Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

ԽԱՂՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՓԼՎՈՂ ԹԱՏԵՐԱԲԵՄԻ ՎՐԱ

16:41, ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ.
ԽԱՂՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՓԼՎՈՂ ԹԱՏԵՐԱԲԵՄԻ ՎՐԱ

(2. Շարունակություն)
     ․
     Գալիս են Ժակը և Մանեն: Ժակը փորձում է Մանեին սիրահետել, բայց նա մեղմությամբ ընդդիմանում է:

ՄԱՆԵ– Ժա-կու-լի՜կ... Ասում եմ՝ հիմա ամեն ինչ ունի իր չափը...
     ԺԱԿ– Դե վե՛րջ տուր: Բժշկի հետ պայմանավորված եմ: Ուր որ է գալու է: Ժամանակ չկա:
     ՄԱՆԵ– Մենք՝ հայերս, մեր արժեքը արդեն գիտենք: Հետամնաց ամերիկացի հո չե՞նք... (Հոնքերի ներկը թարմացնելով) Այսպիսի աչքերին նայելը արժի, ասենք, երկո՛ւ հազար... Վարսերը շոյելը չո՛րս հազար...
     ԺԱԿ– (Ամուր գրկում է): Էլ մի՛ սկսիր:
     ՄԱՆԵ– Իսկ դա արդեն... Հինգ տարի...
     ԺԱԿ– (Համբուրում է): Իսկ սա՞...
     ՄԱՆԵ– Իսկ դա... (Անսպասելիորեն խփում է: Ժակը նրան թողնում է: Մանեն, վարսերն ուղղելով, հանգիստ երգում է): Տա՜-րա՛-րա՛-րա՛... տա՜-րա՛-րա՛...
     ԺԱԿ– Ինչ լավ է, որ աչքերս բացեցիր: Ես էլ ասում եմ՝ այս ինչի՞ց է, որ փողոցներում գիշերներն այդքան գեղեցկուհիներ կան: Պարզվում է՝ պատճառը մի հասարակ բան է՝ ինքնագնահատման կարողությունը, ճշգրիտ որոշված գինը:
     ՄԱՆԵ– Իսկ դու, ինչ է, գիրք չե՞ս կարդում:
     ԺԱԿ– Ի՞նչ կապ ունի:
     ՄԱՆԵ– Օ՜, միայն տեսնես, թե մեր հեղինակները հոգեկան աշխարհի ի՜նչ խորություններ, ի՜նչ բազմախորհուրդ ծալքեր, շերտեր են բացահայտում այդ պո... (Տոնը միանգամից փոխում է): Օրինակ՝ դու ինչքա՞ն կտաս այս... (փեշը մի փոքր բարձրացնելով) սիրունիկ ոտքերին: (Ժակը տարված նայում է): Ժա՜կ... (Լսվում է շտապօգնության ավտոմեքենայի ձայն, բայց Ժակը, Մանեով տարված, չի լսում): Ժա-կու-լի՜կ...

Բժշկուհու հետ գալիս է Աբիսողոմ աղան, տեսնում փեշը վեր բարձրացրած Մանեին և զարմանքից ցնցվում:

