Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

ԻՎԱՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԸ՝ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՔԱՂԿԵԴՈՆԱԿԱՆԸ

17:03, ուրբաթ, 11 դեկտեմբերի, 2020 թ.
ԻՎԱՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԸ՝ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՔԱՂԿԵԴՈՆԱԿԱՆԸ

Իվանե Զաքարյանի մասին տեղեկություններ են հաղորդում ԺԳ. դարի գրեթե բոլոր հայ եւ վրացի պատմիչները։ Առանց չափազանցության կարող ենք նշել, որ Իվանեն՝ իր եղբոր հետ միասին, դարաշրջանի քաղաքական ամենակարեւոր կերպարներից մեկն էր, քանզի երկուսով կարողացան Հայաստանը ազատագրել սելջուկ-թուրքերի լծից։ Ցավոք, Իվանե Զաքարյանի մասին մինչ օրս չի հրապարակվել որեւէ գիտական լուրջ ուսումնասիրություն։

Զաքարյանների ընտանիքի որոշ ներկայացուցիչներ կրել են «Երկայնաբազուկ» անունը, որի առնչությամբ մեզ տեղեկություններ են հաղորդում Կիրակոս Գանձակեցին եւ Վարդան Բարձրբերդցին։ Սույն սկզբնաղբյուրներից հայտնի է, որ Իվանեի պապի պապը առանձնացել է Բաբիրի ցեղից եւ բնակվել Հյուսիսային Հայաստանում, որտեղ եւ դարձել է հայ Կյուրիկյան թագավորների վասալը, որոնք Ժ.-ԺԲ. դարերի ընթացքում թագավորել են Տաշիր-Ձորագետում։ Նա մկրտվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում, իսկ որպես կալվածք՝ ստացել Խոժոռնի ամրոցը։ Հնարավոր է, որ առաջին Զաքարյաններն առաջացել են Կյուրիկյաններից։ Ամեն դեպքում, կարող ենք ասել, որ, ըստ Հաղարծնի վանքում պահպանված արձանագրության, Զաքարյանները բարեկամական կապեր են ունեցել Բագրատունիների հետ։ ԺԲ. դարում, երբ կործանվում է Կյուրիկյանների իշխանությունը, Զաքարյանները ծառայության են անցնում վրաց թագավորների մոտ, որոնց անունից իշխում էին հայկական հողատարածքների վրա։ Զաքարյանների դիրքն ամրապնդվում է, երբ ապստամբության ժամանակ Սարգիս Երկայնաբազուկն անցնում է վրաց թագավոր Գեորգի Գ.-ի (†-1184 թթ.) կողմը։

Սակայն Զաքարյանների ամենածաղկուն շրջանն սկսվում է վրացական գահին բազմած Թամար թագուհու (1184-1213 թթ.) իշխանության տարիներից։ Վերջինս Սարգիս Երկայնաբազուկին տալիս է ամիրսպասալարի պաշտոնը։ Սարգիս Երկայնաբազուկի մահից հետո (1191 թ.) ամիրսպասալարի պաշտոնը զբաղեցնում է նրա ավագ որդին՝ Զաքարեն, որի հավատարմությունը դրսեւորվում է Թամարա թագուհու նախկին ամուսնու՝ Յուրիա Աստվածասերի բարձրացրած ապստամբության ընթացքում։ Ստեղծված ներքաղաքական ծանր իրավիճակում Իվանեն ստանձնում է մսախուրտուխուցեսայի (պալատի կառավարիչ), ինչպես նաեւ գերագույն խորհրդականի պաշտոնները։ Դժվար է ասել, թե ինչու է Թամարա թագուհին այդ երկու կարեւոր պաշտոնները վստահել հայերին, որոնք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդներ էին. այնուամենայնիվ, հստակ է, որ նա չի սխալվել այս ընտրությամբ։ Զաքարեի եւ Իվանեի գլխավորած հայ-վրացական միացյալ բանակը փայլուն հաղթանակներ է տանում մի շարք ճակատամարտերում՝ գրավելով նոր տարածքներ, իսկ թշնամու հաշվին լցվում է նաեւ վրաց արքունի գանձարանը։ Իվանեն ամբողջությամբ կիսում է իր եղբոր հաջողությունները։ Միայն մեկ անգամ Իվանեն պատահական գերի է ընկնում Խլաթ քաղաքի շրջակայքում, սակայն այս իրավիճակում եւս կարողանում է քաղաքական բարենպաստ իրավիճակ ստեղծել։ Իվանեին գերությունից ազատելու նպատակով՝ եղբայրները նրա աղջկան կնության են տալիս Խլաթի էմիրին, որից հետո բարիդրացիական հարաբերություններ են հաստատվում Շահարմեն պետության հետ։

ԺԳ. դարասկզբին Զաքարյան եղբայրներն ազատագրում են Հայաստանի զգալի մասը, որի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն են արձանագրում Հովհանավանքում։
     Ազատագրված հայկական հողերը Թամար թագուհին փոխանցում է Զաքարեին եւ Իվանեին, որոնց հովանու ներքո ձեւավորվում են մի քանի իշխանություններ, որոնք ընդունում էին նրանց գերակայությունը։ Զաքարյան Հայաստանում պահպանվել էր ներքին ինքնուրույնությունը։ Ինչպես ցույց է տալիս ժամանակի գրություններից մեկը՝ երկու եղբայրները գրավյալ հողերը համարում էին իրենց նախնիների ժառանգությունը։
     Իվանե Զաքարյանն իր կալվածքներում նույնպես ուներ վասալներ՝ Պռոշյանները, Վաչուտյանները եւ Օրբելյանները, որոնք իրենց ծառայության դիմաց նվեր էին ստացել մի շարք հողատարածքներ։

Զաքարեն եւ Իվանեն մեծ աշխատանք են կատարում նաեւ գրավյալ տարածքներում եկեղեցու դիրքերի ամրապնդման ուղղությամբ։ Հայտնի է, որ երկու եղբայրները ռազմական գործողություններից հետո մեծաքանակ հարստություններ են նվիրաբերել վանքերին։ Այդ ժամանակ էլ պարզ է դառնում երկու եղբայրների դավանական դիրքորոշումը. Զաքարեն Հայ Եկեղեցու հետեւորդ էր, իսկ Իվանեն հարել էր հայ քաղկեդոնականներին։ Հայ եւ վրաց մատենագիրները տարբեր կերպ են նկարագրում այս իրողությունը։ Ըստ վրաց պատմիչի վկայության՝ Իվանեն հիանալի տիրապետում էր Սուրբ Գրքին, այդ իսկ պատճառով հրաժարվում է Հայ Եկեղեցու դավանանքից եւ դառնում ճշմարիտ քրիստոնյա։
     Վերլուծելով բոլոր փաստերը՝ կարող ենք ասել, որ Իվանեն քաղկեդոնականությունն ընդունել է ԺԳ. դարում՝ ոչ այն պատճառով միայն, որ շատ լավ տիրապետում էր Սուրբ Գրքին կամ վայելում էր Թամար թագուհու բարեհաճությունը, այլ այս հարցն ուներ քաղաքական նպատակ, որովհետեւ երկու եղբայրներից մեկը պետք է դառնար քաղկեդոնական եւ միջնորդ հանդիսանար հայ-վրացական եղբայրության համար։ Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ հայ-վրացական միացյալ բանակի գրաված բազմաթիվ տարածքներում քրիստոնեական երկու եկեղեցիներն ազատված էին հարկերից։ Եւ եթե Իվանեն հովանավորում էր հայ քաղկեդոնականներին, ապա Զաքարեն մեծ բարեփոխումներ էր իրականացնում Հայ Եկեղեցում, որը միտված էր հայ եւ վրաց եկեղեցիների մերձեցմանը։ Ուշագրավ է այն իրողությունը, որ Իվանեն, դառնալով քաղկեդոնական, միջամտում էր նաեւ Հայ Եկեղեցու գործերին։ Ինչպես արդեն գիտենք, Անի քաղաքում տեղի ունեցած եկեղեցական ժողովից հետո Զաքարեն քաղաքից աքսորում է մի քանի պահպանողական հոգեւորականների, սակայն Իվանեն պաշտպանում է նրանց եւ թույլ տալիս վերադառնալ Անի։ Հետաքրքրական հաջորդ փաստն այն է, որ 1213 թ. նշանավոր հայ վարդապետներից Մխիթար Գոշը կտակ է գրում, որտեղ հորդորում է քաղկեդոնական Իվանե Զաքարյանին Նոր Գետիկ վանքի խնամքը վերցնել իր հովանու տակ։ Հայտնի է, որ Իվանեն կառուցել եւ վերանորոգել է նաեւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող մի շարք վանքեր եւ եկեղեցիներ. այսպես՝ Իվանեն վերականգնել է Հաղարծնի ու Մորոդձորի վանքերը, բայց առավել ուշագրավն այն է, որ Հաղարծնի վանքում թողած արձանագրության մեջ վանքը կոչում է «մտերիմ», իսկ Մորոդձորում պահպանված արձանագրության մեջ պատվիրում է մինչեւ ի կատարած աշխարհի բոլոր արարողությունները կատարել Հայ Եկեղեցու ծիսակարգի համաձայն։ Իվանեի այս գործունեությունը վկայում է, որ նա հանդես էր գալիս որպես իր բոլոր հպատակներին հավասարապես սիրող երկրի կառավարիչ, եւ հետո միայն՝ որպես քաղկեդոնական։ Նրա վարած քաղաքականության նպատակը երկրում ապրող տարբեր կրոնական համայնքների համար հավասարություն ստեղծելն էր։ Ասվածի վառ ապացույցը Դվինում գումարված ժողովն է, որին հրավիրված էին ո՛չ միայն հայ առաքելական եւ հայ քաղկեդոնական եկեղեցիների, այլեւ՝ Թիֆլիսի, Անիի ու Դվինի մահմեդական համայնքների ներկայացուցիչները։

