Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«… սպանել եմ, որովհետև նա եղել է բոլոր բարի աշխատավորների թշնամին ու չեմ ափսոսում արածիս համար»

14:45, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
«… սպանել եմ, որովհետև նա եղել է բոլոր բարի աշխատավորների թշնամին ու չեմ ափսոսում արածիս համար»

1901 թվականի սեպտեմբերի 14-ին հրազենային ծանր վիրավորումից մահացել է ԱՄՆ Նախագահ Ուիլյամ ՄաքՔինլին:

Նրա վարած արտաքին քաղաքականության առանցքում եղել է իսպանական նախկին գաղութներին տիրապետելու համար պայքարը, որի արդյունքում Կուբայում հաստատվել է ԱՄՆ պրոտեկտորատ, Ֆիլիպիններում՝ գեներալ-նահանգապետություն: Ամերիկյան ազդեցության ոլորտի մեջ են առնվել Հավայան կղզիները, Գուամը և Պուերտո Ռիկոն:

Պատմաբանների գնահատմամբ՝ հենց ՄակՔինլիի նախագահության տարիներին է ԱՄՆ-ը դարձել համաշխարհային տերություն, իսկ նրա կառավարումը բնութագրվել է որպես «նոր իմպերիալիզմի սկիզբ»:

Ցանկացած տեսակի շահագործման ու դրանց արմատ հանդիսացող պետությունների դեմ անհաշտ պայքար մղող անարխիստներն ատելությամբ են լցվել ՄակՔինլիի դեմ, իսկ նրանցից մեկը՝ ԱՄՆ-ում ծնված ազգությամբ լեհ Լեոն Չոլգոշը որոշել է նրան սպանել:

1901 թվականի սեպտեմբերին Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքում բացվել է Պանամերիկյան ցուցահանդես: Սեպտեմբերի 6-ին ցուցահանդես է այցելելՄակՔինլին, որպեսզի ելույթ ունենա «Երաժշտության տաճար» -ի տաղավարում: Տաղավարի ներսում և տաղավարից դուրս 80 պահապան է հսկելիս եղել: Չոլգոշին հաջողվել է 32 միլիմետր տրամաչափի փող ունեցող ռևոլվերը թաքցնել այն փաթաթանի տակ, որով կապել էր իբրև թե կոտրված աջ ձեռքը: Նա համբերությամբ հերթ է կանգնել տաղավար մտնելու համար և ամբոխի հետ դահլիճ է մտել: Բախի սոնատի հնչյունների ներքո նախագահը սրահ է մտել և հերթով սեղմել է իր երկրպագուների ձեռքերը: Լինելով ձախլիկ՝ ՄակՔինլին Չոլգոշին է մեկնել ձախ ձեռքը, իսկ ահաբեկիչը բարձրացրել է աջ ձեռքը և երկու անգամ կրակել է: Առաջին գնդակը դիպել է ՄակՔինլիի կրծքին, երկրորդը՝ որովայնին: Չոլգոշին հենց տեղում դաժանորեն ծեծել են: Ձերբակալության ժամանակ նա հայտարարել է, թե ինքը, որպես անարխիստ, «պարզապես իր բարոյական պարտքն է կատարել»:

Նախագահին տեղափոխել են ցուցահանդեսի մերձակա հիվանդանոց, որտեղ շտապ վիրահատությունը, քանի որ այդ պահին վիրաբույժ չի եղել, կատարել է գինեկոլոգը: Նա չի կարողացել գնդակը հանել նախագահի որովայնի խոռոչից: Հինգ օր անց նախագահի վիճակը կտրուկ վատացել է, իսկ երկու օր անց նա մահացել է փտախտից:

Չոլգոշի դատավարությունը տեղի է ունեցել նույն ամսին և տևել է 8 ժամ 25 րոպե:

Երբ տեռորիստին տրվել է վերջին խոսքի իրավունք, նա հետևյալն է ասել.

«Ես նախագահին սպանել եմ, որովհետև նա եղել է բոլոր բարի աշխատավորների թշնամին ու չեմ ափսոսում արածիս համար»:

1901 թվականի հոկտեմբերի 29-ին Նեոն Չոլգոշին մահապատժի են ենթարկել էլեկտրական աթոռի վրա: Շարունակ փոխելով հոսանքի լարումը՝ դահիճները մահապատիժը կտտանքի են վերածվել: Այնուհետև Չոլգոշի մարմինն ամփոփող դագաղի մեջ չհանգած կիր են լցրել ու 12 ժամում ոչնչացրել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2254 | 0 | 0
Facebook