ԲԺՇԿՈՒՀԻ– (Պայուսակը բացում է, հանում ներարկիչը): Արագացրե՛ք, Աբիսողոմ աղա, արագացրե՛ք:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Մի պահ սթափվելուց հետո հիմա էլ բժշկի արածից է մնում զարմացած): Ի՞նչը... Ատ ի՞նչ կ’ընեք:
     ԲԺՇԿՈՒՀԻ– Ձեզ պիտի սրսկեմ: Վիրահատության պիտի պատրաստեմ:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Որո՞ւն... Ինծի՞...
     ԲԺՇԿՈՒՀԻ– Այո՛: Հակոբ Սերգեյիչը շատ էր անհանգստանում: Ասաց, որ սրսկենք ու անմիջապես տանենք իր մոտ, քանի դեռ...
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ...
     ԲԺՇԿՈՒՀԻ– Կաթված չեք ստացել: Ողջ եք: Սերգեյիչը շատ էր անհանգստանում: Ինչո՞ւ գալուն պես իր մոտ չեք գնացել: Հիվանդությունն արդեն խորացել է, բարդացել: (Ժամացույցին նայելով) Եթե կես ժամվա ընթացքում Ձեր սիրտը չվիրահատենք, ողջ չեք մնա:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ կ’ըսես: Դուն ի՞նչ գիտես: Ես առողջ եմ: Իմ սիրտս առողջ է: (Ձեռքը դնում է սրտին): Արագ-արագ կ’աշխատի:
     ԺԱԿ– Դա խաբուսիկ է: Մեր հաշվապահն էլ թվում էր առողջ, բայց երեկ հանկարծ կաթված ստացավ և...
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ:
     ԺԱԿ– Մեռավ: Չկարողացանք հասցնել Սերգեյիչի մոտ: Միանգամից տարանք դիահերձարան:
     ԲԺՇԿՈՒՀԻ– (Աբիսողոմ աղային) Քանի՞ օր է, որ այստեղ եք:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ըսենք թե՝ տասը:
     ԲԺՇԿՈՒՀԻ– Վա՜յ, Աբիսողոմ աղա: Ժամանակ մի՛ կորցրեք: Թանկ է ամեն վայրկյանը: Եթե Ձեզ մի բան պատահի, Սերգեյիչի ձեռքից չեմ պրծնի:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ըսի. «Ես առողջ եմ: Իմ սիրտս իրեն լավ կը զգա»:
     ԲԺՇԿՈՒՀԻ– Համոզեք, պարո՛ն Ժակ: Տասը օր է այստեղ է ու ասում է. «Իմ սիրտս առողջ է»: Մեզ ձեռ հո չե՞ք առնում, Աբիսողոմ աղա:
     ՄԱՆԵ– Վիրահատությունը թանկ չէ: Ընդամենը՝ հինգ հազար ոսկի:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բայց ես առողջ եմ: Ինծի լավ կը զգամ: Իմ սիրտս գերազանց կ’աշխատի:
     ԲԺՇԿՈՒՀԻ– Դա խաբուսիկ է, խաբուսիկ: Սերգեյիչը շատ էր անհանգստանում: Նրան ի՞նչ ասեմ:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ըսե, ինչ կ’ուզես: Ես ոչ մեկ Սերգեյիչի չեմ ճանչնար: Աս ի՞նչ կ’ուզեն ինձմե, պարոն Ժակ:
     ԲԺՇԿՈՒՀԻ– (Լացակումած) Գոնե ինձ խղճացեք: Սերգեյիչը աշխատանքից կազատի:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– է՛, ես ի՞նչ մեղավոր եմ: Ի՞նչ ընեմ:
     ԲԺՇԿՈՒՀԻ– Գնանք, թող վիրահատի:
     ՄԱՆԵ– Ընդամենը՝ հինգ հազար:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բայց ինչո՞ւ վիրահատե: Աս երկրին մեջ հիվանդ մարդ չկա՞, որ վիրահատե: (Լսվում է ձայն՝ վա՜խ... վա՜խ... մեռա՜... մեռա՜...):
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Ուրախացած) Ահա, աս ալ քեզի հիվանդ: Գնա, սրսկե, որքան կ’ուզես, վիրահատե սիրտը: (Բժշկուհին մնում է կանգնած): Տե գնա: Ինչո՞ւ չես երթար, չես սրսկեր:
     ԲԺՇԿՈՒՀԻ– Ընդամենը՝ հինգ հազար... (Աբիսողոմ աղան խստությամբ նայում է նրան: Բժշկուհին նահանջում է): Լավ: Հազար ոսկի և կկտրենք... (Կոնքի մոտ մատներով մկրատի շարժումներ է անում):
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Վախեցած) Ի՞նչը:
     ՄԱՆԵ– Կույր աղիքդ, Աբիսողո՛մ աղա, կույր աղիքդ կկտրեն:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ըսի. «Ես առողջ եմ»: Իմ կույր աղիքս առողջ է:
     ԲԺՇԿՈՒՀԻ– Լավ: Իսկ փո՞րդ: Աղինե՞րդ էլ չեն ցավում:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Չէ՛, չեն ցավիր: Աս ի՞նչ մարդեր են, չեմ հասկնար:
     ՄԱՆԵ– Ստամո՞քսդ էլ չի ցավում:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Չէ՛, չի ցավիր:
     ԲԺՇԿՈՒՀԻ– (Զայրացած) Ուրեմն՝ Պոլսում ցավում էր, Լոնդոնում ցավում էր, Լոսում ցավում էր, այստեղ չի՞ ցավում: Սա՞ ինչ քաղաքական խտրականություն է:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– «Չի ցավիր», - կ’ըսեմ:
     ԺԱԿ– Այդպես խիստ մի՛ եղիր, Աբիսողոմ աղա: Գնա, թող գոնե ատամդ հեռացնեն:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բայց ինչո՞ւ հեռացնեն: Իմ ատամներս առողջ են:
     ԲԺՇԿՈՒՀԻ– Սիրտը առողջ է, ատամները առողջ են, ստամոքսը առողջ է: Է՛, ես կրա՞կն եմ ընկել: (Համառորեն կանգնում է Աբիսողոմ աղայի առջև):
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Էլ բա՛վ է: Աս ի՞նչ պատիժ է: Կանչեցեք հոս բեմադրիչը: (Գալիս է բեմադրիչը): Աս ի՞նչ կ’ըսե, պարոն բեմադրիչ: Հինգ հազար ոսկի կ’ուզե, որ առողջ սիրտս վիրահատե:
     ԲԵՄԱԴՐԻՉ– (Թղթերի մեջ նայում, հավանություն է տալիս): Ճիշտ է:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Զարմացած) Հազար ոսկի կ’ուզե, որ կույր աղիքս կտրե:
     ԲԵՄԱԴՐԻՉ– (Դարձյալ՝ թղթերին նայելով) Հինգ հարյուր:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հազա՛ր: (Բեմադրիչը նայում է բժշկուհուն, որը բռնված հանցագործի պես լռում է): Կ’ըսեն. «Ատամդ հեռացնենք»:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Ճիշտ է:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բայց ես չեմ ուզեր: Ատ ի՞նչ կ’ըսեք:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Պիեսում այդպես է գրված: Մենք մեղավոր չենք:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բայց սա իմ անձնական կյանքս է: Ի՞նչ կապ ունի ատ պիես:
     ԺԱԿ– (Աբիսողոմ աղային տանում է մի կողմ): Ավելի լավ է՝ երկու հազար ոսկի տաս, առանց վիրահատվելու՝ պրծնես: Քաշքշուկի մեջ իզուր մի՛ ընկիր:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է... Բայց ինչո՞ւ տամ:
     ԺԱԿ– Իսկույն կասեն, որ առողջ ես: Ամեն բան կվերջանա:
     ԲԺՇԿՈՒՀԻ– Բա՛, ասում էի, չէ՝ մի՛ ուշացրու: Իսկ հիմա հա՛մ սիրտդ կվիրահատեն, հա՛մ կույր աղիքդ կկտրեն, հա՛մ ստամոքսիդ չեղած խոցը կհանեն, հա՛մ էլ ատամդ կքաշեն: Լսեցի՞ր: Այդպես է գրված: (Մոտենում է, որ սրսկի):
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Ծայրահեղորեն շփոթված) է՛... է՛... Աս ի՞նչ կ’ընեք: Աս ի՞նչ բան է: (Նայում է բեմադրիչին):
     ԲԵՄԱԴՐԻՉ– Պիեսում այդպես է գրված, Աբիսողո՛մ աղա:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կանչեցեք հոս ատ.. ատ... հեղինակը:
     ԺԱԿ– (Այնպիսի տոնով, որ Աբիսողոմը հասկանա, թե արածը որքան անիմաստ է): Աբիսողոմ աղա՜... Աբիսողոմ աղա՜...
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Քսակը հանելով) Ա՛ռ: Սևցուր իրեն: Փրկե զիս այստեղի բժիշկներեն: Ես հոս եկած եմ մանչս կարգելու համար, ան կ’ըսե՝ կույր աղիքդ կտրենք: (Գալիս են ներկայացման փորձն անող երկու դերասաններ և սկսում բեմը ձևավորել: Աբիսողոմ աղան վրդովվում է): Կը բավե: Ալ չեմ ուզեր խաղալ: Ես կ’ուզեմ երեսփոխան ըլլալ, նախարար ըլլալ, բարերար ըլլալ: Վերջապես, ես մանչս կ’ուզեմ կարգել: Դերասանություն ընելը իմ բանը չէ:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Ի՜նչ ես ասում, Աբիսողո՛մ աղա, ի՜նչ ես ասում: ՄԱՆԵ– Գոնե ցածր գոռա՝ ժողովրդի ականջը չընկնի:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ինչո՞ւ: Ժողովո՞ւրդը կը հայհոյեմ:
     ՄԱՆԵ– Չես հայհոյում. գործիդ վրա քար ես գցում:
     ԺԱԿ– Առանց դերասանության արվեստին տիրապետելու՝ ինչպե՞ս կարող ես ըլլալ երեսփոխան, նախարար, բարերար: Մտածո՞ւմ ես՝ ինչ ես ասում:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Լրջանալով) Ի՞նչ կ’ըսե՜ս: Ուրեմն, առանց դերասան ըլլալու, երեսփոխան ըլլալն անհնա՞ր է:
     ԺԱԿ– Վրադ ծիծաղել մի՛ տուր, Աբիսողո՛մ աղա:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ըսել է թե երեսփոխաններ դերասաննե՞ր են:
     ՄԱՆԵ– Շատ ավելի վարպետ դերասաններ, քան մենք:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ու դեռ երկա՞ր մարզվենք պիտի:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Երեսփոխան դառնալու համար հարկավոր բոլոր վարժություններն այնքան պիտի փորձենք, մինչև անթերի կատարես: Օրինակ՝ նախ պիտի սովորես կուրծք ծեծել, սեղանի տակ պառկել:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ե՞տքը:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Պիտի տիրապետես պղպջակներ փչելու արվեստին:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ապա:
     ՄԱՆԵ– Դիմակներ փոխելու արվեստի գաղտնիքները պիտի յուրացնես: Արագ-արագ փոխել պիտի կարողանաս. դյուրին չէ:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ապա:
     ՄԱՆԵ– Պիտի սովորես աճպարարություն անել: (Աբիսողոմ աղան, գլուխը բռնած, նստում է):
     ԺԱԿ– Ապա՝ փարիսեցիություն:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Ապա... Միանգամից բոլորը չի ասվի: Հա, ամենակարևորը մոռացանք. նախ և առաջ օճառ գործածելուն պիտի վարժվես:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Սեղանի տակ պառկելու արվե՞ստն ալ երեսփոխան ըլլալու համար է:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Իհարկե՛, իհարկե՛:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Սեղանի տակ ի՞նչ պիտի ընե երեսփոխան:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Կոալիցիոն կռվում դիրք պիտի բռնի: Պիտի պաշտպանվի միջազգայի՛ն տեռորիզմից, իրպեսների՛ տեռորիզմից: Դժվար պահերին աննկա՛տ պիտի մնա:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Չեմ հասկնար:
     ՄԱՆԵ– Կարող է, չէ՞, դահլիճում հանկարծ տուրուդմբոց սկսվել: Ի՞նչ պիտի անի երեսփոխանը:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Սեղանի տակ մտնե՛ պիտի, իր խելքը հայհոյե՛ պիտի, մեղքերուն համար թողություն խնդրե՛ պիտի...
     ԲԵՄԱԴՐԻՉ– Մի՛ վրդովվեք, Աբիսողոմ աղա, մի՛ վրդովվեք: Եկեք շարունակենք խաղը: Անցնում ենք հաջորդ՝ խմբագրության պատկերին:

Գալիս են Գրունին, բանաստեղծը, մի կին գրող և Սողոմոնը:
     Գործողության առաջին պլանում Աբիսողոմ աղան և Գրունին են:

ԳՐՈՒՆԻ– Երբ տեսա, թե Սողոմոնը ինչպիսի տաղանդով գրիչը բռնեց, շտապեցի իսկույն գրախոսական գրել, որ հանկարծ այնպես չլինի՝ ապաշնորհ գրականագետները գովեն: Գիտե՞ս, Աբիսողո՛մ աղա, հիմա ամեն մարդու չի կարելի վստահել: Ամեն գրականագետ գրական գործի արժեքը չի հասկանում:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Գրախոսելեն ետքը ի՞նչ մտադիր ես:
     ԳՐՈՒՆԻ– Պիտի մեկենաս գտնեմ և այն տպագրեմ:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ե՞տքը:
     ԳՐՈՒՆԻ– Տաղանդավոր բանաստեղծ Սողոմոնին պիտի մրցանակի ներկայացնեմ:
     ԲԱՆԱՍՏԵՂԾ– (Աբիսողոմ աղային) Հեշտ բան չկարծես: Կը գիտնա՞ս՝ ինչ պայքար կ’ընթանա: Ազգին կեսը գրելու գործով կը զբաղի: Ով գրիչ կը գործածե, կ’ուզե գրող համարվել:
     ԿԻՆ ԳՐՈՂ– Բայց Սողոմոնն իհարկե տարբեր է նրանցից: Ի դեպ, նա ի՞նչ ոճով է գրում: Մուսայո՞վ է գրում, թե՞ առանց մուսայի:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Մուսայով հիմա ո՞վ կը գրե, ջանըմ: Ան առանց մուսայի պիտի գրե:
     ԿԻՆ ԳՐՈՂ– Եվ ճիշտ պիտի անի, Աբիսողո՛մ աղա, ճիշտ պիտի անի: Մուսայի թելադրանքով բոլորն էլ կարող են գրել: Տաղանդը առանց մուսայի գրելն է:

Սողոմոնին շրջապատում ու սովորեցնում են, թե ինչպես պետք է գրել:

ԳՐՈՒՆԻ– Կարդացած երևալու համար սերտիր հայտնի գրողների անուններն ու ասույթները:
     ԲԱՆԱՍՏԵՂԾ– Հաճախ ըսե՝ Ուիթմենը գրած է... Ռիլկեն ըսած է... Հերման Հեսսեն... Ֆրանց Կաֆկան...
     ԳՐՈՒՆԻ– Նիցշեն... Ֆոլքները... Քամյուն...
     ԲԱՆԱՍՏԵՂԾ– Աբստրակցիոնիզմի մեջ... Աբսուրդի թատրոնի նման... Եվրոպական ժամանակակից...
     ԿԻՆ ԳՐՈՂ– Փիլիսոփայական բաներ գրելիս հաճախ տուր փիլիսոփայական կատեգորիաների անունները: Օրինակ (բարձր պաթոսով) ՝ տարածության և ժամանակի մեջ...
     ԲԱՆԱՍՏԵՂԾ– Լավ կ’ըլլա, եթե գրես առանց կետադրության:
     ԿԻՆ ԳՐՈՂ– Ես չեմ սիրում հանգը: Տանել չեմ կարող ռիթմը:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կարևորը գաղափարն է: (Ամեն մեկը մի բան ասում է, և այլևս ոչինչ չի հասկացվում: Սողոմոնը բութ հայացքով մե՛կ սրան է նայում, մե՛կ նրան):
     ԳՐՈՒՆԻ– (Ձեռքը խփում է սեղանին, և բոլորը լռում են): Ես առաջարկում եմ նոր գրականությունը դարձնել բազմաբնույթ:
     ԲԱՆԱՍՏԵՂԾ– Ինչպե՞ս:
     ԳՐՈՒՆԻ– Թող մեկը ժարգոնով գրի, մեկը՝ իքսերով: Մեկը՝ կետադրելով, մեկը՝ առանց կետադրելու, մեկն էլ՝ կետ-գծերով, ինչպես Մորզեն:
     ԿԻՆ ԳՐՈՂ– Ի դեպ, ես գտել եմ գրելու ավելի հեշտ եղանակ: (Բոլորը լարված սպասում են: Կին գրողը գրպանից հանում է մի թուղթ): Ահա այդպիսի բանաստեղծության օրինակ:

որովհետև

որովհետև
     որովհետև
     որովհետև
     ահա այսպես
     ահա այսպես
     այսպես ահա
     միայն մեկը
     միայն մեկը
     մեկը միայն
     որովհետև
     որովհետև
     որովհետև

Մի պահ տիրում է լռություն...

