Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

Բյուզանդիայի նենգ քաղաքականության ու հայերին նոր ապստամբության հրահրելու մասին

23:15, հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2020 թ.
Բյուզանդիայի նենգ քաղաքականության ու հայերին նոր ապստամբության հրահրելու մասին

Հուստինոս 2-րդին ժամանակակից հույն պատմագիր Մենանդրոս Բյուզանդացու դիտարկմամբ՝ հզոր դրդիչներ հանդիսացող նպաստավոր հանգամանքները մի քանիսն են եղել, բայց ամենագլխավորը Միջին Ասիայում ծնունդ առած թուրքական պետության՝ Թուրանի գործոնն է դեր խաղացել: Այս նորաստեղծ պետությունը թեև սկզբում բարեկամական հարաբերություններ էր հաստատել Խոսրով Անուշիրվանի հետ, բայց այդ բարեկամությունը երկար չի տևել, ու պիտի ասել, որ Իրանի ու Թուրանի միջև թշնամության արմատավորման ու ծավալման գործում զգալի դեր է խաղացել բյուզանդական քաղաքականությունը: Բյուզանդիայի կառավարիչները հասկացել էին, որ այս նոր պետությունը կարող է կայսրությանը մեծապես օգտակար լինել Իրանին մահացու հարվածներ հասցնելու գործում, և Կոստանդնուպոլսի դիվանագետները դեսպանություններ են ուղարկել Թուրան ու դրա խաքանին առաջարկել են դաշինք՝ ընդդեմ Իրանի: Բանակցությունները ձգձգվել են, և այդ ընթացքում բյուզանդական դիվանագիտության նենգ էությունն ըմբռնած խաքանը բյուզանդական հերթական դեսպանին ընդունելու ընթացքում իր տասը մատներն իր բերանը մտցնելով՝ ասել է.
     «Ինչպես որ հիմա ես բերանումս տասը մատ ունեմ, այնպես էլ դուք՝ հոռոմներդ, բազմաթիվ լեզուներ ունեք: Մեկով դուք ինձ եք խաբում, մյուսով՝ իմ ստրուկ բարքոսիտներին: Պարզ ասած՝ դուք ճարտասանական ծեքծեքումներով ու նենգությամբ հրապուրում եք բոլոր ժողովուրդներին, բայց երբ այդ ժողովուրդները դժբախտության մեջ են հայտնվում, դուք արհամարհում եք նրանց ու միայն ձեր օգուտին եք հետամուտ լինում»:

Միջին Ասիայում դաշնակից պատրաստելով Իրանի դեմ՝ Բյուզանդական նենգ դիվանագիտությունը հարձակման համար մարտադաշտ էր դարձնում Հայաստանը՝ ստանձնելով քրիստոնյաների պաշտպանի դերը, որը նա բազմիցս էր քողարկել իր զավթողական նպատակները:

Բայց ծրագիրը մշակվել էր երկուստեք համաձայնությամբ. Քրիստոնյա հայերն ապստամբում են իրենց այլադավան կեղեքիչների դեմ, և կայսրի զորքը նրանց օգնության է հասնում:

Խոսքը վերաբերում է 571 թվականի ապստամբությանը:

Խոսրով Անուշիրվանի նշանակած մարզպաններից մեկը՝ Դենշապուհը, ատրուշան է կառուցել Ռշտունյաց գավառում և հայերին հարկադրել է երկրպագել կրակին: Բայց, թող զարմանալի չթվա, այս հանգամանքը չի եղել ապստամբության բուն պատճառը: Դրա ապացույցն այն է, որ ապստամբությունը տեղի է ունեցել ոչ թե այդ Դենշապուհի օրոք, այլ հետո, երբ Անուշիրվանը մարզպան է նշանակել իր ազգականներից մեկին՝ Սուրենին: Հենց սրա կառավարման շրջանում է, որ ապստամբական տրամադրություններ են խմորվել հայոց նախարարների մեջ: Բայց այս Սուրենի գործողություններում կրոնական անհանդուրժողականության նշույլ անգամ չի եղել, ինչի մասին վկայել է մեր պատմագիր Ասողիկը: Նա ապստամբության խմորումների պատճառ է համարում բոլորովին այլ հանգամանք: Այս մարզպանը, ասում է Ասողիկը, սկսել է հարստահարել հայ նախարարներին և հարստահարական միջոցներից վատթարագույն այն է եղել, որ նա շնացել է ազատների կանանց հետ և թույլ չի տվել, որ այր ամուսինն իր կնոջ տերը դառնա: Պարսիկ մարզպանների այս սանձարձակ վարքը վաղուց է գոյություն ունեցել, և Ասողիկն ասում է, թե այս պաշտոնյան այդ այլանդակ երևույթը շատացրել է: Հայ նախարարաներին այս անհանդուրժելի դրությունը, բնականաբար, ստիպել է ըմբոստանալ: Իսկ ապստամբության ղեկավար Վարդան Մամիկոնյանը, ինչպես վկայում են հույն պատմագիրները, ատելությամբ էր լցված եղել իր եղբայր Մանվելին սպանած Սուրենի նկատմամբ:

Բայց հայ եկեղեցական գործիչներից ներշնչված հույն հեղինակները ծայր առնող շարժման պառճառը միայն ու միայն կրոնական հալածանքներն են համարել: Ըստ այս հեղինակների՝ պարսից մոգերը, բյուզանդական ազդեցությանը դիմակայելու համար, համոզում են Խոսրով Անուշիրվանին բռնի միջոցներով քրիստոնյաներին (հայերին, վրացիներին և աղվաններին), պարսկացնել: Հայաստանը պարսկացնելու համար Սուրեն մարզպանի տրամադրության տակ է դրվել 2000 ձիավոր: Սուրենը նախ սկսել է հարկերն ու տուրքերը սաստկացնել ու Դվինում ատրուշան կառուցելու համար նախապատրաստական աշխատանք է կատարել: Թեև հայտնի էլ չէր, թե ատրուշանը երբ կսկսեն կառուցել, բայց հայ հոգևորականությանն ու նրան միացած նախարարներին այդքանն էլ բավական է եղել, որ ամեն տեղ ազդարարեն, թե պարսիկները կրոնական հալածանք են սկսել հայության դեմ:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
798 | 0 | 0
Facebook