Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նախընտրել է մեռնել, քան հայրենիքի դավաճան դառնալ

12:18, հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
Նախընտրել է մեռնել, քան հայրենիքի դավաճան դառնալ

1943 թվականի ապրիլի 14-ին «Զակսենհաուզեն» համակենտրոնացման ճամբարում մահացել է ռազմագերի Յակով Ջուղաշվիլին՝ Իոսիֆ Ստալինի ավագ որդին:

Ըստ վարկածներից մեկի՝ նա ինքնասպանություն է գործել՝ նետվելով լարման տակ դրված փշալարային ցանկապատի վրա: Ըստ մեկ այլ վարկածի՝ մինչև փշալարերի վրա ընկնելը նա սպանվել է պահապանի կրակոցից:

Մինչև պատերազմը Յակովը, հոր պահանջով, ավարտել է Հրետանային ակադեմիան և 1941 թվականի մայիսից եղել է հրետանային մարտկոցի հրամանատար: 1941 թվականի հունիսի 27-ից ավագ լեյտենանտ Յակով Ջուղաշվիլին արդեն գործող բանակում էր. եղել է 20-րդ բանակի 7-րդ մեքենայացված կորպուսի 14-րդ տանկային դիվիզիայի 14-րդ հաուբիցային գնդի 6-րդ հրետանային մարտկոցի հրամանատարը: 1941-ի հուլիսի 7-ին Վիտեբսկի մարզի Սեննո բնակավայրի մոտ մղված մարտերին մասնակցելու համար այլ մարտիկների շարքում Յակով Ջուղաշվիլին ներկայացվել է կառավարական պարգևի:

Սակայն 1941 թվականի հուլիսի 11-ին գերմանացները ներխուժել են Վիտեբսկ, և թշնամու շրջափակման օղակում են հայտնվել խորհրդային երեք բանակներ՝ այդ թվում 14-րդ հաուբիցային հրետանային գունդը, որում ծառայել է մարտկոցի հրամանատար Յակովը:

1941 թվականի հուլիսի 17-ի գիշերը շրջափակումից դուրս գալու ժամանակ Լիոզինո քաղաքի մոտ Յակովը կորել է: Համաձայն բրիգադային կոմիսար Ալեքսեյ Ռումյանցևի երեք էջից բաղկացած զեկուցագրի՝ նրա չեն կարողացել գտնել: Շուտով գերմանական քարոզչությունը սկսել է թռուցիկներ տարածել: Այդ թռուցիկներուն տպագրված է եղել գերմանացի սպաների հետ զրուցող սովետական ռազմագերի: Ուղեկցող տեքստում՝ «Իսկ դուք գիտե՞ք, թե ով է սա» հռետորական հարցից հետո հետևյալն է հաղորդվել.

«Սա Յակով Ջուղաշվիլին է, Ստալինի ավագ որդին, 14-րդ զրահատանկային դիվիզիայի 14-րդ հաուբիցային հրետանային գնդի մարտկոցի հրամանատարը, որը հուլիսի 16-ին գերի է հանձնվել Վիտեբսկի մոտ հազարավոր այլ հրամանատարների ու զինվորների հետ: Հետևեք Ստալինի որդու օրինակին, նա ողջ է և առողջ և իրեն հիանալի է զգում»:

Այս քարոզչական թռուցիկի հավաստիությունը միշտ կասկած է հարուցել, որովհետև երկամյա գերությանը ընթացքում Յակովի մասին ոչ մի վավերագրական կինոժապավեն չի նկարահանվել, ոչ մի ձայնագրություն չի կատարվել, որում նա կոչ աներ հանձնվել գերմանացիներին:

Ըստ մարշալ Գեորգի Ժուկովի հիշողությունների՝ մի անգամ զբոսանքի ժամանակ Ստալինն իրեն մտախոհ ասել է.

«Յակովը գերությունից չի կարողանա դուրս գալ: Նրան ֆաշիստները կգնդակահարեն: Մի քիչ լռելուց հետո հավելեց՝ Յակովը կգերադասի ցանկացած մահը, քան հայրենիքին դավաճանելը»:

Գերության մեջ Յակովն իրեն արժանապատվորեն է դրսևորել, ոչ մի սադրանքի չի տրվել. Այդ մասին ավելի ուշ գրել է Ստալինի դուստրը՝ Սվետլանա Ալիլուևան: «Քսան նամակ ընկերոջս» գրքում նա տեղեկացրել է.

