Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ժամանակակիցները ներել են նրան այն արյունը, որ նա թափել էր գահին տիրելու համար

23:26, ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ.
Ժամանակակիցները ներել են նրան այն արյունը, որ նա թափել էր գահին տիրելու համար

Կայսերական գահին տիրելուց հետո Չմշկիկն իր մերձավոր խորհրդական է դարձրել Ռոմանոս 2-րդ կայսեր ապօրինածին զավակին՝ բնականաբար, հայկական ծագումով: Նա եղել է իր տիրոջ նման հանդուգն, խելացի, անչափ եռանդուն, նաև՝ ապականված, խստասիրտ, անգութ և ծայրահեղ փառասեր:

Չմշկիկը կայսր է օծվել 45 տարեկանում, երբ այրիացած է եղել: Նրա կինը՝ Մարիամ անունով, եղել է հետագայում ապստամբություն բարձրացրած հայազգի Վարդ Սկելերոս պատրիկի քույրը:

Չմշկիկը Ռոմանսոս 2-րդ կայսրի երկու անչափահաս որդիներին՝ Վասիլին և Կոստանդինին, իր մետ է պահել՝ դարձնելով նրանց կայսերակից:

Իր սերն իր ազգակիցների նկատմամբ ցույց տալու համար նա հարկերից ազատել է Բյուզանդիայում ապրող բոլոր հայերին:

Չմշկիկը մի շարք արշավանքներ է կատարել Կայսրության թշնամիների դեմ, և այդ արշավանքները հաղթանակով են պսակվել: Կիևյան Ռուսիայի իշխան Սվյատոսլավը 970 թվականին նվաճել էր Բուլղարիան, հատել էր Բալկանյան լեռնաշղթան և մտել էր Թրակիա: 971 թվականին Չմշկիկն անսպասելորեն հատել է նույն լեռնաշղթան, հայտնվել է Մեծ Պերեսլավլ քաղաքի մոտ և, չնայած Սվայատոսլավի համառ դիմադրությանը, գրավել է այն: Չմշկիկն ազատել է Բուլղարիայի Բորիս թագավորին և պատվով ուղարկել է Կոստանդնուպոլիս: Թեև Բուլղարիան կայսրության վաղեմի թշնամին է եղել, բայց այս անգամ բուլղարները Չմշկիկին իրենց ազատարարն են համարել և խմբերով անցել են նրա կողմը: Չմշկիկը Սվյատոսլավին երկրորդ անգամ ջախջախել է Դորսոտոլ ամրոցի մոտ: Վերջինս ստիպված է եղել անձնատուր լինել այն պայմանով, որ իրեն թույլ տրվի իր զորքերով հեռանալ: Հաղթանակած Չմշկիկը մայրաքաղաք է վերադարձել: Նրա հաջողությունները ժամանակակիցների աչքում նսեմացրել են Նիկեփորոսի գահակալության ամբողջ փայլը, և ժամանակակիցները ներել են նրան այն արյունը, որ նա թափել էր գահին տիրանալու համար:

Վերադառնալով Կոստանդնուպոլիս՝ Չմշկիկը Բուլղարիայի Բորիս թագավորին զրկել է արքայական ծիրանիից և տվել է մագիստրոսի աստիճան: Բայց թշնամությունը Բուլղարիայի և Բյուզանդիայի միջև շարունակվելու էր: Արևելյան Բուլղարիան արդեն միացվել էր կայսրությանը և այնտեղի բերդերում զորքեր էին տեղակայվել: Բայց դա բավական չհամարելով՝ Չմշկիկը Փոքր Ասիայից և Բյուզանդական Հայաստանից պավլիկյաններին, որոնց մեջ շատ են եղել հայերը, տեղափոխել է Բուլղարիա ու բնակեցրել հատկապես Փիլիպպոլիս քաղաքի շրջակայքում:

Երբ 970 թվականին բյուզանդացիները գրավում են Մանազկերտի բերդը, մուսուլմանական աշխարհն սկսում է միավորվել՝ քրիստոնյաների դեմ կռվելու համար: Շարժումը գլխավորել են Եգիպտոսին ու Սիրիային տիրող Ֆաթմայան խալիֆները: 973 թվականին Բաղդադից սրբազան պատերազմի կոչ է հնչել: Բայց հենց այդ թվականին բյուզանդական մի արշավանք է սկսվել՝ առանց կայսրի անձնական մասնակցության, և այդ արշավանքն արագացրել է դեպքերի զարգացումը: Բյուզանդական զորքերի հրամանատարը Մլեհ անունով (հավանաբար՝ հայ) մի զորավար է եղել: Նա պաշարումով գրավել է Միլիտենեն, ապա՝ Նփրկերտը: Նրա գրաված հաջորդ քաղաքը եղել է Ամիդը, բայց գրավումից երկու օր անց քաղաքը օգնական զորք է ստացել, և այս անգամ բյուզանդացիներն են սաստիկ պարտություն կրել, և Մլեհ զորավարն ու 40 այլ հրամանատարներ գերի են ընկել, ուղարկվել են Բաղդադ ու մահապատժի են ենթարկվել: Բայց մինչ այդ Մլեհը կարողացել է կայսրին նամակ ուղարկել, որի մեջ ասել է, թե վերջին դատաստանի օրը Հովհաննես Չմշկիկը կպատժվի Քրիստոսից, եթե Ամիդի առջև թափված արյան և իր ու իր ընկերների մահվան վրեժը չլուծի:

Առանց այդ երդվեցման էլ Չմշկիկն սկսել էր մեծ արշավանքի նախապատրաստվել, և 974 թվականին կայսրը գնացել է Փոքր Ասիա՝ մեծաթիվ բանակը գլխավորելու: Միջագետք հասնելու համար, ըստ հայ պատմիչ Մատթեոս Ուռհայեցու, Չմշկիկը զորքն Հայաստանով է տարել: Հայ թագավորները և նախարարները, լուր առնելով, որ Բյուզանդիայի հայազգի կայսրը գալիս է, իրենց զորքերով հավաքվել են Հարք գավառում՝ Բագրատունյաց Աշոտ 4-րդ թագավորի գլխավորությամբ: Նրա հետ են եղել Աղվանքի, Սյունիքի Վասպուրականի թագավորները: : Նրանց բոլորի հավաքական բանակի կազմում եղել է 80 հազար զինվոր: Տեղի են ունեցել բանակցությունների, որի արդյունքում Աշոտ 4-րդը Չմշկիկին է տրամադրել 10 հազար զինվոր, ինչպես նաև նրանց ուտելիքն ու ճանապարհի ամբողջ պաշարը: Չմշկիկի և Աշոտ 4-րդի միջև հաստատվել են նաև ավելի սերտ հարաբերություններ: Այնուհետև կայսրը մտել է Տարոն, որն այդ ժամանակ արդեն Բյուզանդիային է պատկանել և կանգ է առել Մուշի մոտ՝ Այծյաց բերդի դիմաց: Վերջացնելով բոլոր բանակցությունները հայերի հետ՝ կայսրը շարունակել է արշավանքը դեպի Միջագետք: Կայսրի անունը բավական է եղել, որ քաղաքներն ու բերդերը ահից բացեն իրենց դռները նրա առջև: Բայց Չմշկիկը չի կարողացել Բաղդադ հասնել: Սաստիկ շոգերի պատճառով բյուզանդական բանակը հետ է դարձել՝ Կոստանդնուպոլիս տանելով հարուստ ավար (երեք միլիոնի արժեք ունեցող ոսկի և արծաթ դրամներ, երեք հարյուր հազար կշիռ ոսկի և արծաթ) հետ է դարձել:

Նկարում՝ Չմշկիկի և Սվյատոսլավի հանդիպումը:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
337 | 0 | 0
Facebook
COMMENT.am