Ծանոթացեք Նիդերլանդների խորհրդարանի ընտրություններին մասնակցող կուսակցություններին
Ծանոթացեք Նիդերլանդների խորհրդարանի ընտրություններին մասնակցող կուսակցություններին
Նիդերլանդական քաղաքներից մեկում այսօրերին ընտրությունները գովազդող ցուցապաստառներից մեկը
2021 թվականի մարտի 17-ին Նիդերլանդների Թագավորությունում (Ն.Թ.) տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններին մասնակցում է 37 կուսակցություն, ինչը հետպատերազմյան ժամանակաընթացքի ռեկորդ է: Covid-19 համաշխարհային համաճարակով պայմանավորված՝ ձեռնարկվել են տարբեր միջոցառումներ` քվեարկության ընթացքում առողջապահական ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Սույն հոդվածի միջոցով մեր նիդերլանդահայ ընկերներին ենք ներկայացնում ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրած հիմնական կուսակցությունների մասին համառոտ հայերեն տեղեկատվություն, ինչը կօգնի կողմնորոշվել ու հասկանալ՝ որ կուսակցության գաղափարախոսությունն է իրեն ավելի հոգեհարազատ: Volkspartij voor Vrijheid en Democratie (VVD) Ազատություն և ժողովրդավարություն ժողովրդական լիբերալ կուսակցության (VVD) ղեկավարն է Մարկ Ռյութեն, ով 2010 թվականից ի վեր Ն.Թ. վարչապետն է: VVD-ի ծրագրում կարևորվում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ինչպես նաև բացառվում է պետության կողմից անձի իրավունքներին միջամտելը: Կառավարությունը պարտավոր է ապահովել քաղաքացիների անվտանգությունը: VVD կուսակցության ընտրությունների ծրագրում ընդգծվում է ուժեղ և ակտիվ կառավարության անհրաժեշտությունը՝ տնտեսություն ու հասարակությունն արդար ու առողջ պահելու համար: Կուսակցությունը խրախուսում է միջին ու փոքր բիզնեսները: VVD-ն առաջարկում է Նիդերլանդներում ապօրինի ներգաղթի քրեականացում, անհրաժեշտության դեպքում՝ միգրանտների արտաքսում: Partij Voor de Vrijheid (PVV) Ազատություն կուսակցությունը (PVV) խորհրդարանական կուսակցություն է, որը հանդես է գալիս պահպանողական, ազատական (լիբերալ), «աջ» և «ձախ» դիրքերից: Կուսակցության ղեկավարը Խիրտ Վիլդերսն է: PVV-ը հիմնականում ընդդիմության մաս է կազմել (բացառությամբ 2010-2012 թվականների): PVV-ը մասնավորապես դեմ է «Հոլանդական հասարակության իսլամացմանը», ինչն, ըստ կուսակցության, արդեն իսկ սպառնում է երկրի անվտանգությանը: Կուսակցությունն իր առջ դնում է «Ազգային և Բրյուսելի էլիտայի» դեմ պայքարը, միգրացիայի, տնտեսության զարգացման և անվտանգության ոլորտների ամրապնդումը: Ն.Թ.-ը պետք է վերականգնի քաղաքական, մշակութային և տնտեսական անկախությունը: Christen-Democratisch Appèl (CDA) Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը (CDA) քրիստոնեական արժեհամակարգով գործող քաղաքական կուսակցություն է, որի ղեկավարն է ներկայիս ֆինանսների նախարար՝ Ոպկե Հուկստրան: 2012-2017 թվականներին ընդդիմադիր դաշտում գտնվելուց հետո, CDA-ն 2017թ.-ի հոկտեմբերից իշխանական կոալիցիայի մաս է կազմում: Կուսակցությունն ընդունում է Աստծո խոստումների, գործերի և պատվիրանների մասին աստվածաշնչյան վկայությունները՝ որպես մարդու, հասարակության և կառավարության որոշիչ գործոններ: Կառավարությունը Աստծո ծառան է: CDA-ի սկզբունքներում կարևոր է այն ելակետը, որ մարդը Աստծո կողմից ստեղծված աշխարհի կառավարիչն է: Բնությունն ու բնական միջավայրը պետք է հարգվեն և պաշտպանվեն մարդու կողմից: Հիշեցում. CDA-ի մի քանի պատգամավորներ (Օմզիխտ, Վան Հելվերտ) խորհրդարանում Հայաստանին և Ղարաբաղին սատարող ակտիվ գործունեություն են ծավալել և՛ 2020-ի Ղարաբաղյան պատերազմի օրերին, և՛ հետպատերազմյան ժամանակաընթացքում: Վան Հելվերտն իր թեկնածությունն է առաջադրել գալիք ընտրություններում: Democraten 66 (D66) «Դեմոկրատներ 66» -ը (D66) բարեփոխական (ռեֆորմստական) սոցիալ-ազատական (լիբերալ) կուսակցություն է: Կուսակցության նախագահն է Արտաքին Առևտրի և Զարգացման Համագործակցության ներկայիս նախարար` Սիխրիդ Կաախը: Որպես սոցիալական լիբերալիզմի մի մաս, D66-ը կենտրոնացած է ժողովրդավարության վրա: Բացի ժողովրդավարությունից, D66-ը կարևորում է պրագմատիզմը: «D66-ը գործնական և արդյունքին ուղղված քաղաքականություն է վարում՝ հիմնվելով իր իդեալների վրա՝ առանց դոգմաների», - նշվում է կուսակցության հիմնական ծրագրում: GroenLinks GroenLinks-ը առաջադիմական «ձախ» կուսակցություն է, որը մեծ նշանակություն է տալիս կայունությանը: Կուսակցության ղեկավարն է Յեսսե Կլավերը: GroenLinks-ը հարում է «կանաչների» գաղափարախոսությանը: Կուսակցության նպատակներից մեկն է. «Կենսունակ միջավայր և էկոլոգիական հավասարակշռության վերականգնում՝ գիտակցելով, որ բնական ռեսուրսները անսպառ չեն»: Էկոլոգիապես մաքուր արտադրությունը պետք է խթանվի և զգալիորեն աճի: Արդյունավետ բնապահպանական քաղաքականությունը պետք է ունենա սոցիալիստական հիմնավորում: Կանաչների քաղաքականությունը պահանջում է հարստության գլոբալ վերաբաշխում: Աղքատությունն ու գիտելիքների պակասը զարգացող երկրներում հանգեցնում են շրջակա միջավայրի ոչնչացմանը: Socialistische Partij (SP) SP-ն սոցիալիստական, եվրասկեպտիկ կուսակցություն է: Կուսակցության ղեկավարն է Լիլիան Մարայնիսենը: Կուսակցության սոցիալիստական բնավորությունը ակնհայտ է հիմնական ծրագրից: SP-ն ձգտում է ազգաբնակչության համար ապահովել հավասար հնարավորություններ: Հիմնական քաղաքական տեսակետերն են աշխատանքի, արժանապատիվ եկամտի կամ սոցիալական բավարար նպաստի, անվճար կրթության և առողջապահության ապահովման իրավունքները: Հիշեցում. SP պատգամավոր Սադեթ Կարաբուլութը նույնպես ակտիվորեն սատարել է Հայաստանին հուզող հարցերի քննարկման ապահովումը խորհրդարանում: Partij van de Arbeid (PvdA) PvdA-ն լեյբորիստական կուսակցություն է, որն ունի պրոգրեսիվ, սոցիալ-դեմոկրատական թեքում: Կուսակցության ղեկավարն է Լիլիաննե Պլումենը: Կուսակցությունը կարևորում է արժանապատիվ կյանքի և մարդու հասարակության մեջ լիարժեք մասնակցության իրավունքը: Կարևոր սկզբունքներ են նաև մարդու հավասար հնարավորությունների ապահովումը, եկամուտների արդարացի բաշխումն ու կայուն զարգացումը: Միջազգային համերաշխությունը և ժողովրդավարական ուժեղ Եվրոպան նույնպես կարևոր ելակետեր են: PvdA-ն կողմ է քաղաքական փախստականների ընդունմանը, սակայն դեմ է անսահմանափակ ներգաղթին: Ներգաղթյալները պետք է ինտեգրվեն՝ սեփական մշակույթի պահպանման իրավունքով: ChristenUnie (CU) ChristenUnie-ն քրիստոնեական կուսակցություն է, որն ունի առաջադեմ սոցիալական, էկոլոգիական և էթիկապես ավելի պահպանողական դիրքեր: Կուսակցության ղեկավարն է Խերտ-Յան Սեխերսը: Կուսակցությունը ճանաչում է Աստծո իշխանությունը քաղաքական կյանքի նկատմամբ: Կառավարությունը տրված է Աստծո կողմից և ծառայում է Նրան: ChristenUnie-ի քաղաքական համոզմունքն արմատավորված է Աստվածաշնչով: Կուսակցությունը ճանաչում է պետության և եկեղեցու տարանջատումը: Ըստ կուսակցության՝ կառավարությունը երաշխավորում է հոգևոր ազատությունը և հարգում եկեղեցու անկախությունը օրենսդրության և քաղաքականության