Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

«Կայսրը պտտվել է պալատի շուրջն ու սկսել է շան նման հաչել կամ կատվի նման մլավել…»

23:56, շաբաթ, 07 նոյեմբերի, 2020 թ.
«Կայսրը պտտվել է պալատի շուրջն ու սկսել է շան նման հաչել կամ կատվի նման մլավել…»

Իր զորքի սարսափելի պարտության լուրն առնելով՝ Խոսրով Անուշիրվանը հրամայել է ավելի մեծ բանակ ուղարկել ապստամբներին ոչնչացնելու: Բայց Հուստինիոս կայսրին միջամտելու առիթ չտալու համար Բյուզանդիայից վերադարձած Սեբոխտը շահին խորհուրդ է տվել հաշտվողաբար խոսել հայերի հետ ու ինքն էլ հանձն է առել գնալ Դվին և համոզել ապստամբներին, որ նրանք հնազանդվեն: Բայց Վարդան Մամիկոնյանը նույնիսկ թույլ չի տվել, որ նա Դվին մտնի: Վիրավորված Սեբոխտը Տիզբոն է վերադարձել արդեն որպես հայերի կատաղի ու անողոք թշնամի, որն էլ ավելի է գրգռել ծերունի Խոսրովի բարկությունը:

Հայաստան է արշավել քսան հազարանոց բանակ, և Վարդան սպարապետն այս բանակին էլ է ջարդել: Բայց Պարսկաստանի ներուժն անսպառ էր, իսկ հայերն սկսել են թուլանալ, որովհետև այս դեպքում էլ գլուխ է բարձրացրել անհամաձայնությունն ու գժտությունը նախարարների միջև, որի հետևանքով Վարդան Մամիկոնյանն ու իր կողմնակիցներն իրենց ընտանիքներով ու Հովհաննես կաթողիկոսի հետ գնացել են Կոստանդնուպոլիս: Հուստինոս կայսրը սիրով ընդունել է փախստականներին, և նրանք քաղկեդոնական ուղղափառություն են ընդունել՝ հաղորդվելով սբ. Սոֆիայի տաճարում:

Քաղկեդոնականություն է ընդունել նաև Հովհաննես կաթողիկոսը: Այս քայլը մեծ դժգոհություն է հարուցել Հայաստանում, և հայ իրականության մեջ առաջին անգամ բացարձակ ընդհարում է սկսվել ազգային եկեղեցու և քաղկեդոնական դավանության կողմնակիցների միջև:

Վարդան Մամիկոնյանը ծառայության է անցել բյուզանդական բանակում, դարձել է այդ բանակի զորավարներից մեկը:

Մինչդեռ ապստամբությունը Բյուզանդիայի ու Պարսկաստանի միջև շուրջ 20 տարի տևած նոր պատերազմի բորբոքման պատճառ է դարձել: Թե ինչքան մեծ համառությամբ է Խոսրովը ջանացել պահպանել Հայաստանը, երևում է այն իրողությունից, որ երբ 575 թվականին պարսիկների և հույների միջև զինադադար է կնքվել, Հայաստանը դուրս է մնացել այդ համաձայնությունից, և պատերազմական գործողությունները Հայաստանում են շարունակվել՝ հսկայական վնաս հացնելով երկրին ու նրա բնակչությանը:

Խոսրովը երկու անգամ զորք է ուղարկել բյուզանդական բանակներից մեկը գլխավորող Մուշեղի դեմ, բայց երկու անգամն էլ պարսիկները պարտվել են: Պարտվել են նաև Սյունյաց իշխաններից մեկի՝ Փիլիպպոսի հրամանատարությամբ ուղարկված զորքերը, բայց այս Փիլիպպոսը մնացել է Հայաստանի մարզպան: Տեսնելով իր զորքերի անհաջողությունները Հայաստանում՝ Խոսրովն ինքն է մի մեծ բանակի գլուխ կանգնել և 576 թ. վաղ գարնանն արշավել է Հայաստան: Պատմիչ Սեբեոսը գրում է, թե Անուշիրվանը հատկապես Վարդան Մամիկոնյանի դեմ էր սկսել այդ արշավանքը:

Հայ զորավարը, խույս տալով հետապնդումից, շարժվել է դեպի Եփրատ՝ բյուզանդական հիմնական բանակին միանալու համար: Անցնելով Եփրատը՝ Խոսրովը մոտեցել է Մելիտինե քաղաքին, որտեղ էլ նրան կանգնեցրել է բյուզանդական զորքը: Ճակատամարտում պարսկական զորքը գլխովին ջախջախվել է: Բյուզանդական զորահրամանատարներից մեկը՝ ծագումով սկյութ, ճեղքել է պարսկական ճակատը և գրավել թագավորական կայանը, որտեղ Խոսրովի կանանոցը, թագավորական ատրուշանը՝ վեհագույնը բոլոր ատրուշաններից, որը շահն ամեն տեղ տարել է իր հետ, որպեսզի այն իրեն հաղթություն պարգևի: Փախուստի դիմած պարսիկներից շատերը խեղդվել են Եփրատում, իսկ Անուշիրվանը հազիվ է փրկվել՝ հեծնելով մի փիղ, որը նրան անցկացրել է Եփրատի մյուս ափը:

Քառամյա պատերազմից ուժասպառված Բյուզանդիան խաղաղություն է փափագել ու թեև վերջին ճակատամարտում, ինչպես վերն ասվեց, հաղթել էր, այնուամենայնիվ, հաշտություն է առաջարկել: Կայսրության հյուծված վիճակից քաջատեղյակ Խոսրով Անուշիրվանը, թեև պարտված, ոչ մի զիջում չի արել հակառակորդին: Տարեկան 35 հազար ոսկի է պահանջել, պահանջել է նաև վերադարձնել Պարսկական Հայաստանն ու Վրաստանը և իրեն հանձնել ապստամբության առաջնորդ հայերին ու վրացիներին: Հենց այդ ժամանակներում Հուստինոսին ուղեղի հիվանդություն է պատուհասել (կայսրը պտտվել է պալատի շուրջն ու սկսել է շան նման հաչել կամ կատվի նման մլավել, զայրույթի պահերին պատուհանից տարբեր առարկաներ է դուրս նետել, իսկ մի անգամ էլ Կոստանդնուպոլսի պատրիարքին խնդրել է կանացի գլխարկ դնել), և նրա փոխարեն կայսրությունը Սոֆյա կայսրուհու հետ կառավարող Տիբերիոսն անկարելի է համարել Խոսրովի պայմանների կատարումը, և 577 թվականին պարսկա-բյուզանդական պատերազմը վերսկսվել է նոր թափով: Պատերազմական գործողությունները հիմնականում Հայաստանում են ընթացել, որի հետևանքով երկիրն ահավոր ավերվել է:

Տիբերիոսը Հայաստանում գործող բանակի գլխավոր հրամանատար է նշանակել իր պալատականներից մեկին՝ Մավրիկոսին, որը հայ մատենագրության մեջ Մորիկ անունով է հայտնի: Սա թեպետ պատերազմական գործողությունների երբեք չէր մասնակցել, բայց առաջին իսկ անգամից ռազմագիտական տաղանդ է դրսևորել: Վերականգնելով զորքի կարգապահությունը և գործի դնելով մոռացված ռազմական կանոնները՝ Մորիկը հարձակվել և մի քանի հաղթանակ է ապահովել:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
713 | 0 | 0
Facebook