ԲԱՆԱՍՏԵՂԾ– Հրաշք է: Գյուտ...
     ԳՐՈՒՆԻ– (Ուշադիր նայում է գրվածքին): Մի րոպե, մի րոպե... Հայտնությո՜ւն. բոլոր բառերը գրված են փոքրատառ...

Հնչում է երաժշտություն: Գալիս է պարախումբը:


     ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ

Բեմում Աբիսողոմ աղան է: Դիտում է հեռուստացույց: Ծառան զբաղված է ինչ-որ գործով: Աբիսողոմ աղան ալիքները հաճախ փոխում է: Զգացվում է, որ զայրանում է, ջղաձգվում: Հանկարծ բռնկվում է:

ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Աս ի՞նչ բան է... Տարեք նետեցեք աս հեռատեսիլը: Խենթացուց զիս:
     ԾԱՌԱ– Ինչո՞ւ եք զայրացել, Աբիսողո՛մ աղա:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հապա ի՞նչ ընեմ: Քսան ալիք փոխեցի, քսանին մեջ ալ նույն մարդերը նստած են: Նույն մարդերը նույն երգը կը երգեն, իրարու կը գովեն, նույն բաները կը խոսին. «Հոն եկա, Լոս գացի, Լոսեն եկա, հոն գացի: Հոս խմցուցին, հոն քնացուցին...»: Խենթացուցին զիս:
     ԾԱՌԱ– Մի՛ վրդովվեք, Աբիսողո՛մ աղա: Դրանք մեր աստղերն են: Երգի՛ աստղերը, եթերի՛ աստղերը, ազգի՛ աստղերը:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Աս փոքր երկրին մեջ այդքան աստղե՞ր կան: Տասը տարի Ամերիկային մեջ ապրեցա, ու տասը տարվան մեջ Ամերիկան այդքան աստղ չծնավ:
     ԾԱՌԱ– Է՜, Աբիսողոմ աղա: Բա ինչո՞ւ են ասում, որ մենք տաղանդավոր ենք:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հապա սերիալնե՞րը... Արդեն կը վախնամ տունեն դուրս ելլել...

Գալիս է բավական բաց հագնված մի աղջիկ: Անմիջապես նկատվում է, որ Աբիսողոմ աղային գայթակղելու մտադրություն ունի: Ծառան գնում է:

ԱՂՋԻԿ– Բարև Ձեզ, Աբիսողո՛մ աղա:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բարև Ձեզի:
     ԱՂՋԻԿ– Ինձ ասացին, որ Դուք հովանավորում եք տաղանդավոր... (Չի իմանում ինչ ասել) Տաղանդավորներին: (Մոտենում է, պայուսակը դիտավորյալ գցում և, բարեմասնությունները հնարավորին չափ ցուցադրելով, վերցնում: Այդ ընթացքում մի պահ նայում է Աբիսողոմ աղայի աչքերին, և անմիջապես զգացվում է, որ նա ընկավ իր ուռկանը):
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Դուն ա՞լ կը երգես:
     ԱՂՋԻԿ– Ինչի՞ց իմացաք, Աբիսողոմ աղա:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կրծքե...
     ԱՂՋԻԿ– Ինչիիի՞ց...
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Շփոթված) Տե, դուն շատ նման ես... (հեռուստացույցի կողմը ցույց տալով) անոնց... աստղերուն:
     ԱՂՋԻԿ– Օ՜, Աբիսողոմ աղա, շնորհակալություն: Ես Ձեզ համար էլ կերգեմ: Հատուկ Ձեզ համար: (Ընդունում է երգչի կեցվածք, միացնում ձայնագրությունն ու միանգամից պոռթկում):
     Չկա՛, չկա՛, չկա՛, քեզ նմանը չկա՛,
     Մայթի վրա չկա՛, պատերի տակ չկա՛,
     Օդում, ջրում, չկա՛,
     Չկա՛, չկա՛, չկա՛...
     (Ուշքի գալու ժամանակ չտալով) Հավանեցիք, չէ՞, Աբիսողոմ աղա:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հա՛, հավնեցա: Ֆոնոգրամմայի որակը շատ հավնեցա: Ատանկ տատիս տատն ալ կը երգե:
     ԱՂՋԻԿ– Հիմա բոլորն էլ այսպես են երգում: Այս ոճը հարմար է, հեշտ:
     Գիտե՞ք, ուզում եմ ես էլ հոլովակ նկարահանել, բայց... Դե, հասկանում եք. նման բանն առանց հովանավորի չի լինում... (Նայում է Աբիսողոմ աղայի աչքերին): Չի՛ լինում... (Աբիսողոմ աղան մի պահ փորձում է սթափվել, դեմքը խոժոռում է: Աղջիկը նայում է սենյակում դրված ինչ-որ բանի և մոտենում): Այս ի՜նչ գեղեցիկ է: Լոսի՞ց եք գնել:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Այո՛: Լոսեն գնած եմ: (Աղջիկը՝ մեջքով դեպի Աբիսողոմը, այնպես է կռանում, որ փեշը դանդաղ բարձրանա: Աբիսողոմը տարված նայում է):
     ԱՂՋԻԿ– Շատ գեղեցիկ է... (Նույն դանդաղությամբ կանգնում է, և Աբիսողոմ աղան նույն դանդաղությամբ գլուխը բարձրացնում է): Շատ գեղեցիկ է... (Դարձյալ կռանում ու բարձրանում է, և Աբիսողոմ աղան նույն ձևով, կարծես կախարդված, նայում է: Աղջիկը շրջվում է նրա կողմը): Բայց դա, առանց հովանավորի, առանց շատ փողի՝ չի՛ լինում, Աբիսողոմ աղա... Չի՛ լինում:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչը չի լիներ:
     ԱՂՋԻԿ– Հոլովա՛կը... Հոլովակը չի՛ լիներ:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է՜... Է՜... Նորեն փո՞ղ, նորեն ոսկի՞:
     ԱՂՋԻԿ– Մի՞թե չեք ուզում երկնքում Դուք Ձեր (ցույց է տալիս իրեն) աստղն ունենալ, Աբիսողո՛մ աղա: Ձեր հայտնաբերա՛ծ աստղը, ստեղծա՛ծ աստղը, երկինք նետա՛ծ աստղը, աստղ-հրեշտա՛կը... (Թռչելու շարժումներ է անում: Աբիսողոմ աղան մռայլվում է: Աղջիկը հանկարծ վազում ու նրա առաջ ծնկի է գալիս): Խնդրում եմ... Խնդրում եմ... Մի՛ մարեք երազներս... (Աբիսողոմ աղայի գլուխը գրկում և արագ-արագ համբուրում է): Հազար ոսկի... Հազար ոսկի ընդամենը...
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Քսակից փող հանելով՝ հազիվ արտաբերում է): Աս... աս... աս հա... հա... զար ոս... ոս... կին քե... քե... զի... (Գալիս է ծառան և կեղծ զարմանքով նայում: Աբիսողոմը դիմում է նրան): Լու... լույ-սը մա... մա-րե... (Ծառան, հանդիսատեսներին աչքով անելով, լույսը հանգցնում է):

