Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ահա՛ քեզ ակնեղեն եմ ուղարկում, կախի՛ր այն վզիցդ, կանացի գոտին մեջքի՛դ կապիր, ու թող իլիկը միշտ ձեռքիդ լինի, քանի որ ուխտադրժությունն ու անշնորհակալությունը կանանց է բնորոշ»

00:49, ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ.
«Ահա՛ քեզ ակնեղեն եմ ուղարկում, կախի՛ր այն վզիցդ, կանացի գոտին մեջքի՛դ կապիր, ու թող իլիկը միշտ ձեռքիդ լինի, քանի որ ուխտադրժությունն ու անշնորհակալությունը կանանց է բնորոշ»

Այս երկու հզոր պետությունների միջև պատերազմի տևականության ամենագլխավոր պատճառներից մեկն էլ եղել է երկու տիրակալների ամբարտավանությունը: Որմիզդը, օրինակ, Բյուզանդիայի կայսրի հետ խոսել է մի լեզվով, որը, ըստ նրա, պիտի արտացոլեր պարսկական մեծ պետության արժանապատվությունը: 585 թվականին նրա դեսպանը Ամիդ քաղաքում ընդունվելով բյուզանդական բանակում, հետևյալն է հայտարարել Փիլիպիկ զորավարին. «Այստեղ ես միայն թշնամիների եմ տեսնում, բայց շուտով նրանք մեր բարեկամները կդառնան, եթե կամենան լսել իմաստության խորհուրդը: Պարսից արքան ձեզ առաջարկում է հաշտություն: Խաղաղության սերը վայել է արքայական սրտին, բայց նա, չերկյուղելով պատերազմից, ձեզ առաջարկում է հաշտություն: Թող ձեզ չթվա, թե ձեր թեթևակի հաջողությանները վախեցնում են մեր տիրակալին: Նա բավականաչափ ուժեղ է վրեժ հանելու համար: Այն, ինչ նա հիմա անում է, աղաչանք չէ, այլ խորհուրդ է, որ տալիս է ձեզ»:

Իսկ Մավրիկոսը, ստանալով այս հայտարարությունը, որի մեջ տրված էին նաև հաշտության պայմանները, իր զորավարին գրում է, որ նա, պատասխանի փոխարեն, պատերազմական գործողությունները ծավալի Պարսկաստանի սրտի մեջ:

Սեփական ռազմական գործողությունները վարելուն զուգահեռ՝ բյուզանդացիներն Իրանի վրա հարձակվելուն են հրահրել նրա հարևաններին՝ արաբներին, խազարներին, վրացիներին ու թուրքերին: Պարսիկների համար առանձնահատուկ վտանգ են ներկայացրել վերջինները, քանի որ արաբներից, որպես կանոն, հաջողվել է կաշառելով գլուխն ազատել, իսկ խազարներն ու վրացիները շատ ուժեղ չեն եղել: 589 թվականի աշնանը Թուրքական պետության կառավարիչ Կարա Չուրինի որդին՝ Սավե շահը, վիթխարի բանակով հարձակվել է Իրանի վրա: Թուրք խաքանի որդին Որմիզդից պահանջել է նորոգել ճանապարհներն ու կամուրջները, որոնցով իր զորքերը պիտի գնան իրենց դաշնակից Բյուզանդիա:

Սահմանապահ զորքը թշնամու ճնշման տակ նահանջել է՝ բացելով ճանապարհ դեպի Խորասան: Բայց երբ Պարսկաստանի պաշտպանության գործի ղեկավարումը հանձնվել է Մեհրևանդակ տոհմի հռչակավոր ներկայացուցիչ Բահրամ (Վահրամ) Չուբինին, Հերաթի մոտ թուրքական խաքանության զորքերը խոշոր պետություն են կրել, և խաքանի որդին ստիպված է եղել գալ Տիզբոն և հաշտություն կնքել:

Որմիզդը որոշել է հյուսիսային ուղղությամբ արշավանք սկսել բյուզանդացիների դեմ՝ Լազիկան ու Վրաստանը նորից նվաճելու և միևնույն ժամանակ թշնամու հարավային ճակատը թուլացնելու համար: Բահրամ Չուբինը հրաման է ստացել անցնել Այսրկովկաս: Բայց բյուզանդացիները նկատել են նրա շարժումը և զորք են ուղարկել դեպի Աղվանք՝ Չուբինի առաջխաղացումը կանխելու համար: Մտադիր լինելով հենակետ դարձնել Ատրպատականի Գանձակ Շահաստանը (ներկայիս Թավրիզ) Չուբինը կանգ է առել Արաքսի ափին՝ Սյունյաց աշխարհի հարավարևելյան սահմանների վրա: Հենց այստեղ էլ երկու բանակները հանդիպել են իրար: Չորս-հինգ օր ոչ մի ռազմական գործողություն չի ընթացել, կողմերը չեն համարձակվել անցնել Արաքսը, որն այդ հատվածում այնքան նեղ հուն է ունեցել, որ երկու ափերին կանգնած թշնամի զինվորները խոսել են իրար հետ: Վերջապես Չուբինը բյուզանդացի զորավարին առաջարկել է պայմանավորվել կռիվն սկսելու մասին, իսկ դրա համար հարկավոր էր, որ կողմերից մեկն անցներ գետը: Բյուզանդացիները թույլ են տվել, որ Չուբինի զորքերն անցնեն գետը: Եվ սկսվել է արյունահեղ կռիվը: Պարսիկները ջախջախիչ պարտություն են կրել: Վահրամը մարտադաշտից հանել է իր զորքերի մնացորդներն ու ետ է քաշվել:

Առնելով այդ պարտության լուրը՝ Որմիզդը Բահրամ Չուբինին մի ձեռք կանացի զգեստ է ուղարկել: Այդ վարմունքը վրդովեցրել է ոչ միայն Չուբինին, այլև երկար ճանապարհ անցած ու դժվարին մարտական ու ոչ մարտական գործողություններում ուժասպառված զորքին: Վիրավորանքին պատշաճ վիրավորանքով պատասխանելու համար Բահրամը Որմիզդին մի նամակ է գրել՝ «Որմիզդին՝ Խոսրովի աղջկան» հասցեագրմամբ: Կատաղած Որմիզդն իսկույն իր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին ուղարկել է, որ բռնի Բահրամին և շղթայակապ իր մոտ բերի, բայց Բահրամն այդ պաշտոնյային գցել է իր մարտական փղերից մեկի ոտքերի տակ և իր զորքի հետ ապստամբել է Որմիզդի դեմ: Դա տեղի է ունեցել 589 թվականին: Շուտով Բահրամի բանակին է միացել պարսկական այն զորքը, որը բյուզանդացիներից պարտվել էր Մծբինի մոտ ու փախուստի էր դիմել՝ չհամարձակվելով վերադառնալ Տիզբոն, որովհետև Որմիզդը հրամայել էր միայն հաղթանակի դեպքում վերադառնալ, այլապես բոլորը մահապատժի կենթարկվեն:

Բահրամին ակներևորեն համակրող հանրագիտակ գիտնական Աբու Հանիֆա Դինավարին ասում է, թե շահը հավատացել է պալատականների այն խմբի ասածին, թե Չուբինը պարտված թուքերից վերցված ոչ ամբողջ ավարն է մայրաքաղաք ուղարկել: Դա խիստ զայրացրել է շահին և «նա Բահրամին ակնեղեն, կանացի գոտի ու իլիկ է ուղարկել ու գրել է. «Հիմա ինձ համար պարզ է, որ վերցրածդ ավարից դու շատից քիչն ես ինձ ուղարկել, բայց դրանում մեղավորը ես եմ, քանի որ ես քեզ բարձրացրի: Ահա քեզ ակնեղեն եմ ուղարկում, կախիր այն վզիցդ, կանացի գոտին մեջքիդ կապիր, ու թող իլիկը միշտ ձեռքիդ լինի, քանի որ ուխտադրժությունն ու անշնորհակալությունը կանանց է բնորոշ»: Երբ այդ իրերը հասցվեցին Բահրամին, նա զսպեց իր զայրույթը և հասկացավ, որ դա զրպարտիչների արածն է: Նա ուսերին կանացի զգեստ գցեց, մեջքին կանացի գոտին կապեց, ձեռքն առավ ճախարակը, ապա իր մոտ կանչեց իր շքախմբի մեծավորներին և երբ նրանք մտան նրա մոտ, նա կարդաց թագավորի՝ իրեն հասցեագրված նամակը»:

«Եվ երբ նրա զինակիցներն այդ լսեցին, հուսահատության մեջ ընկան թագավորի արարքից ու հասկացան, որ նա վարձահատույց չի լինի իրենց ծառայությունների դիմաց...Բահրամի զինակիցները նրան ասացին. «Որմիզդ թագավորի դեմ ապստամբությանը դու մեզ կհետևես, այլապես մենք քեզ կտապալենք ու մեր վրա ուրիշին կկարգենք»: Տեսնելով նրանց միակամությունը, նա ափսոսանքով, տագնապով ու զզվանքով ընդունեց նրանց առաջարկը»:

Մի խոսքով, Բահրամի շրջապատն աջակցել է ապստամբությանը: Խորասանից Ռեյ գալով՝ ապստամբության ղեկավարը հրամայել է գահաժառանգ Խոսրովի անվամբ դրամ հատել՝ ցանկանալով այդ կերպ հորն ու որդուն գժտեցնել: Եվ, հիրավի, դրան հետևել է պառակտումը թագավորական ընտանիքում: Խոսրովը պաշտպանություն է գտել Ատրպատականում՝ տեղի մարզպանի մոտ: Այդ ընթացքում շահը զնդանն է նետել արքայազնի մոր եղբայրներին՝ Վնդոյին և Վստամին (Ֆիրդուսու «Շահնամե» -ում՝ Բինդու և Բիստամ), իսկ Բահրամ Չուբինի գլխավորած խռովարարների դեմ զորք է ուղարկել: Բայց Բահրամի՝ այդ զորքում գտնվող կողմնակիցները սպանել են իրենց հրամանատարին և անցել են ապստամբների կողմը:

Երկու բանակների ապստամբությունը համարձակություն է ներշնչել Որմիզդին ատող բազմաթիվ պալատական ազնվատոհմիկներին ու զրադաշտական կղերականությանը: Նախապատրաստվել է հեղաշրջում: Նրանք Որմիզդի երեսին ասել են. «Քո գանձարանները լի են ոսկով, բայց արցունքով էլ լի են քաղաքներն ու պալատները, դաշտերն ու դաստակերտները»: Մոտավորապես նույնի մասին է վկայում 7-րդ դարի վերջի ասորական անանուն տարեգրությունը. «...նա (այսինքն Որմիզդ 4-րդը) հարկեր բարձեց իր ազնվականության ու ամբողջ աշխարհի վրա»: Ապստամբության պատճառների մասին է՛լ ավելի հստակ է ասել ադ Դինավարին. «Փոխանցեցին նրանք (Վնդոն և Վստամը) մեծերին. «Ազատվեք թրքուհու որդուց, այսինքն Որմիզդ թագավորից, որովհետև նա մահապատժի է ենթարկել մեզանից լավագույններին ու ոչնչացրել է մեր մեծատոհմիկներին…» »:

Բահրամ Չուբինի ապստամբության լուրը Որմիզդին հասել է այն ժամանակ, երբ նա մայրաքաղաք Տիզբոնից հեռու է եղել: Նա շտապել է Տիզբոն հասնել, բայց տեղեկացել է, որ այդտեղ էլ է ապստամբություն սկսվել: Զգալով, որ կատարելապես անզոր է ապստամբների դեմ՝ Որմիզդը, որպեսզի տպավորություն գործի խռովարարների վրա, հագել է արքայական ամենաճոխ զգեստները, նստել է իր գահին ու շուրջն է բոլորել իր սիրելիներին ու հավատարիմ մնացած թիկնապահներին: Ներս է մտել Վնդո անունով մեծատոհմիկը, որին Որմիզդը տարիներ առաջ ուղարկել էր Հայաստան, հետո պաշտոնանկ էր արել ու բանտարկել: Ջանալով մինչև վերջ պահպանել իր արժանապատվությունը՝ Որմիզդը գոչել է. «Ո՞ւմ հրամանով ես դուրս եկել բանտից, որտե՞ղ ես ձեռք բերել այդ հանդգնությունը, և ի՞նչ է նշանակում այդ թափորը, որի գլուխն անցած՝ դու համարձակվել ես երևալ աչքիս»: Բայց արժանապատիվ կեցվածքը Որմիզդին չի փրկել: Վնդոն նրան հիշեցրել է, թե քանի՜-քանի՜ մարդ է խեղդամահ արել Տիգրիսի ջրերում, ապա ցած քաշելով գահից՝ վերցրել է նրա գլխի խույրը և իր հետևորդներին հրամայել է կապկպել նրան: Որմիզդն այլևս գահազուրկ էր: Նրան սկզբում բանտարկել են, ապա՝ կուրացրել: Ապստամբները գահ են բարձրացրել նրա անչափահաս որդուն՝ Խոսրովին: Սա փորձել է ամոքել հորը, նրան ընծաներ է ուղարկել, որպեսզի ցույց տա, թե չի մոռացել նրան, բայց հպարտ Որմիզդը ետ է ուղարկել ընծաները, ուստի և սպանվել է որդու հրամանով: Այս իրադարձությունների մասին ադ Դիվադին հետևյալն է գրել.

«Կուրացված Որմիզդին տեսակ-տեսակ խորտիկներ են մատուցել, բայց նա այդ ամենը երեսպաշտություն է համարել ու այդ պատճառով մերժել է՝ որպես վիրավորանք: Այդ մերժումն էլ Որմիզդին մահվան է հասցրել: Նրա փորին հարվածել են բռունցքներով, իսկ մահակներով՝ պարանոցին՝ կոտրելով ողերը: Այսպիսի ողբալի ձևով է ավարտվել Որմիզդի կյանքը»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4117 | 0 | 0
Facebook