Իվանեի համար առավել կարեւոր են եղել քաղաքական խնդիրները. այս գաղափարը լավագույնս արտահայտված է նրա արտաքին քաղաքականության մեջ։ Այսպես՝ ԺԳ. դարի 20-ական թվականներին նա վրաց թագավորի անունից բանակցություններ էր վարում Հռոմի պապի հետ՝ ռազմական եւ քաղաքական միություն ստեղծելու նպատակով, եւ նրան հետաքրքիր չէր, թե ինչ վիճաբանություն կար քրիստոնեական տարբեր եկեղեցիների միջեւ։

1224 թ. Հոնորիոս Գ. պապին ուղղված գրության մեջ նա խոստանում էր միացյալ ուժերով ազատագրել Երուսաղեմը, իսկ Հռոմի պապին անվանում «համայն քրիստոնյաների գլուխ» ՝ միաժամանակ իրեն համարելով «հնազանդ եւ խոնարհ որդի» ։ Կրոնական հարցերի առնչությամբ նմանատիպ մոտեցումը խոսում է այն մասին, որ Իվանեն պատկանում էր հայ քաղկեդոնականների համայնքին։ Թերեւս պատահական չէր, որ Վրաց թագավորության՝ Հռոմ ուղարկած պատվիրակության կազմում ընդգրկված է եղել ոչ թե վրաց եկեղեցու ներկայացուցիչը, այլ՝ հայ քաղկեդոնական մի եպիսկոպոս։ Իվանե Զաքարյանի վարած թե՛ արտաքին եւ թե՛ ներքին քաղաքականությունը վկայում է այն մասին, որ նա միտված էր երկրում ապրող տարբեր կրոնական ուղղությունների համար ստեղծել խաղաղ պայմաններ, որի դեպքում էր միայն հնարավոր Զաքարյան Հայաստանի բարգավաճումը։ Քաղաքական դիրքորոշումը չէր խանգարում Իվանեին, որպեսզի նա լիներ լավ քրիստոնյա, որը քաջատեղյակ էր Աստվածաշնչին: Նրա խորը հավատացյալ լինելու մասին է վկայում ԺԴ. դարի վրացի պատմիչներից մեկը։ Ըստ նրա հաղորդած տեղեկության՝ 1225 թ., երբ վրացական զորքը պատերազմի էր պատրաստվում ընդդեմ հյուսիսային ցեղերի, Իվանեն արդեն ծեր էր եւ գաղտնի դարձել էր վանական։ Նրա մասին պահպանվել է նաեւ մեկ այլ ուշագրավ մի պատմություն. 1213 թ., երբ մահանում է Զաքարեն, Իվանեն ստանում է աթաբեկի պաշտոնը։ Համաձայն վրացի պատմիչի պահպանած վկայության՝ Իվանեին առաջարկում են ընդունել ամիրսպասալարի պաշտոնը, սակայն վերջինս հրաժարվում է՝ ասելով. «Պատիվը, որ ինձ շնորհեցիր՝ շատ մեծ է, բայց ես չեմ կարող իմ եղբոր պաշտոնը զբաղեցնել եւ ամաչել, այդ իսկ պատճառով ինձ բավարար է միայն աթաբեկի պաշտոնը։ Քանի որ դուք Վրաստանում չունեք աթաբեկություն, այդ իսկ պատճառով Դու կավելացնես քո ողորմությունն իմ նկատմամբ, եւ դրանով ավելի մեծ պատիվ կշնորհես ինձ։ Դու կշնորհես ինձ աթաբեկի պաշտոնը, որն ընդունված է սուլթանների մոտ, եւ, ինչպես կարգված է սուլթանների օրենքում, աթաբեկը համարվում է հայր եւ խնամակալ թագավորների ու սուլթանների, այդ իսկ պատճառով է կոչվում աթաբեկ» ։

