Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նադիրի սպանությունը

23:30, երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.
Նադիրի սպանությունը

Նադիր շահը մարդկության համար մեծ չարիք է համարել կրոնական խտրությունները, և ցանկացել է վերացնել դրանք: Ամենասկզբում նա ցանկացել է միացնել շիա և սյուննի դավանանքները, ջնջել դրանց միջև առկա դավանական տարբերությունները: Այնուհետև ցանկացել է իրեն հպատակ աշխարհում հաստատել քրիստոնյաների, մահմեդականների ու հրեաների համար մեկ ընդհանուր կրոն: Իր այս գաղափարը կյանքի կոչելու համար նա նույնիսկ հրամայել է թարգմանել քրիստոնեական ավետարանն ու հրեական թալմուդը, որպեսզի կարողանա քննել դրանց կանոնները և դրանց միացման հիմունքները մշակել:

Նրա քամահրական վերաբերմունքը շիա դավանության նկատմամբ իր դեմ է գրգռել պետության ազդեցիկ հոգևորականներին, բայց քանի որ նա ահարկու է եղել, այդ դժգոհությունները չեն բարձրաձայնվել:

Գահ բարձրանալուն պես, Նադիրը, իմանալով, որ Իրանի հոգևորականության տարեկան եկամուտը հասնում է յոթ միլիոն ռուբլու, կանչում է գլխավոր հոգևորականներին ու հարցնում, թե ինչի վրա է ծախսվում այդ հսկայական գումարը: «Դպրոցների, մզկիթների ու մոլլաների վրա: Փոխարենը հոգևորականնությունն աղոթում է, որ Աստված Իրանը պաշտպանի թշնամիներից», պատասխանել են նրանք:

«Տարօրինակ է, - ասել է շահը, - երբ դուք ստանում էիք այդ եկամուտները, Իրանը անկման եզրին էր հասել: Նշանակում է՝ Ամենակարողը չէր լսում ձեր աղոթքները: Եթե պետությունը չքանդվեց, ապա նա պարտական է ոչ թե ձեր աղոթքներին, այլ իմ քաջ զինվորներին»: Եվ հրամայել է հոգևորականությանը հատկացվող գումարները պետական գանձարան մուտքագրել:

Կրոնի և կրոնավորների նկատմամբ այսպիսի վերաբերմունքն Արևելքում չտեսնաված երևույթ կարելի է համարել, նաև այդ էր պատճառը, որ նորանոր հզոր թշնամիներ էր «վաստակում»:

Նրա կործանման նախերգանքը Դաղստանում է գրվել: Դերբենդից արշավել է դեպի Դաղստանի խորքերը՝ լեռնականներին նվաճելու և պատժելու համար: Բայց նրա բանակը լեռնային կիրճերում շրջապատվել է ու մեծ կորուստներ կրել: Ոչնչացել է նաև ամբողջ պարենը: Զորքը սովի է մատնվել, և զինվորներն սկսել են իրար ուտել: Նադիրը կարողացել է Դերբենդ վերադարձնել զորքի չնչին մնացորդներին միայն: Դրանից հետո սկսվել են պալատական ինտրիգները: Նադիրին հավատացրել են, թե իր դեմ դավադրություն է ծրագրվել, և որ այդ դավադրության գլխավորն իր իսկ որդին է՝ Ռիզա Ղուլի Միրզան: Նադիրը հրամայել է նրան կուրացնել: Երբ դահիճը գնացել է կատարելու հրամանը, թագաժառանգը դահճին խնդրել է հայտնել հորը, թե նա ամբողջ Իրանն է կուրացնում: Հետո քննություն է կատարվել, և պարզվել է, որ Ռիզա Ղուլի Միրզան կատարյալ անմեղ է:

Այս հանգամանքը շարունակ տանջել է բռնապետին, թունավորել է նրա կյանքը՝ դարձնելով նրան էլ ավելի կասկածամիտ ու ավելի արյունռուշտ:

Քանի որ կուրացված թագաժառանգը ժողովրդականություն է վայելել, այդ պատճառով նրան կուրացնելը մեծ վրդավմունք է առաջացրել երկրում: Պարսիկ երեք զինվորական երդվել են վրեժխնդիր լինել անմեղ թագաժառանգի համար:

Նադիրից դժգոհ է եղել նաև զորքը, որովհետև շահը ժլատ էր դարձել ու երկար ժամանակ զորքի ռոճիկը չէր տվել: Ըստ ասեկոսեների, շահը պետական հարստությունը տեղափոխել է Խորասանի իր հայրենի գյուղ՝ մտադիր լինելով այնտեղ բնակություն հաստատել:

1744 թվականին Նադիրը արշավանք է սկսել Օսմանյան կայսրության դեմ՝ Բաղդադն ու Քերբալա սրբազան քաղաքն ազատագրելու և ամբողջ Միջագետքին տիրանալու համար: Բայց շոշափելի արդյունքի չի կարողացել հասնել: Բնականաբար, դժգոհությունը երկրում ավելի է սաստկացել: Թեպետ շահը երկրի բնակչությանը երեք տարով ազատել էր բոլոր հարկերից, բայց մարդկանց դժգոհությունը մեղմել չի հաջողվել: Սիստան նահանգի կառավարիչն ապստամբել է նրա դեմ ու ամեն տեղ մարդ է ուղարկել քարոզելու, որ անհրաժեշտ է բռնակալից ազատվել: 1747 թվականին վերոհիշյալ երեք դավադիր զինվորականները, կաշառելով պալատական պահնորդներին, մտել են Նադիրի ննջարան: Շահը ձեռնամարտի է բռնվել նրանց հետ, բայց նրանցից մեկը՝ Սալահ բեկը, կարողացել է դաշույնը մտցնել նրա փորը: Մեծ Իրան ստեղծած հռչակավոր զորավարը մեռել է 47 տարեկան հասակում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2846 | 0 | 0
Facebook