Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պատմության մեջ իրենց ուրույն տեղը գտած հաշմանդամ անձինք

«ԷԽՈ» ՀԿ լրատու
Մամուլի խոսնակ`
«ԷԽՈ» ՀԿ լրատու
23:17, շաբաթ, 01 սեպտեմբերի, 2012 թ.
Պատմության մեջ իրենց ուրույն տեղը գտած հաշմանդամ անձինք

Պատմության մեջ իրենց ուրույն տեղը գտած հաշմանդամ անձինք
     Հաշմանդամներ, ովքեր սփռված են աշխարհի տարբեր ծայրերում: Նրանք ապրում են, սիրում, պայքարում, կյանքն ընկալում, ինչպես Աստծո պարգև` ավելի արժևորելով ու գնահատելով յուրաքանչյուր պահը: Նրանց աչքերի մեջ ծով թախիծից զատ կա նաև պայքարի հսկայական ուժ, որը ստիպում է ժպտալ կյանքին` հույսի փայլն աչքերի ծալքերում ծրարած: Նշենք աշխարհին հայտնի հաշմանդամների մի ցուցակ, որն ապացուցում է, որ հնարավոր է հաղթահարել այդ հիվանդությունը` սրտում ամփոփելով հույսի ու հավատի մասնիկներ:
    
     Պյութագորաս - Հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասին վերագրում են բազմաթիվ հայտնագործություններ երկրաչափության, աստղագիտության և այլ բնագավառներում: Մենք մինչ օրս օգտագործում ենք նրա հայտնագործություններից շատերը: Պյութագորասը էպիլեպսիա ուներ, որի պատճառով հաճախ ուշաթափություններ էր ունենում:
    
     Հուլիոս Կեսար - Ռազմական և քաղաքական գործչի փայլուն ունակություններով օժտված Կեսարը իրեն էր ենթարկում ներկայիս Ֆրանսիան, հաղթում էր բազմաթիվ քաղաքացիական պատերազմներում: Նա ահ ու սարսափ էր տարածում հեռու ու մոտ երկրներում: Եվ շատ քչերին է հայտնի, որ ինչպես Պյութագորասը, այնպես էլ Հուլիոս Կեսարը էպիլեպսիա ուներ:
    
     Լյուդվիգ վան Բեթհովեն - Բեթհովենը`գերմանացի կոմպոզիտոր և բոլոր ժամանակների ամենատաղանդավոր մարդկանցից մեկը, փոքրուց լսողության հետ կապված խնդիրներ է ունենում: Բայց շարունակում է հրաշալի երաժշտություն հորինել` ուշադրություն չդարձնելով օրեցօր լրջացող հիվանդությանը:
    
     Լուի Բրայլ - Ֆրանսիացի մանկավարժ Լուի Բրայլը 3 տարեկան հասակում կորցնում է տեսողությունը: 20 տարեկանում արդեն նա կատարում է իր նշանավոր հայտնագործությունը`հնարավորություն տալով կույր մարդկանց կարդալ:
    
     Ալբերտ Էնշտեյն - Ներկայիս ֆիզիկայի հիմնադիր Ալբերտ Էնշտեյնը առաջին հերթին հայտնի է որպես հարաբերականության տեսության հիմնադիր: Էնշտեյնը մեծ ավանդ ունի նաև քվանտային մեխանիկայի զարգացման մեջ: Նա դիսլեքսիա ուներ, որի ժամանակ մարդիկ դժվարանում են սովորել`ունենալով կարդալու և գրելու հետ կապված որոշակի խանգարումներ:
    
     Ֆրանկլին Ռուզվելտ - ԱՄՆ նախագահը իր պաշտոնում վերընտրվում է 4 անգամ: 38 տարեկան հասակում նա պոլիոմելիտ է տանում, որի հետևանքով ոտքերը թուլանում են` ստիպելով սայլակ օգտագործել: Սակայն Ռուզվելտը մերժում է սայլակը և ամեն կերպով փորձում է թաքցնել իր հաշմանդամությունը, քանի որ վստահ էր, որ ամերիկացիները հաշմանդամ մարդուն նախագահ չեն ընտրի:
    
     Ռեյ Չարլզ - Նա դաշնամուր սկսում է նվագել դեռ մանկուց: 6 տարեկան հասակում կորցնում է տեսողությունը, բայց դա նրան չի խանգարում համաչափ քայլերով առաջ ընթանալ: Նրա ավանդը ժամանակակից երաժշտության մեջ հսկայական է:
    
     Սթիվի Ուանդեր - Բժիշկների սխալ միջամտության պատճառով երաժիշտը մանուկ հասակում կորցնում է տեսողությունը: Բայց 7 տարեկանում սկսում է դաշնամուր նվագել` հասնելով մեծ հաջողությունների: Խոսելով իր կուրության մասին` Սթիվին ասում է, որ այն օրհնություն է, որը օգնում է իրեն կենտրոնանալ իր զգացմունքների վրա և զգալ ավելին:
    
     Այսպիսով կարող ենք գալ այն եզրակացության, որ լիարժեք կյանքի համար միայն մարմինը չէ, որ կարևոր է: Շատ ավելին է հարկավոր, ինչն ավելի խորն է պարփակված և ոչ բոլորին է տեսանելի: Հոգևորը միշտ էլ ավելի հարուստ ու խորն է մարմնականից`ամենագլխավորը աչքով չես տեսնի: Հետևաբար կյանքում ինչ էլ, որ լինի պետք է շարունակ պայքարել` չկորցնելով բարոյական վարքագիծն ու վսեմ արժանապատվությունը: Մարդը կարող է իջնել կենդանու մակարդակին և կարող է հասնել հրեշտակային կատարելության: Կարևոր չէ դու հաշմանդամ ես, թե ոչ: Կարևորը հոգու էությունն է, խորության աստիճանը, ամենավեհն ու գեղեցիկը ճանաչելու և դրան միաձուլվելու կարողությունը: Իսկ դա ոչ բոլորին է հասու, քանզի սխալ է այն ենթադրությունը, թե մարդիկ զգալու հավասար ունակություններ ունեն: Ամեն դեպքում պետք է շարունակել ապրել`աչքերում ծրարելով հույսի, հավատի և սիրո նշույլներ: «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը կարևորում է յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու առաջարկը ուշադրությանը արժանի հարցերի շուրջ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7998 | 0 | 0
Facebook