Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

Իրանին տիրել են նաև աֆղանները

22:48, շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ.
Իրանին տիրել են նաև աֆղանները

Հռչակվելով Իրանի շահ՝ Միր Մահմուդը հիմք է դնում աֆղանական հարստությանը Իրանի գահի վրա: Բայց նա երեք տարուց ավելի չի կարողանում գահակալել: Սա անգութ անձնավորություն է եղել, որն արյան մեջ խեղդել է ապստամբական ցանկացած փորձ: Ղազվինում սկսված ապստամբությունը ճնշելու համար Մահմուդը խնջույքի է կանչել պարսից ազնվականության սերուցքին ու բոլորին կոտորել է նրանց ընտանիքների անդամների հետ միասին: Մեկ ուրիշ անգամ, դարձյալ խնջույքում, նա կոտորել է տվել շուրջ 3000 պարսիկ զինվոր, որոնց մինչ այդ ընդունել էր իր զորքի կազմում: Շահ Թամազին պատժելու համար այս աֆղան արյունարբուն Թամազի հորը՝ Հուսեինին, սոսկալի արարքի ականատեսն է դարձրել: Թագազրկված ծերունու աչքի առաջ Մահմուդն անձամբ խեղդել է նրա որդիներին ու թոռներին՝ թվով հարյուր հոգի: Սրա պարագայում, թերևս, կարելի է ասել, որ Աստված չի ներել անգութ բռնակալին: Մահմուդը ցնորվել է, իսկ նրա մարմինը սկսել է հոշոտել բորոտությունը: Նա ստիպված է եղել մեկուսանալ, բայց մեկուսավայրում նրան սպանել են հենց աֆղանները:

1725 թվականին նրան հաջորդել է իր հորեղբայր Աշրաֆը, որը նրա նման արյունարբու է եղել, և որի գազանությունների կիզակետում հենց իր հայրենակից աֆղաններն են եղել: Նա մեղմ է վարվել պարսիկների հետ և աշխատել է նրանց բարյացկամությանն արժանանալ: Բայց նրա այս քաղաքականությանը խոչընդոտել է նախկին շահ Թամազը: Այդ ժամանակ Թամազին իր ծառայությունն է առաջարկել Խորասանի թուրքմենական ավշար ցեղի անդամներից մեկը՝ Նադիր ղուլին (Հրաշքների ստրուկ): Նրա հայրը թաղիքագործ է եղել, որի մեռնելուց հետո նա ժառանգություն է ստացել ընդամենը մեկ ուղտ: Մորն ու եղբայրներին պահելու համար նա վառելափայտ է բարձել ուղտին ու այստեղ-այնտեղ վաճառել: Բայց շուտով հասկացել է, որ արդար քրտինքով բարվոք վիճակի հասնել հնարավոր չէ ու սկսեսլ է ավազակություն անել: Այս նոր գործում նա այնքան հաջողակ է եղել, որ իր հանդուգն գործողություններով հռչակավոր է դարձել: Նադիր ղուլին շուտով ավազակապետ է դառնում: Սակայն նա միայն թալանով չի սահմանափակվել: Արշավանքներում դրսևորվել են նրա մեծ եռանդը, խիզախությունն ու պատերազմական տաղանդը: Թվարկածս հատկություններն էլ նրան հասցրել են փառքի բարձունքների: Նա իր ավազակախմբով հարձակվել է աֆղանական զորաջոկատների վրա, ոչնչացրել է դրանց, ու եկել է մի պահ, որ ամբողջ Խորասանը մաքրել է աֆղաններից:

Եվ Թահմազն այսպիսի ռազմիկի, բնականաբար, մերժել չէր կարող: Նա ծառայության է ընդունել հռչակավոր ավազակին ու իր թշնամիների թշնամուն: Անցնելով ծառայության Թահմազին՝ արդեն «խան» տիտղոս կրող Նադիր ղուլին Թահմազ Ղուլի (Թահմազի ստրուկ) է անվանվում և կարճ ժամանակ անց դառնում է սարսափազդու տաղանդավոր զորավար: Պարսիկներն զգում են, որ նոր առաջնորդ է Ալլահն իրենց պարգևել, ու նրանք համախնբվում են Նադիր շուրջը: Պայքարի սլաքն առաջինն ուղղվում է աֆղանների դեմ, որոնք իրենց բարբարոսություններով լցրել էին իրանցիների համբերության բաժակը: Նադիրն աֆղաններից ազատագրում է ամբողջ Խորազանը և գնում է Աշրաֆ շահի դեմ: 1729 թվականի վերջում նա Թեհրանի մոտ ջախջախում է աֆղաններին: Աշրաֆը փախչում է Սպահան ու պարտվածի ամբողջ կատաղությունը թափում է Սուլթան Հուսեին շահի վրա՝ սպանելով նրան: Սպահանից Աշրաֆը ստիպված է լինում փախչել Աֆղանստան, որտեղ էլ սպանվում է մի ավազակի ձեռքով:

Սպահանն ազատագրված էր աֆղաններից, և Նադիր ղուլին մեծ հաղթահանդեսով Թահմազի հետ մտել է մայրաքաղաք: Սեֆեվիները կարճ ժամանակով վերստացել էին Իրանի գահը:

(շարունակելի)

Նկարում՝ Միր Մահմուդը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
939 | 0 | 0
Facebook