիվն արդեն տիրոջ իրավունքով սաստում է․

– Ձե՛նդ․․․ Ես հետ պիտի բերեմ իմ «մոլորված գառնուկին» ։

– Բայց ախր ես ես արդեն․․․ Ես առաջինը․․․, – ուզում է հակառակվել հավատարիմ անդամը, սակայն հովիվն ավելի է բարկանում․

– Տեսնո՞ւմ ես այն «մոլորված գառնուկի» գամփռ շներին։

– Տեսնում եմ, – խեղճանում է հավատարիմ անդամը։

– Տեսնո՞ւմ ես այն սարին նստած անկշտում գայլին։

– Տեսնում եմ, – կրկնում է հավատարիմ բարեկամը ու նայում «մոլորված գառնուկին» սիրահարված «եղբոր» աչքերին․․․

Եվ այստեղ ավարտվում է հեքիաթը․․․

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1582 | 0 | 0
Facebook