Քիչ անց լուսավորվում է: Աբիսողոմ աղան հոգնած, ուժասպառ նստած է: Նրա մոտ է Ժակը մի տղամարդու՝ քանդակագործի հետ:

ԺԱԿ– Ամեն բան կարգի՞ն է, Աբիսողո՛մ աղա: Լա՞վ եք:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Շնորհակալ եմ, աղեկ եմ:
     ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ– Հարսնացու գտա՞ք:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ազգային խնդիրներու մեջ թաղված ենք: Ընտանեկան գործերը երեսի վրա ձգած ենք: Քիթ սրբելու ժամանակ չունինք:
     ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ– (Նրա նմանողությամբ) Սողոմո՞նն ալ ազգային գործերով կը զբաղի:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Անիկա գրական գործունեություն ծավալած է: Իր անձը մշակույթին կը նվիրե:
     ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ– Թատրոնի՞ գործերն ինչպես են:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ընտրություններուն կը պատրաստվինք: Սա երկու օրը կուրծք ծեծելու վարժությունները կը փորձեմ:
     ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ– Հաջողվո՞ւմ է:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ատիկա բան մը չէ, բայց սեղանի տակ մտնել-ելնելուն արվեստը շա՜տ կը չարչարե զիս:
     ԺԱԿ– Քիչ մը համբերե, Աբիսողոմ աղա, քիչ մը համբերե:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Իսկ դո՞ւն ով ես, ի՞նչ կընես:
     ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ– Քանդակագործ եմ: Ուզում եմ քո արձանը քանդակել:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Այլակերպված) Իմ արձա՞նս:
     ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ– Եթե ծախսերը հոգացող լինի:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Անարգանքի սյունի՞ն կ’ուզես գամել զիս:
     ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ– Ի՜նչ ես ասում, Աբիսողոմ աղա:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ նպատակով հապա:
     ԺԱԿ– Մեծարելո՛ւ, արժանին հատուցելո՛ւ, քեզ նման պատվավոր մարդուն հավերժացնելո՛ւ համար:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ կ’ըսես: Իսկ ես կը կարծեի, թե հոս արձան կը կանգնեցնեն...
     ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ– Ինչի՞ համար:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Երեսը ներկելո՛ւ, վրան գրելո՛ւ, թռչունները վախեցնելո՛ւ համար:
     ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ– Ի՜նչ ես ասում, ի՜նչ ես ասում:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բայց հոս արձաններ...
     ԺԱԿ– Քո արձանը մենք քաղաքի կենտրոնո՛ւմ պիտի տեղադրենք: (Աբիսողոմ աղան հանում է քսակը):
     ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ– Շուրջը ոստիկաննե՛ր պիտի կանգնեցնենք: (Աբիսողոմ աղան հաշվում է փողերը):
     ԺԱԿ– Ամեն օր պիտի մաքրե՛նք:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Տալիս է մի ամբողջ տրցակ): Իմ արձանս ոսկիե՞ պիտի ըլլա:
     ԺԱԿ– Ինչից որ կուզես:
     ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ– Ընդամենը ծախսի հարց է, ուրիշ ոչինչ:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կ’ուզեմ, որ լավագո՛ւյն ոսկիե ըլլա:
    
