Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հիտլերի հիվանդությունները

20:05, չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ.
Հիտլերի հիվանդությունները

1933 թվականին իշխանությանը տիրելուց քիչ ժամանակ անց Հիտլերը սկսել է տրտնջալ ճաշելուց հետո ստամոքսի շրջանում պարբերաբար կրկնվող սպազմատիկ ցավերից: Իր կերպարը հասարակության ու մերձավոր շրջապատի աչքում պատշաճ բարձրության պահելու համար Հիտլերը երկար ժամանակ մերժել է իր անձնական բժիշկ Կարլ Բրանդտի համառ պնդումը համակողմանի բժշկական հետազոտության ենթարկվելու մասին:

Հիտլերի մայրը կրծքի քաղցկեղից էր մահացել, և նա այն աստիճան է համակված եղել քաղցկեղի հարուցած սարսափով, որ անկեղծորեն խոստովանել է, թե վախենում է ռենտգենյան հետազոտությունից, որովհետև կարծել է, թե այն կհաստատի իր ստամոքսում չարորակ գոյացության առկայությունը:

Զայրույթի պահերին նա բղավել է, հետո տրտնջացել է, թե դժվարանում է խոսել: Հիտլերը հավատ չի ընծայել բժիշկ ֆոն Էյկենի այն ախտորոշմանը, թե խոսելու թեթևակի դժվարության պատճառը ձայնայնալարի պոլիպն (կոթավոր ուռուցք) է, որը հեշտությամբ հեռացվել է:

Հիտլերը ջանացել է տեղյակ լինել բժշկագիտության նորություններին՝ ամենևին չվստահելով պաշտոնական բժշկությանը: Բժշկագիտության նորությունների մանրակրկիտ ընթերման արդյունքում է նա որոշում կայացրել խստորեն հետևել բուսակերության սննդակարգին, որը բաղկացած է եղել բանջարեղենից, հացահատիկային բույսերից, մեղրից, սնկերից, մածունից, յոգուրտից…Ճանապարհորդելիս՝ նրա պայուսակում միշտ տարբեր դեղեր են եղել: Իր պայուսակում միշտ դեղեր է պահել նաև ԱՄՆ Նախագահ Քենեդին:

Հիտլերը ծանոթացել է համապատասխան կրթություն չստացած հոգեբան Թեո Մորելի հետ, որը տևական ժամանակ ծառայել է նավատորմում և, ի վերջո, Բեռլինի հարուստ թաղամասերից մեկում մասնագիտացել է մաշկաբանության և սեռավարակաբանության մեջ: Նրա հաճախորդներն են եղել դերասանները, արվեստագետները, աշխարհիկ կանայք, քաղաքական գործիչները, և այլոք: Նրա բոլոր բժշկական փաստաթղթերն ամերիկացիները բռնագրավել են ու տեղափոխել Վաշիգտոն: Այդ փաստաթղթերից հայտնի է դարձել, որ նա գլխավորապես բուժել է պաշտոնյաներին, բայց շրջահայեցորեն չի գրանցել իր հիվանդների ախտորոշումները. հենց որ նրանցից որևէ մեկը իսկապես հիվանդ է եղել, նա նրան որևէ մասնագետի մոտ քննության է ուղարկել: Սակայն նա սիրել է փորձարկել նոր դեղամիջոցները և շատ է հետաքրքրվել հյուսվածքային հանուկներով (էքստրատներով): Նա թերապևտիկական մոլուցք է ունեցել «Մուտաֆլոր» կոչվող պատրաստուկի նկատմամբ, որն ստացել են բուլղարացի գյուղացիների կղանքից աճեցված բակտերիաներից: Դիկտատորի կղանքի քննությունը բժիշկ Մորելին օգնել է բացահայտելու աղիքային ֆլորայի մի դիզբակտերիա: Դիսբակտերիան 30-ական թվականների պարաբժշկության շրջանակներում շատ մոդայիկ թեմա է եղել: Մորելն իր ամբողջ հեղինակությունը կառուցել է այս դիսբակտերիայի և դրանով բուժման վրա:

Բժիշկ Մորելը Հիտլերի մտերիմ լուսանկարիչ Հոֆմանի միջնորդությամբ է կանցլերի անձնական բժիշկը դարձել: Երբ Մորելն առաջին անգամ քննել է Հիտլերին, ամենայն հավանականությամբ, շուրջ քսան տարի լուրջ կլինիկական բժշկությունից հեռու է եղել: Նրա անձնական գործերում սիստեմատիկ հետազոտություն չկա, կա ընդամենը մի քանի գրառում 1936 թվականի մայիսին կատարած հետևյալ բուժքննության մասին. պիլորոսպազմ (ստամոքսաելքի կարկամում), լյարդի ձախ հատվածի մեծացում, աջ երիկամի դյուրզգայնություն և այլն:

Կղանքի քննությունից հետո ախտորոշումը՝ աղիքային դիսբակտերիոզ: Բուժումը՝ «Մուտաֆլոր»: Հիտլերը ոգևորված է. ոչ մի բժիշկ նրան երբեք տրամաբանորեն չի բացատրել իր աղիքային խանգարումների պատճառը: «Ես ճշգրտորեն կկատարեմ նրա ցուցումները», - ասել է ֆյուրերը: Նա հաստատել է, որ իրեն մոտավորապես երկու տարի է, ինչ լավ է զգում: Նա համոզվե՞լ է արդյոք, որ իր աղիքային խանգարումները քաղցկեղի հետևանք չեն: Եղե՞լ է արդյոք «Մուտաֆլոր –ը համադարման: Երբ Մուտաֆլորի ազդեցությունն անցել է, Հիտլերը նորից է գանգատվել, և Մորելը, փոխանակ մասնագետների հրավիրի կոնսուլտացիայի, սկսել է նշանակել առավել վտանգավոր պատրաստուկներ:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
802 | 0 | 0
Facebook
COMMENT.am