Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մոգերը ոչ մի ազդեցություն չեն ունեցել Որմիզդի վրա, և նա չի ընդառաջել քրիստոնյաների իրավունքները սահմանափակելու՝ նրանց խնդրանքին

00:24, հինգշաբթի, 11 փետրվարի, 2021 թ.
Մոգերը ոչ մի ազդեցություն չեն ունեցել Որմիզդի վրա, և նա չի ընդառաջել քրիստոնյաների իրավունքները սահմանափակելու՝ նրանց խնդրանքին

Իր հոր՝ Խոսրով Անուշիրվանի նման, Որմիզդ 4-րդը ձգտել է չխախտել իր պետության մեջ քրիստոնեական և զրադաշտական կրոնների միջև ձևավորված հավասարակշռությունը:

Ատ Թաբարին գրում է.

«Մոգպետները Որմիզդին դիմում են գրել՝ չարախոսելով քրիստոնյաներին, իսկ նա հետևյալ որոշումն է կայացրել.

«Ինչպես մեր թագավորության գահը չի կարող կանգնել միայն իր առջևի երկու ոտքի վրա՝ առանց հետևի երկու ոտքի, այնպես էլ մեր թագավորությունը չի կարող կանգուն մնալ ու ամրապնդվել, եթե մեր դեմ գրգռենք մեր երկրում ապրող քրիստոնյաներին ու մեզ հետ անհամաձայն այլ կրոնների հետևորդներին: Ձեռնպահ մնացեք քրիստոնյաների վրա հարձակումներից ու աննահանջ կերպով շարունակեք արդար գործերը, որպեսզի այդ քրիստոնյաներն ու մյուս հավատների հետևորդները հասունանան ու գովաբանեն ձեզ դրա համար ու նրանց սրտերը մղվեն ձեր դավանանքին» »:

Նեստորական եպիսկոպոսների ժողովը, որ տեղի է ունեցել 585 թվականին, գովաբանել է շահին.

«Առանձնահատուկ ցույց տվեց առատ գթասրտություն ու մեծ սեր մեր քրիստոնյա ժողովրդի, ստրուկների ու թագավորության բոլոր հպատակների նկատմամբ»:

Նեստորականների նկատմամբ բարեհաճ վերաբերմունքը չէր կարող դուր գալ մոգերին, մանավանդ որ շահը սահմանափակել էր դատավարական գործերում նրանց իրավունքները:

Հակառակ այդ ժամանակվա ավանդույթի՝ պատերազմասեր ու գոռոզ Որմիզդն ավելորդ է համարել իր գահ բարձրանալու մասին հատուկ պատգամավորության միջոցով տեղեկացնել Բյուզանդիայի կայսրին: Նման իրադարձությունը վաղեմի սովորություն է եղել այս երկու մեծ պետությունների միջև և տեղեկատու պատվիրակություն է ուղարկվել նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք իրար դեմ պատերազմելիս են եղել: Բյուզանդիայի Տիբերիոս 2-րդ կայսրը փորձել է հաշտություն առաջարկել Իրանի այս նոր վեհապետին, , բայց նրանից պատասխան է ստացել, թե իր հայր Խոսրովը կարող էր հաշտություններ կնքել, ինչպես ինքն էր ուզում, որովհետև երկրներն իր սրով էր նվաճել, մինչդեռ ինքը՝ Որմիզդը, պետությունն ընդամենը ժառանգություն է ստացել և այդ ժառանգությունը պարտավոր է պահպանել: Բայց և այնպես, Որմիզդը պատրաստակամություն է հայտնել ընդունել հաշտության առաջարկությունը միայն այն պայմանով, որ Բյուզանդիան վճարի խոստացած հարկը: Կայսրը մերժել է այս առաջարկը, և 579 թվականի ամռանը պատերազմը վերսկսվել է:

Տիբերիոսն Արևելքում կենտրոնացված բյուզանդական զորքերի գլխավոր հրամանատարությունը հանձնել է Մավրիկոս (նա մեզանում առավել հայտնի է Մորիկ անունով) զորավարին, որը հաջողեցրել է, որ պատերազմական գործողությունները պարսկական հողի վրա ընթանան: Արշավանքը երկու ուղղությամբ է տարվել: Ինքը՝ Մավրիկոսը, Հայաստանի վրայով անցել է Մարաստան, այնտեղից մտել է Միջագետք, իսկ Հուստինիանոս զորավարն ավելի հյուսիսային ուղղությունը բռնելով՝ դարձյալ Հայաստանի վրայով մտել է Աղվանք ու հասել մինչև Կասպից ծովի ափերը, որտեղ ջախաջախել է պարսիկներին: Իսկ Մավրիկոսը Եփրատի ափերին հաղթելով Որմիզդին՝ գրավել է ամբողջ Միջագետքը: Մավրիկոսի բանակում է ծառայել հայկական ծագում ունեցող Ներսես զորավարը, որն արդեն հռչակված էր «Տիբերիական» անվանված մեծ գնդով, որը Ներսեսն անձամբ էր կազմել՝ հավաքագրելով հիմնականում սկյութների:

Հաղթական դափնիներով պսակված Մավրիկոսը մտել է Կոստանդնուպոլիս, և կայսրը նրան մեծ շուքով դիմավորել է, ապա՝ փեսայացրել՝ ամուսնացնելով նրան իր դստեր հետ ու գահաժառանգ հռչակելով: 582 թվականին Տիբերիոսը մահացել է, և կայսր է հռչակվել Մավրիկոսը (Մորիկ), որը թագավորել է քսան տարի (582 – 602 թթ.):

Կայսր դառնալուց հետո Մավրիկոսն իր երկրի համար կարևորագույն է համարել Արևելքը և նորից ու նորից այնտեղ լեգեոններ է ուղարկել: Բայց ռազմական հաջողությունը ժպտացել է Իրանին: Դժգոհ այն իրողությունից, որ պարսիկներն սկսում են նեղը գցել բյուզանդացիներին՝ կայսրը փոխել է արևելյան զորքերի հրամանատարին: 583 թվականի աշնանը Արևելքի զորքերի նոր մագիստրը՝ կայսրի փեսա (քրոջ ամուսինը) Փիլիպիկը, ներխուժել է պարսից տարածք, թեպետ զգալի թվով մարդկանց է գերեվարել, բայց հաջողություն չի ունեցել: Նահանջելով պարսից զորքերի ճնշման տակ՝ բյուզանդացիները, ջրի պակաս ունենալով, սպանել են բոլոր մեծահասակ գերիներին, որպեսզի ջրի պահանջարկը նվազեցնեն: Հաջորդ տարի էլ պարսից բանակն է թալանել բյուզանդական ծայրագավառները: 585 թվականի գարնանը պարսիկները բյուզանդացիներին հաշտություն են առաջարկել, բայց Մավրիկոսը հրաժարվել է՝ համարելով, թե իր երկիրն առավել մեծ ներուժ ունի:

Սիրիայից մինչև Կովկաս հասնող բյուզանդա-պարսկական սահմանագծում մի քանի տարի մարտերն ընթացել են փոփոխակի հաջողություններով՝ սահմանամերձ տարածքներն անապատի վերածելով: Մինչև 580-ականների վերջը ընդհանուր գերակշռությունը բյուզանդացիների կողմն է եղել, հետո պարսիկներն են գերակշռության հասել: Բայց, ի վերջո, Որմիզդ 4-րդը ստիպված է եղել Բյուզանդիային վերադարձնել Խոսրով Անուշիրվանի կողմից գրավված քաղաքներն ու երկրամասերը:

Ութ տարի տևած պատերազմական գործողություններից առավ շատ տուժել են Հայաստանի հարավային նահանգները, որոնք մոտ էին գլխավոր ռազմաբեմի վերածված Միջագետքին: Առավել դժբախտ վիճակում են հայտնվել Աղձնիք նահանգի Արզն գավառի բնակիչները: Ոչ մի հնար չունենալով ազատվելու բյուզանդացիների հափշտակություններից ու կեղեքումներից՝ հայ ազգաբնակչությունը ստիպված է՝ եղել թաքնվել ցորենի հորերի մեջ:

(շարունակելի)

Նկարում՝ Սասանյանների զինանշանը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1352 | 0 | 0
Facebook
COMMENT.am