Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

Ապստամբները կտրել են Սուրենի գլուխը և տարել են Թեոդուպոլիս՝ Հուստինոս զորավարին ցույց տալու

23:25, ուրբաթ, 06 նոյեմբերի, 2020 թ.
Ապստամբները կտրել են Սուրենի գլուխը և տարել են Թեոդուպոլիս՝ Հուստինոս զորավարին ցույց տալու

Նախքան ապստամբական շարժմանը ձեռնամուխ լինելը Վարդան Մամիկոնյանը Կոստանդնուպոլիս է գնացել ու բանակցել է Հուստինոս 2-րդ կայսրի հետ: Ապստամբական տրամադրություն ստեղծելու մեջ բյուզանդական հրահրման խաղացած կարևոր դերի մասին է վկայում այն փաստը, որ կայսրը խոստասել է անպայման օգնել ապստամբներին՝ իր խոստումը երդմամբ հաստատելով: Նա պարտավորվել է ապստամբ հայերին զինական ուժով պաշտպանել: Դրա փոխարեն Պարսկաստանին պատկանող Հայաստանը պիտի անցներ Բյուզանդիային: Կայսրը հայերին ու վրացիներին հաստատապես խոստացել էր, որ եթե հանկարծ ապստամբությունը ճնշվի, և ինքը, հակառակ իր գործադրած ջանքերի, չկարողանա Հայաստանի ու Վրաստանի՝ Պարսկաստանին պատկանող մասերը խլել, երբեք պարսիկների ձեռքը չի հանձնի ապստամբության առաջնորդներին:

Ոգևորված այս խոստումներով՝ Հովհաննես կաթողիկոսն ու սպարապետ Վարդան ՄամիկոնյանըՍուրեն մարզպանին հայտարարել են, թե հայ ժողովուրդը չի կարող թույլ տալ, որ իր հողի վրա ատրուշան կառուցվի: Ի պատասխան այս պահանջի՝ Սուրեն մարզպանը կարգադրել է փութացնել ատրուշանի շինարարությունը: Կաթողիկոսն ու սպարապետը նույնիսկ աղաչել են հրաժարվել ատրուշան կառուցելու մտադրությունից, բայց գոռոզ մարզպետը, իբրև պատասխան, հրամայել է ատրուշանի հիմքը կառուցել:

Հայ եկեղեցին պաշտպանելու կոչերը չեն ուշացել, և Դվինում 10 հազարից ավելի զինված մարդ է հավաքվել: Մի վերջին անգամ կաթողիկոսն ու նախարարները փորձել են մարզպանին համոզել՝ հավաստիացնելով, թե հայերն ապստամբություն չեն ուզում, այլ ուզում են արքայից արքային հավատարմությամբ ծառայել, բայց այն պայմանով, որ ատրուշանը չկառուցվի: Նրանք մարզպանին հորդորել են արքայից արքային փոխանցել իր հպատակ հայ ժողովրդի ցանկությունը: Իսկ Սուրենը կաթողիկոսին ու նախարարներին խոհեմության է կոչել ու նկատի առնել, որ հայերի վարմունքը զայրացնելու է Խոսրով Անուշիրվանին: Ապա Սուրենը գնացել է Տիզբոն՝ Խոսրովից հրահանգներ ստանալու համար:

Ըմբոստացածների համար պարզ էր, որ արքայից արքան իրենց չի խնայելու, և երկիրն սկսել է եռանդով նախապատրաստվել դիմադրության: Շուտով Վարդանը 20 հազարանոց բանակ է հավաքել: Այնուհետև նա դաշինք է կնքել վրացիների ու աղվանների հրամանատարներ Գուրգենի ու Շիրոյի հետ: Վարդանը նաև բանագնացներ է ուղարկել հոների մոտ՝ նրանց աջակցությունը ստանալու համար: Բայց հայ ապստամբների գլխավոր նեցուկը Բյուզանդիայի կայսրը պիտի լիներ, ահա թե ինչու էլ ավելի են հաճախացել նրանց հետ բանակցությունները՝ ստանալով գործնական կերպարանք: Հայերին օգնելու համար Հուստինոս 2-րդը մի առանձին զորաբանակ է կազմավորել՝ դրա հրամանատարությունը հանձնելով Կարինում (Թեոդուպոլիս) նստող Հուստինոս զորավարին: Ապահովության համար Թեոդուպոլիս են տեղափոխվել Դվինի գանձարանը, կաթողիկոսարանի արժեքավոր կարասիները:

Խոսրով Անուշիրվանին, բնական է, սաստիկ կատաղեցրել է հայերի պահվածքը: Նա Սուրեն մարզպանին 15 հազար զորքով ուղարկել է Հայաստան՝ դաժանորեն պատժելու բոլոր անհնազանդներին: Բայց հասկանալով, որ հայերի ապստամբությունը հաջողություն չէր կարող ունենալ առանց Բյուզանդիայի աջակցության, նա փորձել է իմանալ, թե արդյո՞ք հայկական ապստամբությունը հետևանք չէ այն դաշնակցային համաձայնության, որ կնքվել է բյուզանդացիների և թուրքերի միջև՝ ընդդեմ Իրանի: Շահը Կոստանդնուպոլիս է ուղարկել իր վստահելի պաշտոնյաներից մեկին՝ Սեբոխտին՝ հրահանգելով, սակայն, որ նա մեկ խոսք անգամ չարտաբերի պարսկահայերի ապստամբության մասին, եթե կայսրն ինքը այդ մասին չխոսի: Իսկ Սեբոխտին տրված պաշտոնական հանձնարարությունն է եղել պահանջել խաղաղության պայմանագրով նախատեսված տարեկան 30 հազար ոսկին:

Ունկնդրության ժամանակ Հուստինոսն ինքն է խոսք բացել Հայաստանի մասին: Մերժելով համաձայնագրով նախատեսված հարկը վճարել՝ կայսրը հարցրել է դեսպանին, թե նա մտադրություն չունի՞ խոսել Պարսկաստանին պատկանող Հայաստանի մասին: Սեբոխտը պատասխանել է, թե իր տիրոջը հայտնի է այդ երկրում տեղի ունեցող փոքրիկ անախորժությունը և թե նա արդեն մարդիկ է ուղարկել, որպեսզի այնտեղ կարգ ու կանոն վերահաստատվի: Հուստինոսը դեսպանին հստակ ասել է, որ եթե պարսկահայերը դուրս գան պարսից հպատակությունից և եթե որևէ մեկը սկսի նրանց հալածել, ինքը նրանց կընդունի և կպաշտպանի որպես իր հավատակիցների: Սեբոխտը կայսրին խնդրել է չխաթարել գոյություն ունեցող կարգը: Բայց կայսրն անհողդողդ է մնացել: Իսկ Սուրեն մարզպանը 15 հազար զորքով վերադարձել է Դվին: 572 թվականի փետրվարի 2-ին հայերը հենց Դվինում հանկարծակի հարձակվել են պարսից զորքի վրա ու մեծ ջարդ են տվել: Լուծվել է նաև Մանվելի սպանության վրեժը. Զավրակ Կամսարականը սպանել է Սուրեն մարզպանին: Ապստամբ հայերը կտրել են Սուրենի գլուխը և տարել են Թեոդուպոլիս՝ Հուստինոս զորավարին ցույց տալու:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1305 | 0 | 0
Facebook