Թամար թագուհու որդու՝ Գեորգի Լաշայի (1213-1222 թթ.), եւ դստեր՝ Ռուսուդանի (1223-1247 թթ.) հայրն ու խնամակալը դարձել էր պետության կենտրոնաձիգ իշխանության կարեւոր ներկայացուցիչներից մեկը։ Թամար թագուհուց հետո երկրի վիճակն օրեցօր վատթարանում էր. ստեղծված անկայուն իրավիճակին հաջորդում են մի շարք անհաջող պատերազմներ։ 1225 թ. սեպտեմբերին հայ-վրացական միացյալ զորքը՝ Իվանե Զաքարյանի գլխավորությամբ, Գառնիի մոտակայքում ծանր պարտություն է կրում Դջելալ Ադ-Դինայի գլխավորած բանակից, եւ հայտնի է, որ Իվանեն հազիվ է փրկվում թշնամու սրից եւ պատսպարվում մոտակա ամրոցներից մեկում։ Ցավոք, նրա կյանքի վերջին տարիները խիստ դաժան էին, քանի որ անկում էր ապրում Զաքարյան Հայաստանի ոսկե ժամանակաշրջանը, որին հասնելու համար Իվանեն ներդրել էր իր ամբողջ կյանքը։ Զաքարյան Հայաստանն աստիճանաբար թուլանում էր եւ կորցնում իր նախկին հզորությունը, իսկ զառամյալ տարիքում գտնվող Իվանեն արդեն ի վիճակի չէր կայունություն հաստատել երկրում։

Առանձնահատուկ հետաքրքրության առարկա է Իվանեի ծավալած եկեղեցաշինական գործունեությունը։ Նրա մասնակցությամբ Զաքարյան Հայաստանում կառուցվել են մի շարք քաղկեդոնական վանքեր ու եկեղեցիներ, որոնցից քչերն են պահպանվել։ Նշանավոր է հատկապես Թեժառույքի վանքը, որը գտնվում է Մեղրաձորում։ Նրա հովանավորությամբ են կառուցվել նաեւ Հնեվանքն (1200-1206 թթ.) ու Կոշի (1214-1215 թթ.) վանքը։ Թվարկված վանքերից ամենանշանավորը, սակայն, Պղնձահանքի Ս. Աստվածածինն է, որն առինքնում է ճարտարապետական գեղեցիկ լուծումներով։ Եւ պատահական չէ, որ Իվանեն այս վանքը կառուցել է Հայաստանի հյուսիսում եւ նկարազարդել որմնանկարներով՝ որպես հայ քաղկեդոնականների հոգեւոր կենտրոն։ Հնարավոր է՝ Պղնձահանքը եղել է այն վանքը, որտեղ Իվանեն գաղտնի կերպով դարձել է վանական։ Հենց այս իրողությամբ էր պայմանավորված նաեւ այն, որ Իվանեի մահից հետո (1227/1231 թ.) նրա մարմինն ամփոփում են Պղնձահանքի Ս. Աստվածածին վանքի մոտակայքում, որտեղ եւ կառուցում են դամբարանը։

Իվանեի՝ խիստ ուսյալ եւ Սուրբ Գրքին քաջածանոթ լինելու հանգամանքի հիման վրա կարելի է ենթադրել, որ նա անձամբ է մասնակցել որմնապատկերների թեմատիկ ընտրությանը։ Նրա պատմական կերպարի ուսումնասիրությունը թույլ է տալիս առավել խորը հասկանալ որմնանկարների ստեղծման պատմությունը։
    
     Սիրով` Տեր Հեթում քահանա Թարվերդյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6379 | 0 | 0
Facebook