Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դժոխքի կառուցվածքի մասին. հին հույների դժոխքը

17:22, չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ.
Դժոխքի կառուցվածքի մասին. հին հույների դժոխքը

Հույների անդրշիրիմյան թագավորությունում հայտնվելն ավելի հեշտ է: Ձեզ անձամբ այնտեղ կտանի մահվան աստված Տարտարոսը, որը հարահոս մեքենայի պես ստորգետնյա թագավորությունը մշտապես ապահովում է «թարմ» հոգիներով: Մեծ ճակատամարտերի ժամանակ նա քանի որ միայնակ չի կարողանում բոլոր զոհվածներին անձամբ ուղեկցել, չափազանց ծանրաբեռնված Տարտարոսին օգնության են հասնում թևավոր Կերրիները, որոնց պարտականությունը մարտերում ընկածներին Հադեսի մռայլ թագավորություն հասցնելն է:

Հեռավոր արևմուտքում՝ աշխարհի ծայրին, ամայի հարթավայրն է, որի որոշ հատվածներում իրենց խղճուկ գոյությունն են քարշ տալիս սև կեղևով պատված ուռիներն ու բարդիները: Հարթավայրից դենը անդունդ է, իսկ անդունդի հատակին Աքերոնի՝ ստորգետնյա թագավորության մռայլ գետի առավել մռայլ ճահճուտն է սփռված: Աքերոնի ջրերը միախառնվում են Ստիքս գետի սև ջրերի հետ, հինգ անգամ գոտևորում են մեռյալների աշխարհն ու այն բաժանում ողջերի աշխարհից: Նույնիսկ աստվածները վախենում են խախտել Ստիքսի անվամբ տրված երդումը. Այս գետի ջրերը սրբազան են ու անգութ: Դրանք թափվում են Կոկիտոսի՝ արտասուքի գետի մեջ, որից էլ սկիզբ է առնում Լեթան՝ մոռացության գետը:

Սթիքս գետի մի ծայրից մյուսը դուք կարող եք անցնել ծերունի Քարոնի նավակով: Իր ծառայության համար նա յուրաքանչյուրից պղնձյա մեկ մանրադրամ է վերցնում: Եթե ձեր ձեռքին փող չկա, ստիպված եք լինելու սպասել մինչև ժամանակների վերջին: Քերոնի նավակն անցնում է գետի բոլոր ինը հոսքերը և ուղևորներին իջեցնում է մեռյալների մենաստանների մոտ: Այստեղ ձեզ կդիմավորի Ցերբեր անունով եռագլուխ վիթխարի շունը, որը ներս մտնողներին չի վնասում, բայց անգութ է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր փորձում են վերադառնալ արևշող աշխարհ: Ընդարձակ հարթավայրում, արյունը սառույցի վերածող քամու անդադար սուլոցի ներքո, դուք մյուս բոլոր ստվերների հետ պետք է սպասեք ձեր հերթին: Խորդուբորդ ճանապարհը ձեզ կհասցնի Հադեսի ապարանքին, որը շրջապատված է Ֆլեգետոն գետի հրավառ ջրերով: Գետի վրա գցված կամուրջը ձեզ կհասցնի ալմաստից կառուցված սյուներին հենվող դարպասին: Դարպասի հետևում բրոնզից կառուցված հսկայական դահլիճն է, որտեղ նստած է ինքը՝ Հադեսը, և իր օգնականները՝ Մինոսը, Էակոսը և Ռադամանտոսը: Ի դեպ, այս երեքն էլ ժամանակին մեզ նման մահկանացուներ են եղել: Նրանք երեքն էլ արդարամիտ ու արդարադատ թագավորներ են եղել և իրենց հպատակներին այնքան լավ են կառավարել, որ մահվանից հետո Զևսը նրանց բոլոր մեռյալների դատավոր է կարգել:

Եթե դուք հայտնվեք հունական այս դժոխքում, ապա, ամենայն հավանականությամբ, այս երեք արդար դատավորները ձեզ ավելի ներքև՝ պալատի տակ գտնվող խորխորատը կնետեն: Այդ խորխորատը Տարտարոսն է՝ ցավի, կսկիծի ու հեծկլտանքի թագավորությունը: Այստեղ դուք, ուզեք, թե չուզեք, ծանոթանալու եք երեք պառավ քույրերի՝ վրիժառության աստվածուհիների հետ: Հադեսը նրանց հանձնարարել է հսկել բոլոր մեղավորներին: Նրանք սարսափազդու տեսք ունեն: Նրանց շրթունքները կապույտ են, որոնցից թունավոր լորձունք է թափվում: Նրանց հագինը չղջիկների թևերի նմանվող սև թիկնոց է: Նրանք շրջում են ստորգետնյա թագավորությունում՝ ջահերով լուսավորելով իրենց ճանապարհն ու հետևելով, որ յուրաքանչյուր մահացած մեղավոր մինչև հատակը խմի իր բաժակի մեջ լցված ամբողջ պատիժը: Տարտարոսի մյուս «հնաբնակների» մեջ են երեխաներ առևանգող ու խժռող ճիվաղը, երքգլխանի Հեկատեն՝ գիշերային մղձավանջների դևը, դիակներ խժռող Էվրինոմեն: Այստեղ դուք կհանդիպեք նաև բազմաթիվ միֆական անհատականությունների: Բռնակալ Իքսիոնը հավերժ գամված է հրե անիվին: Կտեսնեք նրբագեղ աստվածուհի Լետոյին պատվազրկելու փորձ կատարած հսկա Տիտիոսին՝ բազկատարած պառկած գետնին, կտեսնեք, թե ինչպես են երկու ուրուր անդադար քրքրում նրա լյարդը: Կտեսնեք մինչև կոկորդը խմելու ջրի մեջ իջեցված և ծարավից տոչորվող աստվածամերժ Տանտալոսին՝ Սիպիլոսի առասպելական թագավորին, որը հենց ուզում է ծարավը հագեցնել, ջուրը հետ է քաշվում, երբ ուզում է տառապալից քաղցը մեղմել ու ձեռքը մեկնում է մրգառատ ճյուղին, այն նույնպես ետ է քաշվում: Կտեսնեք իրենց հոր պատվերով ամուսնության առաջին գիշերն իրենց ամուսիններին սպանած Դանայուհիներին, որոնք ստիպված են Հադեսի թագավորությունում հավիտյան լցնել անհատակ կարասը: Կտեսնեք նաև հնարամիտ, ճարպիկ, բայց խարդախ ու անբարոյական Սիսիփոսին, որը Հադեսի աշխարհում խաբել էր աստվածներին և դարձել էր այն աշխարհից երկիր վերադարձած միակ մահկանացուն, որը շղթայել ու գերության մեջ էր պահել մահվան ոգի Թանատոսին: Ահա թե ինչու աստվածները նրան պատժել են, և նա հարկադրված է հավերժորեն սարն ի վեր գլորել ծանր քարը, որը, հազիվ գագաթին հասցրած, դարձյալ ցած է գլորվել:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4087 | 0 | 0
Facebook