Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Եթե դա է Ալլահի կամքը, ապա տեղի կունենա»

12:39, հինգշաբթի, 25 մարտի, 2021 թ.
«Եթե դա է Ալլահի կամքը, ապա տեղի կունենա»

1975 թվականի մարտի 25-ին սպանվել է Սաուդյան Արաբիայի թագավոր Ֆեյսալ բին Աբդել-Ազիզ Ալ Սաուդը: Սպանությունը կատարել է նրա ազգականն ու անվանակիցը՝ 31-ամյա արքայազն Ֆեյսալ բին Մուսադը: Քուվեյթի պատվիրակության պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ Ալ Սաուդը մոտեցել է թագավորին: Վերջինս ճանաչել է նրան և գլուխը խոնարհել է, որպեսզի ազգականը կարողանա համբուրել իրեն ի նշան հարգանքի: Ալ Սաուդը հանել է հագուստի տակ թաքցրած ատրճանակը և երկու անգամ կրակել է թագավորի դեմքին: Երրորդ կրակոցը վրիպել է, և նա ատրճանակը դեն է նետել: Նրան անմիջապես ձերբակալել են, և արքայասպանը հայտարարել է, թե կատարել է Ալլահի կամքը: Մահամերձ թագավորը հրամայել է մահապատժի չենթարկել մարդասպանին:

Թեպետ Ֆեյսալ բին Մուսադին հոգեկան հիվանդ են ճանաչել, բայց դա չի խանգարել, որ նրան նույն տարվա հունիսին մայրաքաղաք Էր Ռիադում հրապարակավ գլխատեն ոսկեջրած թրի մեկ հարվածով: Մահապատժից հետո նրա գլուխը ցից հանած 15 րոպե ի ցույց են դրել ամբոխին:

Երկրում խոսել են այն մասին, թե արքայասպանը մորը տեղեկացրած է եղել իր մտադրության մասին, և մայրն էլ իր հերթին տեղեկացրել է թագավորին, որը նրան պատասխանել է. «Եթե դա է Ալլահի կամքը, ապա տեղի կունենա»:

Բեյրութի թերթերը սպանության երեք վարկած են առաջ քաշել: Թերթերից մեկը հաղորդել է, թե սպանությունը վրեժխնդրության գործողություն է եղել 1964 թվականին թագավոր Սաուդ իբն Աբդուլ-Ազիզի գահընկեցության դիմաց:

Ըստ մյուս վարկածի՝ Ֆեյսալ թագավորը շարունակ անտեսել է ազգականի բողոքը ամեն ամիս իր ապրուստի համար ամսական ընդամենը 3500 դոլար հատկացնելու մասին: Իսկ ըստ երրորդ տարբերակի՝ թագավորն արգելել է իր ազգականին երկրից դուրս գալ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նա չարաշահել է ալկոհոլի ու թմրանյութերի գործածումը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
610 | 0 | 0
Facebook
COMMENT.am