մեջ: Հիշեցում. CU-ի պատգամավոր Յոել Վորդեվինդը նույնպես ակտիվորեն սատարել է Հայաստանին հուզող հարցերի քննարկման ապահովմանը՝ խորհրդարանում: Partij voor de Dieren (PvdD) PvdD-ն կենդանիների կուսակցություն է՝ էկոլոգիական հիմքով: Կուսակցության ներկայիս ղեկավարը Էսթեր Օուվեհանդն է: Կուսակցությունը կենդանիներին համարում է հասարակության մեջ անպաշտպան արարածներ և որպես նպատակ ունի կենդանիների բարեկեցությունը վերադարձնել քաղաքական օրակարգ: Կենդանիների կուսակցության սկզբունքն է. կենդանիները գիտակցված և զգացող էակներ են, ինչպես մարդիկ, հետևաբար, ուեն մարդու կողմից հարգալից վերաբերմունքի արժանանալու բարոյական իրավունք: Կենդանիների իրավունքները պետք է հիմնավոր ամրագրվեն օրենսդրությամբ: Կուսակցությունը դեմ է որսին: 50PLUS 50PLUS-ը քաղաքական կուսակցություն է, որը կենտրոնանում է հիմնականում 50-ից բարձր տարիքի մարդկանց շահերի պաշտպանման վրա: Ըստ կուսակցության՝ այս խումբը անբավարար է ներկայացված Նիդերլանդների քաղաքականությունում: Կուսակցության առաջնորդն է Նոբերտ Կլայնը: Որպես պատասխանատու, գիտակից անհատներ՝ տարեցներն արժանի են հասարակության մեջ լիարժեք իրենց դերն ունենալ: Բոլոր սերունդների շահերը պետք է ներկայացվեն հավասարակշռված: 50 տարեկանից բարձր մարդիկ ունեն բնակարանի, եկամտի, աշխատանքի, անվտանգության, խնամքի և կրթության իրավունք: Կուսակցությունը զբաղվում է բոլոր սոցիալական խնդիրներով՝ հիմնվելով անհատի ազատության, սոցիալական արդարության և սոցիալական պատասխանատվության իրավունքների վրա: Staatkundig Gereformeerde Partij (SGP) Բարեփոխված Քաղաքական Կուսակցությունը պահպանողական քրիստոնեական աջաթևյան կուսակցություն է: Հավատարիմ է աստվածաշնչյան չափանիշներին խստորեն համապատասխան քաղաքականություն վարելուն: Կուսակցության ղեկավարն է Կեյս վան դեր Ստայը: SGP-ը դեմ է եկեղեցական պետությանը կամ պետական եկեղեցուն: Պետությունն ու եկեղեցին ունեն իրենց առանձին պատասխանատվությունները: Կուսակցությունը տարբերվում է մյուս քրիստոնեական կուսակցություններից նրանով, որ պետությունը պետք է խթանի քրիստոնեությունը, այլ ոչ թե այլ համոզմունքներ: DENK DENK-ը, բոլոր նիդերլանդցիների նկատմամբ հարգանքի վրա կենտրոնացող քաղաքական կուսակցություն է: Կուսակցության ներկայիս առաջնորդը Ֆարիդ Ազարքանն է: DENK-ը ձգտում է հանդուրժողականության և հավասարության՝ ժողովրդավարական սահմանադրական պետության շրջանակներում: Կուսակցությունը ցանկանում է փակել բացը քաղաքականության և քաղաքացիների միջև և խթանել միջազգային արդարությունը: DENK-ը բազմազանությունը տեսնում է որպես նիդերլանդական հասարակության շարժիչ ուժ: Հիշեցում. կուսակցությունը դեմ է քվեարկել խորհրդարանում Հայաստանին և Արցախին սատարող բոլոր նախագծերին: Forum voor Democratie (FVD) Ժողովրդավարության ֆորումը լիբերալ-պահպանողական կուսակցություն է, որը հաճախ դիտվում է որպես «աջ» ազգայնական: Կուսակցության ղեկավարն է Թիերի Բոդեն: Ծրագրում կարևորվում է ուղղակի ժողովրդավարության տարբեր ձևերի ներդրումը, ինչպիսիք են օրինակ հանրաքվեները: Կուսակցությունը դեմ է փակ վարչական մշակույթին: Աշխեն Բակլաչյան Նյութը գրվել է Եվրամիության «Solidarity Corps» «Աջակցիր թերթին» նախագծի շրջանակում, փորձի՛ր ուժերդ, թղթակցիր «Նիդ.օրագրին» : Dit artikel is geschreven in het kader van het EU-project "Solidarity corps". Wil jij ook schrijven voor Niderlandakan Oragir? Stuur dan een berichtje en wordt ook vrijwilliger! |