Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանի վերաբերյալ որոշմանը քիչ ժամանակ է մնացել

22:28, երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ.
Հայաստանի վերաբերյալ որոշմանը քիչ ժամանակ է մնացել

Արցախի Ազգային ժողովն այսօր ընդունել է հայտարարություն, որով ամրագրվում է հետևյալը․ Մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված (օկուպացված) Ադրբեջանի Հանրապետության կողմից, Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան և նշված տարածքների բռնազավթումը որևէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության կարգավիճակի ու սահմանների գործընթացում:


    

Հայտարարությունը նախաձեռնած Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը Lragir.am-ի հետ զրույցում ասել է, որ այս հայտարարությունը կարող է հիմք հանդիսանալ օկուպացված տարածքների մասին օրենք ընդունելու համար։ Անդրադառնալով այն քննարկումներին, թե ինչ սահմաններով պետք է ճանաչել Արցախը, պատգամավորն ասել է․ «Արցախի Սահմանադրության մեջ շատ հստակ նշված են Արցախի Հանրապետության սահմանները։ Մենք՝ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, չենք կարող և իրավունք չունենք Սահմանադրությունից դուրս որևէ քայլ ձեռնարկել։ Ես վստահ եմ՝ բանակցությունները վերսկսվելու դեպքում, իհարկե, առաջին հերթին հիմք կընդունվի Արցախի Հանրապետության Սահմանադրությունը» ։


    

Այսպիսով, Արցախի խորհրդարանը, թեկուզ ուշացումով, կատարել է իր համարձակ քայլը, դնելով իրավունքների հարցը։ Ինչով է զբաղված Հայաստանի խորհրդարանը։


    

Նոյեմբերի 9-ից ի վեր Հայաստանի խորհրդարանի պահվածքը կարելի էր կլոունադա անվանել, եթե իրավիճակը աղետալի չլիներ։ Լուսավոր Հայաստանը կազմակերպեց իրավիճակի վերաբերյալ լսումներ, որտեղ էական հարցեր բարձրացվեցին, թույլ փորձ արեց քննարկման դնել Արցախի ճանաչման հարցը, բայց անմիջապես հրաժարվեց դրանից։

Իշխող խմբակցությունը փորձում է «կյանքը վերադարձնել բնականոն հուն», ինչպես ապրիլյան պատերազմից հետո Հերմինե Նաղդալյանն էր երազում, բայց դա իհարկե իրենց պետքական հունն է՝ քննարկել հարցեր ու օրինագծեր, որոնք հիմնականում ուղղված են իշխանությունը պահելուն, եւ ստեղծել ֆոն, թե ոչինչ էլ չի եղել։

Խորհրդարանի ընդդիմադիր մասի՝ ԲՀԿ-ի ու Լուսավոր Հայաստանի գործունեությունը սահմանափակված է ռազմական դրությունը հանելու եւ վարչապետի հրաժարականի պահանջով։ Այս օրերին խորհրդարանը «պաշարած» 17-ի միավորումը նույն պահանջներն է առաջադրել խորհրդարանին։

Այսքանը։ 1921 թ․ ռուս թուրքական պայմանագրի, Արցախի դեօկուպացիայի, ճանաչման կամ վերամիավորման, հայկական իրավունքների վերաբերյալ հարցերի քննարկումը խորհրդարանում կարող էլ էապես փոխել իրավիճակը։ Ի վերջո, Հայաստանի վերաբերյալ առաջիկա որոշումը կախված է լինելու նրանից, թե ինչ է ուզում Հայաստանը, պատրա՞ստ է կռիվ տալ իր իրավունքների համար, թե ոչ։

Ներկայիս պատկերը չափազանց անմխիթար է։ Հրապարակներում գզվռտոցի մեջ մտած իշխող խմբակի ու 17 ակնթարթների գործողությունների տրամաբանությունը հանգում է հայկական իրավունքներից հրաժարվելուն եւ երկիրը ռուս-թուրքական ծրագրերի շրջանակում պահելուն։ Նրանց «պայքարն» ակտիվ քարոզչական աղմուկով բերվել է առաջին պլան, խլացնելու համար երկրից հնչող հազվադեպ սթափ ձայները։ Ռուսներն արդեն հայտարարել են, որ երեւանյան այս դիմակայությունը «անժամկետ» է։ Դա անհրաժեշտ է Մոսկվային ու Անկարային, Հայաստանի դիմադրության բացակայության պայմաններում լուծելու իրենց գոյության հարցը 1921-ի պայմանագրի ժամկետի ավարտի նախօրեին։

Հայկական իրավունքների, հայկական բանակի հանձնումը ներքին «դիմակայության» մասնակիցների վրա է, պատասխանատուների շրջանակը՝ հստակ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1956 | 0 | 0
Facebook