    

Միասին գնում են դեպի ձախ մուտքը: Ժակը տեսնում է աջ կողմից եկող Մանեին և հետ դառնում: Վերջինս հագնված է բավական գեղեցիկ: Ունի գրավիչ տեսք:

ԺԱԿ– (Հիացաբար նայելով) Մանե՞... (Մոտենում է, որ գրկի):
     ՄԱՆԵ– Դրա ժամանակը չէ, Ժա՛կ: Շտապում եմ:
     ԺԱԿ– Այս ի՜նչ գեղեցկություն է... Թող գրողի ծոցն անցնեն բոլոր գործերը: Ես ուզում եմ քեզ համբուրել:
     ՄԱՆԵ– (Կրկին նախազգուշական տոնով) Ժա՜կ...
     ԺԱԿ– Դու այսօր կատարելություն ես, երազային...
     ՄԱՆԵ– Իսկապե՞ս:
     ԺԱԿ– Հա՛: (Նայել Մանեի աչքերին՝ ասմունքում է: Վառվում է կապույտ լույս, հնչում է մեղմ երաժշտություն):
     Կուզեմ, կուզեմ քեզ այսօր ամբողջ գիշեր համբուրել:
     Շուրջդ մոմեր բուրվառել ու ողջ գիշեր համբուրել:

Լուսամփոփի քողի տակ՝ սիրո կապույտ մշուշում,
     Կուզեմ սուզվել քո ծովում ու ողջ գիշեր համբուրել:

Աչերիդ մեջ՝ երազեմ, քեզնով արբած՝ քեզ երգեմ,
     Գգվեմ ձեռքերդ սպիտակ ու ողջ գիշեր համբուրեմ:

Կուզեմ այրվել գրկիդ մեջ ու քեզ այրել իմ գրկում,
     Շուրջդ մինչ լույս բույր վառել ու ողջ գիշեր,
     Ու ողջ գիշեր համբուրել:

Մանեի ձեռքից բռնած՝ դուրս են գալիս: Աբիսողոմ աղան վերադառնում է Մարկոս աղայի հետ:

ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Պատգամավորական գործե՞րդ ինչպես են: Ընտրություններին պատրաստվո՞ւմ ես:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Շնորհակալ եմ: Աղեկ են: Կը պատրաստվինք:
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Հարսնացու գտա՞ք:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Միջնորդ կնիկը կը սպասենք: Ան դեռ եկած չէ: Կը խորհիմ, թե հիմա միջնորդներուն գործերը հաջող կ’ընթանան. չեն ուզեր երևելի ազգայիններու ոտքը երթալ:
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Ժամանակները փոխվել են, Աբիսողո՛մ աղա: Ազգայինները հիմա հարգի չեն:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Անակնկալի եկած) Ի՞նչ: Իսկ ես կը խորհիմ...
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Իզո՜ւր: Հիմա բոլորը դարձել են եվրոպական: Ազգային լինելը նույնիսկ ամոթ է:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ կ’ըսես...
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Բոլորը եվրոպականն են ընդօրինակում: Ամեն լավ բան արդեն ոչ թե չնաշխարհիկ է, այլ եվրաշխարհիկ: Եվրաշխարհիկ են տնե՜րը, դռնե՜րը, շնե՜րը...
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Երեսփոխաններն ա՞լ կ’ուզեն եվրոպական ըլլալ:
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Բոլորը, բոլորը:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Գրողներն ա՞լ:
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Գրողներն էլ, երգիչներն էլ, նկարիչներն էլ: Ամբողջ էլիտան:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Եթե այդպես է, ես ալ կ’ուզեմ եվրոպական ըլլալ:
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Եվրոպան ուրի՜շ է, ուրի՜շ: Ի՜նչ խանութներ, ռեստորաննե՜ր, ծովափե՜ր, աղջիկնե՜ր... Ո՞ւմ համար են, ո՞ւմ: Ի՛նձ համար են, Աբիսողոմ աղա, ի՛նձ համար: Քե՛զ համար:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Եվրոպական ըլլալուն համար անձնագի՞ր պետք է:
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Անձնագիր պետք չէ: Փող է պետք:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Քսակը հանելով) Որքա՞ն հարկավոր է:
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Փող ես ունեմ: Շատ ունեմ: Ինձ «կրիշա» ՝ տանիք է հարկավոր:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Զարմացած) Քու տունդ տանիք չունի՞:
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Ինձ տանիք հարկավոր է պառլամենտում: (Աբիսողոմ աղան, ոչինչ չհասկանալով, նայում է): Ուզում եմ ասել, որ մենք՝ եվրոպականներս, քեզ կդարձնենք պատգամավոր, որ դու մեր շահերը պաշտպանես: Մենք էլ, իհարկե, քո շահերը կպաշտպանենք:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Աղեկ:
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Ուրեմն դեմ չես:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ինչո՞ւ պիտի դեմ ըլլամ: Ի՞նչ կ’ըսես: Եթե եվրոպական մարդերս ալ մեկզմեկու չ’պաշտպանենք, ո՞վ կը պաշտպանե:
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– (Գնում է դռան կողմը): Այսինքն՝ մենք իրար հասկացանք:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հասկցանք, Մարկոս աղա, հասկցանք:
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Քեզ համար էլ մի լավ մականուն գտիր:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ատիկա՞ ինչի համար:
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Բա եղա՞վ: Քաղաքական գործիչը, պատգամավորը առանց մականունի կլինի՞: (Զրուցելով գնում են):
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բոլոր գործիչներն ալ մականո՞ւն ունեն:
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Ունեն, իհարկե՛ ունեն: Մեկի անունը Ժանգոտ է, մեկինը՝ Դև, մեկինը՝ օձ:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ինձ ա՞լ ատանկ պիտի կոչեն:
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Ինչպե՞ս հապա:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Չ’ըլլա՞ր, որ ինձ ըսեն... Բարերար ըսեն, Ոսկի ըսեն, Ալեն Դելո՜ն ըսեն:
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– (Ձայնը գալիս է դրսից): Մտածելու բան է: Նախադեպը չկա:

Օպերատորների հետ գալիս անցնում է բեմադրիչը: Նկատելի է, որ նախապատրաստվում են նկարահանման: Աբիսողոմ աղան վերադառնում է՝ ձեռքին լրագրեր: Նստում է բազկաթոռին:

ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Տեսնենք՝ լրագիրնե՞րը ինչ կը գրեն: (Գալիս է ծառան): Հոգնած եմ: Սուրճ եփե: Հոս լրագիրներն ալ հեռատեսիլեն չեն տարբերիր: Կը թվի, թե քրիմինալ սերիալներու բովանդակությունը կը պատմեն: Աս ի՞նչ է: (Հորանջելով կարդում է): «Մեր հավաստի աղբյուրները հայտնում են...»: Նորե՞ն հավաստի աղբյուր: «...որ երեկ գաղտնի...» (Շարունակությունը կարդում է մտքում): Պարոն լրագրող, որ գաղտնի եղած է, դուն ինչպե՞ս գիտցած ես: Բազմոցին տա՞կ մտած ես եղեր, թե՞ թաքնվեր ես դռան ետևը: (Մի կարճ ժամանակ ևս անձայն կարդում է: Աչքերը փակվում են: Ննջում է: Ծառան սուրճը բերում է, տեսնում, որ Աբիսողոմը նիրհել է, հետ է տանում: Դրսից ուժեղ ձայն է լսվում: Աբիսողոմ աղան արթնանում է ու քնատ վիճակում շարունակում կարդալ): «Գույժ»: Աս ի՞նչ կը գուժեն: «Քիչ առաջ սրտի կաթվածից հանկարծամահ եղավ...»: Լավ է, որ իմ սիրտս առողջ է: (Ձեռքը դնում է սրտին): «...հանկարծամահ եղավ մեծ բարերար, պատվավոր ազգային...»: Հոս ուրիշ ազգային ա՞լ եղած է: «...պատվավոր ազգային և եվրոպական...»: Չէ՛, ատանկ՝ հա՛մ ազգային, հա՛մ եվրոպական չըլլար: Աղվեսի պոչով աքաղաղ չըլլար: (Աչքերին չհավատալով) Ի՞նչ... Աբիսողոմ աղա՞... Աս ի՞նչ կը գրեն: Աս ի՞նչ կը նշանակե: Նորեն Ժակին խաղե՞րն են: (Գալիս է ծառան, որ ունի հրեշտակի թևեր: Սուրճի բաժակը դնում է սեղանին ու գնում: Աբիսողոմը ապշած նայում է): Էլ կը բավե: Սա Ժակին պորտը տեղը դնելու եմ: (Զանգում է: Լսվում է պատասխանը. «Բաժանորդի հետ կապվել հնարավոր չէ: Նա այլ ռադիոծածկույթում է»): Աս ի՞նչ կ’ըսե: Ի՞նչ այլ ռադիոծածկույթ: (Մնում է մոլորված): Չըլլա՞, թե աս անգամ աս ստախոսներ (ցույց է տալիս թերթը) ճիշտ գրած են: (Մոտենում է հայելուն, նայում: Շոշափում է իրեն, հայելին... Լուսային և այլ էֆեկտներով ստեղծվում է հանդերձյալ աշխարհի տպավորություն):

Գալիս է երկու հրեշտակ: Նրանցից մեկը Մանեն է, որին Աբիսողոմը չի ճանաչում, մյուսը՝ փորձերին մասնակցող դերասանուհին:

ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Դուք ո՞վ եք: Աս ի՞նչ կը նշանակե:
     ԱՌԱՋԻՆ ՀՐԵՇՏԱԿ – Հրեշտակներ ենք: Քեզ պիտի տանենք:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Վախեցած) Ո՞ւր պիտի տանեք:
     ԵՐԿՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿ– Վերև:
     ԱՌԱՋԻՆ ՀՐԵՇՏԱԿ– Երկինք:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բայց ես ողջ եմ: Հոս սուտ բաներ գրած են: Ես մանչս կ’ուզեմ կարգել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5515 | 0 | 0
Facebook