Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Արյունլվիկ կայսրին քարշ են տվել Չմշկիկի մոտ...նրա այտերին թրերի կոթերով այնքան են խփել, որ բոլոր ատամները թափվել են...հետո Չմշկիկը թրով ճեղքել է Նիկեփորոսի գանգը»

18:52, չորեքշաբթի, 21 ապրիլի, 2021 թ.
«Արյունլվիկ կայսրին քարշ են տվել Չմշկիկի մոտ...նրա այտերին թրերի կոթերով այնքան են խփել, որ բոլոր ատամները թափվել են...հետո Չմշկիկը թրով ճեղքել է Նիկեփորոսի գանգը»

Ապրիլի վերջերին նա մեկնել է Կապադովկիայում գտնվող իր զորքերի մոտ: Արդարացիորեն կասկածելով Նիկեփորոսին նենգամտության մեջ՝ Բրիգոսն Անատոլիայի ստրատեգոսի պաշտոնն զբաղեցնող Չմշկիկին գաղտնի նամակ է ուղարկել՝ առաջարկելով բանակն իր հրամանատարության տակ առնել՝ խոստանալով նրան պետության ամենաբարձր պաշտոնը:

Այս առաջարկությունը վրդովեցրել է Չմշկիկին, և նա համոզելով Նիկեփորոսին, որ անպատճառ համաձայնի ստանձնել կայսրության ղեկը: Նիկեփորոսը չեմուչում է արել, և այդժամ Չմշկիկը հավաքել է զորքերի բոլոր հրամանատարներին, որոնք մերկացրել են սրերը, շրջապատել են Նիկեփորոսի վրանը և նրան կայսր են հռչակել: Երբ զորքերը մոտեցել են մայրաքաղաքին, Բրիգոսը թաքնվել է սբ. Սոֆիայի տաճարում, հետո աքսորվել է: Նիկեփորոսը սպիտակ ձի է հեծել ու Ոսկե դարպասներով մտել է Կոստանդնուպոլիս, և պատրիարքը սբ. Սոֆիայի տաճարում նրան կայսր է օծել: Սեպտեմբերի 20-ին, դեն նետելով բոլոր ձևականությունները, նա ամուսնացել է կայսրուհի Թեոփանեի հետ: Դա տեղի է ունեցել 963 թվականին: Հիշյալ թվականից սկսյալ Բյուզանդիայի պատմության մեջ սկսվել է փառահեղ հաղթանակների մի ժամանակաշրջան: Կայսր դառնալուց հետո Նիկեփորոսը չի մխրճվել վայելքների մեջ: Նրա անձնական ղեկավարությամբ բյուզանդական զորքերը փայլուն հաղթանակների են հասել արաբների նկատմամբ: 964 – 965 թվականներին նա նվաճել է Կիլիկիան, որի գլխավոր քաղաքները, համառ դիմադրությունից հետո, հաղթողների առջև բացել են իրենց դարպասները: 964 թվականին նա պաշարել է Տարսոնը, բայց գրավել չի կարողացել: Բյուզանդացիները գրավել են մի քանի մերձակա քաղաքներ: Հաջորդ տարվա գարնանը վերսկսվել է Տարսոնի պաշարումը: Կայսրը հույս է ունեցել, թե քաղցը քաղաքի բնակիչներին կստիպի հանձնվել: Մի քանի ամիս անց արաբներն անձնատուր են եղել: Նիկեփորոսը թույլ է տվել, որ նրանք հեռանան քաղաքից՝ իրենց հետ միայն հագուստ տանելով:

966 թվականի գարնանը Նիկիփորեսը ներխուժել է Սիրիա, գրավել է մի քանի քաղաք և մի որոշ ժամանակ պաշարել է Անտիոքը:

Զբաղված լինելով արևելքով, նա չի կարողացել պատշաճ ուշադրություն ցուցաբերել կայսրության արևմտյան սահմանների վիճակին: Սիմեոն թագավորի մահից հետո, ճիշտ է, բուլղարները զգալիորեն թուլացած են եղել ու կայսրությանը գրեթե չեն նեղել, բայց, դրա փոխարեն, պետության արևմտյան սահմանամերձ շրջաններին մեծ վնասներ են պատճառել հունգարների արշավանքները: 967 թվականին Նիկեփորեսն այցելել է թրակիական քաղաքներ և բուլղարների թագավոր Պետրոսին նամակ է հղել՝ պահանջելով, որ նա խոչընդոտի հունգարներին Դանուբն անցնել ու ամայացնել կայսրության տարածքները: Բայց Պետրոսը չի հնազանդվել և տարբեր պատճառաբանություններով խուսափել է կայսրի պահանջը կատարել: Այդժամ Նիկեփորոսը դեսպան է ուղարկել Կիևյան Ռուսիայի իշխան Սվյատոսլավի մոտ՝ խոստանալով վարձահատույց լինել, եթե նա հարձակվի բուլղարների վրա: Սվյատոսլավն արագ հավաքել է իր զորքերը, հարձակվել է Բուլղարիայի վրա, թալանել է բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր, զավթել է մեծ քանակության ավար ու վերադարձելէ իր երկիր: Հաջորդ տարի Սվյատոսլավը նորից է հարձակվել բուլղարների վրա և նորից ավերել ու թալանել է: Այդ ընթացքում կայսրը նորից մոտեցել է Անտիոքին, հետո գնացել է Թրակիա ու գրավել է Արկա քաղաքը: Վերադառնալով՝ նա կարգադրել է Անտիոքից ոչ հեռու ամրոց կառուցել և այնտեղ 2000 զինվոր է թողել: 969 թվականի գարնանը ամրոցում թողնված այդ ջոկատը վերջապես գրավել է Անտիոքը: Դա Նիկեփորոսի վերջին փառահեղ գործն էր:

Բայց Նիկեփորոս կայսրն իր վատ բնավորությամբ շուտով սկսել է ձանձրացնել շատերին: Իշխանությունը նրան կասկածամիտ է դարձրել և հենց այդ պատճառով նա Չմշկիկին թույլ չի տվել շարունակել պատերազմն արաբների դեմ և նրան իր հետ մայրաքաղաք է տարել: Շուտով սառնություն է հաստատվել այս երկու մոտիկ ազգականների ու զինակիցների միջև, որը վերածվել է խորն ատելության: Եվ պատճառը դարձյալ կայսրուհի Թեոփանեն է եղել: Այս վավաշոտ գեղեցկուհին սկսել է ձանձրանալ իր ամուսնուց, որովհետև նա զուրկ է եղել մարմնական բարեձևությունից, եղել է պարզասեր ու ամբողջովին պատերազմական գործերով կլանված անձնավորություն: Ահա թե ինչու կայսրուհուն սկսել է գրավել առավել դուրեկան արտաքին ունեցող Չմշկիկը: Նրանց միջև սիրային հարաբերություն է սկսվել: Կայսրը կասկածել է Չմշկիկին ու նրան աքսորել է Բոսֆորի ասիական ափ՝ Քաղկեդոն, որը պարզապես արագացրել է հասունացած արյունոտ ընդհարումը: Չմշկիկն իր սիրուհու հետ դավադրություն է կազմակերպել Նիկեփորոսի դեմ: Կայսրին սպանելը բծախնդրորեն նախապատրաստվել է: Ամրոցի վերածված պալատ սովորական ճանապարհով ներթափանցելն անհնարին է եղել: Ապավինելով կայսրի կնոջ՝ Թեոփանեի օգնության վրա, Չմշկիկը համարձակվել է տապալել իր բարեկամին ու երբեմնի զինակցին, այն մարդուն, որին ինքն է օգնել գահ բարձրանալ: Նա տարբեր պատրվակներով կայսրուհու մոտ է ուղարկել երկու ուժեղ զինվորի, որոնց Թեոփանեն թաքցրել է իր հանգստարաններում: 969 թվականի դեկտեմբերի 10-ի կեսգիշերին դավադիրների նավակը մոտեցել է պալատին: Թեոփանեի ննջարանում թաքնված զինվորները նավակում գտնվողներին ճոպաններով քաշել են վեր: Ամուսնու ննջարանից հեռացող կայսրուհին բաց է թողել դուռը, և դավադիրները ներխուժել են ննջարան, Նիկիփորեսին հատակին են գցել ու սկսել են խփել ոտներով, իսկ նրանցից մեկը սրով հարվածել է կայսրի գլխին: Արյունլվիկ կայսրին քարշ են տվել Չմշկիկի մոտ, որը բռնել է դժբախտի մորուքից, անգթորեն խոցոտել է նրան, իսկ մյուսները նրա այտերին թրերի կոթերով այնքան են խփել, որ բոլոր ատամները թափվել են: Կշտանալով Նիկեփորոսի տանջանքներով՝ Չմշկիկը թրով ճեղքել է նրա գանգը: Դրանից հետո դավադիրները կտրել են նրա գլուխը, իսկ մարմինը դուրս են նետել: Մի ամբողջ օր մարմինը մնացել է ձյան մեջ: Երեկոյան Նիկեփորոս Փոկասի մարմինը դրել են արկղի մեջ, տարել են սբ. Առաքյալների տաճար ու այնտեղ թաղել են:

Նկարում՝ Թեոփանե կայսրուհին թունավորում է Կոստանդին կայսրին:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1034 | 0 | 0
Facebook
COMMENT.am