Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չմշկիկի այլ նվաճումների մասին

23:51, շաբաթ, 24 ապրիլի, 2021 թ.
Չմշկիկի այլ նվաճումների մասին

Հաջորդ տարի՝ 975 թվականին Չմշկիկի արշավանքը մահմեդական աշխարհի դեմ վերսկսվել է, բայց այս անգամ՝ նոր ուղղությամբ՝ դեպի Սիրիա և Միջերկրական ծովի ափ (Փյունիկիա և Պաղեստին): Այս արշավանքի մանրամասներն առկա են այն նամակներում, որոնց պատճենները պահպանվել են Մատթեոս Ուռհայեցու ժամանակագրության մեջ: Նախորդ դարի ականավոր բյուզանդագետ Շլումբերժեն արժանահավատ է համարել այդ նամակները: Նա համոզված է եղել, որ Ուռհայեցին ներկայացրել է այն նամակների պատճենները, որոնք պահվել են Անիի դիվանատներում: Հիշյալ նամակներից մեկը հասցեագրված է եղել Բագրատունյաց Աշոտ 4-րդ թագավորին, երկրորդը՝ Տարոնի բյուզանդական զորքերի հրամանատարին, իսկ երրորդը՝ Ղևոնդ Իմաստասեր վարդապետին:

Առաջարկում եմ կարդալ Աշոտ 4-րդին հասցեագրված նամակը. այն հստակ պատկերացում է տալիս, թե ինչպիսի «քաշային կատեգորիաներում» են եղել հայոց թագավորն ու Բյուզանդիայի կայսրը (բյուզանդական ոչ մի կայսր հայոց Բագրատունիներից ոչ մեկին թագավոր չի համարել), և թե որքան փառասեր, մեծամիտ, ինքնագոհ ու դաժան է եղել բոլոր ժամանակների տիրակալներից ոչնչով չտարբերվող հայազգի Չմշկիկ կայսրը:

«Մեծ Հայքի իշխանաց իշխան Աշոտ, իմ հոգևոր որդի, լսի՛ր և իմացի՛ր, թե ինչքա՜ն հրաշքներ գործեց Աստված՝ մեզ անօրինակ հաղթանակներ պարգևեց: Այս տարի մեր թագավորությունը կամեցավ քո մեծությանդ էլ հայտնի դարձնել, ո՛վ Աշոտ Բագրատունի, ի՛մ որդի. հայտնում ենք, որ դու էլ, որպես քրիստոնյա և մեր թագավորությանը սիրելի և հավատարին, ուրախանաս…թե ինչպե՛ս մեր թագավորությանը հարկատու դարձրինք ողջ պարսից արևելքը, ինչպես հանեցինք Հակոբ Մծբնացի (4-րդ դարում ապրած ասորի, որը քրիստոնեություն է քարոզել Հայաստանում) սուրբ հայրապետի նշխարները տաճկաց քաղաքից, տաճիկներին հարկատու դարձրինք, ինչպես նրանց ձեռքից փրկեցինք գերիներին: Մենք Աստծո օգնությամբ և մեր մեծ հզորությամբ պարտության մատնեցինք ամբարտավան ու փքված Ամիր ալ Մումնին՝ աֆրիկացիների (եգիպտացի արաբների) իշխանին…Նրանք, մյուս թշնամիների նման, խայտառակ փախուստի դիմեցին: Այն ժամանակ մենք գրավեցինք նրանց երկրի միջնաշխարհը, սրի քաշեցինք բազմաթիվ գավառների բնակչությանը…Ապրիլ ամսի սկզբին արշավեցինք Փյունիկե և Պաղեստին, ցրիվ տվեցինք պիղծ աֆրիկացիներին…անցանք մեր թագավորության բոլոր գավառներով, բոլորին հնազանդեցրինք, ծանր հարկեր նշանակելով ու անհամար գերիներ վերցնելով հասանք Հեմս քաղաքը: Հարկատու գավառների բնակչությունը մեզ սիրալիր ընդունեց…Մի քանի օր անց մենք պաշարեցինք Արեգ քաղաքը: Մեր զորքերը ձեռք բերեցին մեծ թվով գերիներ, տղաներ և աղջիկներ, նաև ոսկի և արծաթ, բազմաթիվ անասուններ: Այնտեղից առաջ շարժվեցինք դեպի Դամասկոս մեծ քաղաքը՝ վճռելով այն պաշարել: Քաղաքապետը, որ ալևոր և խելամիտ մարդ էր, դիմեց մեր թագավորությանը և բազմաթիվ նվերներ տալով, խնդրեց չգերել և չստրկացնել, ինչպես Վոտոլվեքի բնակիչներին, չավերել գավառը, ինչպես նրանցը: Նրանք բազմաթիվ նվերներ բերեցին և մեծաքանակ երիվարներ ու ջորիներ, ոսկե և արծաթե գեղեցիկ առարկաներ և հարկ՝ արաբական ոսկով 40 հազար դահեկան: Նրանք…գրություն տվեցին, թե սերնդե սերունդ հավիտյան կլինեն մեր թագավորության ծառաները: Մենք այնտեղ զորավար նշանակեցինք Թուրք կոչվող մեկին՝ բաղդադցի անվանի մի մարդու, որը 500 ձիավորով մեր կողմ էր անցել՝ մեզ ծառայելու և քրիստոնեություն էր ընդունել: Դամասկոսցիները երդումով հաստատված հաշտություն կնքեցին այն մասին, թե հարկերը կվճարեն անխափան, փառաբանեցին մեր թագավորությունը և համաձայներցին կռվել մեր թշնամաիների դեմ: Այդտեղից ելանք, գնացինք Տիբերիական ծով…Մենք ուզեցինք այդ քաղաքն էլ պաշարել, բայց նրա բնակիչները եկան, հպատակություն հայտնեցին՝ բերելով բազմաթիվ նվերներ, երեսուն հազար դահեկան հարկ…նրանք ծառայական գրություն տվեցին մեզ հավիտյան հպատակ լինելու և անխափան հարկ վճարելու մասին: Դրա համար մենք նրանց չգերեվարեցինք, չավերեցինք ո՛չ քաղաքը, ո՛չ էլ գավառները. Մենք այնտեղից ավար էլ չվերցրեցինք, որովհետև դա սուրբ առաքյալների հայրենիքն էր: Մենք գնացինք մինչև Կեսարիա, որը գտնվում է Օվկիանոս մեծ ծովի ափին, որի բնակիչները հնազանդություն հայտնեցին և անցան մեր գերիշխանության ներքո: Եթե պիղծ աֆրիկացիները մեզանից սարսափած ապաստանած չլինեին ծովեզրյա բերդերում, մենք Երուսաղեմ քաղաքն էլ կգնայինք և կաղոթեինք Աստծո սուրբ վայրում: Բայց երբ իմացանք, որ ծովեզրյա բնակիչները փախել են, այն ժամանակ գավառի վերին կողմը հպատակեցրինք և հոռոմոց գերիշխանությանը ենթարկեցինք: Ապա շարժվելով ծովափնյա ճանապարհով՝ որն ուղիղ տանում է դեպի անվանի, ամուր պարսպապատված Վռիտոն քաղաքը, որն այժմ կոչվում է Պերութ, պատերազմեցինք և կատաղի ճակատամարտում գրավեցինք այն և հազար աֆրիկացու գերեցինք: …Մեծ ավարով և ռազմագերիներով մենք անցանք ծովափնյա բոլոր քաղաքները…մենք հանդիպեցինք շեն և գեղեցիկ քաղաքների, ամուր բերդերի, որտեղ հաստատված էր տաճիկ կայազոր: Մենք բոլորն էլ պաշարեցինք և հիմնահատակ կործանեցինք, իսկ բնակիչներին գերի տարանք: …Մենք բնաջնջեցինք Տրապոլսի ողջ գավառը, ամբողջությամբ կտրատեցինք, արմատախիլ արեցինք նրանց այգիները, ձիթենիները և պարտեզները, ավերեցինք բովանդակ գավառը: Այստեղ գտնվող աֆրիկացիները հանդգնեցին մեր դեմ պատերազմի դուրս գալ: Այն ժամանակ մենք հարձակվեցինք նրանց վար և իսպառ կոտորեցինք: …Մինչև Բաբելոն ընկած երկիրը մենք հպատակեցրինք և բնակչությանը մեզ ծառա դարձրինք: Մեր թագավորությունը մեծաթիվ զորքով յոթ ամիս շրջեց այս երկրում և ավերեց քաղաքներն ու գավառները: Եթե Բաբելոնի մերձակա վայրերի սաստիկ շոգն ու անջրդի ճանապարհը չխանգարեր, ինչպես այդ մասին քո մեծապատվությունն էլ գիտե, մեր թագավորությունը մինչև Բաբելոն կգնար:

Այժմ ամբողջ Փյունիկեն, Պաղեստինն ու Ասորիքը ազատագրվել են տաճկաց հպատակությունից և ընդունել հոռոմոց գերիշխանությունը: Լիբանանի մեծ լեռն անգամ մեր տիրապետության տակ անցավ: Եվ այնտեղ եղած անթիվ-անհամար տաճիկներին մենք գերեցինք և բաժանեցինք մեր հեծյալներին: Մենք մեղմորեն ու մարդասիրաբար կառավարեցինք Ասորեստանը, շուրջ քսան հազար հոգի տեղահան արեցինք և Գաբավոնում բնակեցրինք: Ահա, իմացի՛ր, որ Աստված քրիստոնյաներին այսպիսի հաղթանակներ պարգևեց, որոնց նմանը դեռ չէր եղել երբեք: Գաբավոն քաղաքում մենք գտանք մեր Քրիստոս-Աստծո հողաթափերը, նմանապես և մեր Փրկչի պատկերը, որն անցյալում հրեաները խոցել էին և որից արյուն և ջուր էր հոսել. Մենք գտանք նաև գեղարդը: Այդ քաղաքում մենք գտանք նաև Կարապետի՝ Հովհաննես Մկրտչի պատվական մազերը: Այդ բոլորը տանում ենք պահելու մեր աստվածապահ քաղաքում:

Մենք այս բոլորի մասին տեղյակ պահեցինք քո փառավորությանը, որպեսզի դու հիանաս մեր հրամանով կատարվածների վրա, դու էլ փառավորես Աստծո մեծ մարդասիրությունը և իմանաս, թե այս օրերին ինչքա՜ն բարի գործեր կատարվեցին, ինչքա՜ն մեծացավ և ընդարձակվեց Քրիստոսի սուրբ խաչի տիրապետությունը: Մեր թագավորությունը ճոխանում է անունով և մեծությամբ…

Դերջանի պրոտոսպաթար և Տարոնի զորավար Լևոնի զեկուցագրից իմացանք, որ, հակառակ քո համաձայնության, դեռ չես հանձնել Այծյաց բերդը: Մենք այժմ գրեցինք մեր զորավարին, որ ո՛չ բերդն առնի, ո՛չ էլ ցորենը, որ հանձն էին առել տալ, որովհետև այժմ պետք չէ: Քո վաստակի և ջանքերի դիմաց, ըստ քո ցանածի, դու կստանաս ամեն բարիք»:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
304 | 0 | 0
Facebook
COMMENT.am