«1943-1944 թթ. ձմռանը, Ստալինգրադի ճակատամարտից հետո մեր հազվադեպ հանդիպումներից մեկի ժամանակ, հայրս հանկած ինձ ասաց. «Գերմանացիներն առաջարկել են Յաշային փոխանակել իրենցից որևէ մեկի հետ: Ա՜յդ էր մնացել, որ ես նրանց հետ առևտուր անեմ: Ո՛չ, պատերազմում՝ պատերազմական ձևով» »:

Ի դեպ՝ եղել են նաև մարդիկ, որոնք երբեք չեն հավատացել, թե Յակով Ջուղաշվիլին ընդհանրապես գերված է եղել: Օրինակ՝ Ստալինի որդեգիր Արտյոմ Սերգեևը «Զրույցներ Ստալինի մասի» գրքում պնդել է, թե Յակովը, ամենայն հավանականությամբ, կռվում զոհվել է.

«Ստալինի ավագ որդին՝ Յակովը, ավարտել է Հաղորդակցության ուղիների և երկաթուղային տրանսպորտի ինստիտուտի էլեկտրամեխանիկական ֆակուլտետը, մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրիկ է: Նա նաև ավարտել է հրետանային ակադեմիան: Մեկնել է ռազմաճակատ, կռվել է: Երկար ժամանակ նա համարվել է անհայտ կորած, հետո իբր հայտնվել է գերության մեջ: Բայց չկա որևէ արժանահավատ փաստաթուղթ, որը կվկայի, թե Յակովը գերի է եղել: Հավանաբար, 1941-ի հուլիսի 16-ին նա կռվում սպանվել է: Կարծում եմ, գերմանացիները նրա գրպանում գտել են իր փաստաթղթերը և մեր համապատասխան ծառայությունների հետ այդպաիսի խաղ են կազմակերպել: Այդ ժամանակ ես եղել եմ գերմանական թիկունքում: Մենք տեսել ենք մի թռուցիկ, որում իբր Յակովը գերմանացի սպայի հետ է, և որը նրան հարցաքննում է: Իմ պարտիզանական ջոկատում պրոֆեիոնալ լուսանկարիչ կար: Ես նրան հարցրեցի, թե նա ինչ կարծիքի է այդ լուսանկարի մասին: Նա միանգամից ոչինչ չասաց և միայն մեկ օր անց վստահաբար հայտարարեց, թե դա մոնտաժ է: Եվ հիմա քրեագիտական փորձաքննությունը հաստատում է, որ իբրև թե գերության մեջ գտնվող Յակովի լուսանկարներն ու տեքստը կեղծիքներ են: Իհարկե, եթե Յակովը, ինչպես պնդում են գերմանացիները, գերվել է, ապա նրանք կհոգային, որ վկայություններն արժանահավատ լինեն և ոչ թե ներկայացնեին կասկածելի նյութեր. մի տեղ լուսանկարը լղոզված է, մեկ այլ տեղ թիկունքից է նկարված, ուրիշ լուսանկարում՝ կողքից: Վկաներ, ըստ էության, նույնպես չեն եղել, որովհետև «վկա» կոչեցյալները կա՛մ նրան իմացել են միայն լուսանկարով և գերության մեջ «ճանաչել են», կա՛մ էլ դրա նման անլուրջ վկայություններ: Այդ ժամանակ գերմանացիներն այնպիսի տեխնիկական միջոցներ են ունեցել, որ կարող էին և՛ ֆիլմ նկարել, և՛ լուսանկարել, և՛ ձայնագրել: Դրանցից ոչ մեկն առկա չէ: Այսպիսով, ակնհայտ է, որ Ստալինի ավագ որդին մարտում զոհվել է»:

Ստալինի որդու որոնումը շարունակվել են մինչև հուլիսի 25-ը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1564 | 0 | 0
Facebook