Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

Իրանին տիրել են նաև աֆղանները

19:31, չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ.
Իրանին տիրել են նաև աֆղանները

Իրանի քայքայումը սկսվել է ազգությամբ թուրք Շահ Աբբասի մահից հետո, երբ Սեֆեվիների գահի վրա միմյանց հաջորդել են մի քանի թուլամորթ և անկարող այնպիսի բռնակալներ, որոնց համար պետության բոլոր հոգսերը տարրալուծվել են հարեմական մեղկության ու գինեմոլության մեջ: Այդպիսի մի թագավոր էր շահ Սուլթան Հուսեինը, որն Իրանի գահին բարձրացավ 1694 թվականին: Սա շիա դավանանքին կուրորեն հետևող միապետ է եղել, և այդ է պատճառը, որ նրա արքունիքում տիրապետողը եղել են մոլեռանդ հոգևորականները: Շահ Հուսեինի թագավորելու ժամանակամիջոցը (1694 - 1722) Իրանի պատմության ամենամռայլ ժամանակաշրջաններից մեկն է համարվում: Թուլամորթ շահի պարագայում, բնականաբար, ամբողջ երկրում պիտի ուժեղանային ապստամբական շարժումները: Կայսրության ըմբոստ նահանգների մեջ առավել հզոր շարժում տեղի ունեցավ Աֆղանստանում և հատկապես նրա Ղանդահար քաղաքում: Մշտապես անհնազանդ այս քաղաքը հպատակեցնելու համար պարսից իշխանությունները հաճախ էին ստիպված լինում ուժ կիրառել:

Ղանդահարն առավել վտանգավոր է դառնում այն ժամանակ, երբ ապստամբությունը գլխավորում է շատ ճարպիկ ու պատերազմներում հմտացած Միր Վեյսը: Այս անձնավորությանը վնասազերծելու համար Հուսեին շահը Ղանդահար է ուղարկում Քարթալինայի թագավոր Գեորգի 11-րդին, որին պարսիկները Գուրգին խան էին անվանում: Այս թագավորը տևական ժամանակ պատերազմել էր Վրաստանի մեկ այլ հատվածի թագավոր Հերակլ 1-ինի դեմ: Պարսկաստանում Նազար Ալի խան անվամբ հայտնի այս Հերակլն էլ մի բարի պտուղ չի եղել: Մահմեդականացված վրաց թագավորների շարքում սա ամենահրեշավորներից մեկն է համարվել: Հերակլի դեմ պայքարում Գեորգին ոչ միայն անասելի դաժանությամբ է աչքի ընկել, այլև բազում ստոր արարքներ է գործել: Այնուհանդերձ, նա չի կարողացել Քարթալինայի գահին մնալ և վրացական մի գնդի հետ փախել է Իրան ու հաստատվել է Սպահանում: Նշանակվելով Ղանդահարի կառավարիչ՝ Գուրգին խանը վրացիներից կազմված իր գնդով մեկնել է Աֆղանստանի այդ քաղաք, որպեսզի ճնշի սյուննի աֆղանների ապստամբությունն ու արշավի դեպի Բելուջիստան: Գուրգին խանի զորքերին իրավունք էր տրվել կողոպտել ու ավերել: Ինքը՝ Գուրգինը, կողոպտված հարստություն է դիզել և օրերն անառակության ու գինեխմությամբ է մթնեցրել: Աֆղաններին նա արհամարհել է՝ նրանց «մուղալ» անվանելով, և զվարճացել է բարբարոսական տեսարաններով: Օրինակ՝ նա աֆղան կանաց հավաքել է տվել իր առջև և նրանց ծոցը կրակախառն մոխիր է լցնել տվել, ապա տեսնելով նրանց տանջանքները, ասել է. «Մուղալը լավ է խաղում»:

Ապստամբ ղանդահարցիների առաջնորդ Միր Վեյսը Մահմուդ անունով մի գեղեցիկ տղա է ունեցել, և միասեռական պիղծ հակում ունեցող վրացի Գուրգին խանը պահանջել է, որ Միր Վեյսը որդուն «իր մոտ բերի»: Մահմուդը ստիպված է եղել հեռանալ Ղանդահարից:

Այդ գեղեցիկ տղան մի օր պիտի տակնուվրա աներ ամբողջ Իրանը և Սեֆեվիների տոհմին տապալեր:

Տղայի հայրը՝ Միր Վեյսը, հպատակվելով Գուրգին խանի հրամանին, գնում է Սպահան: Գուրգին խանը Հուսեին շահին գրում է, թե Միր Վեյսին պետք է արգելափակել Սպահանում, որովհետև նա է աֆղանական խռովությունների գլխավոր հրահրիչը: Եվ Միր Վեյսին թույլ չի տրվում հեռանալ Սպահանից:

Սպահանից հեռանալու իրավունքից զրկված Միր Վեյսը, ուշադիր հետևելով քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին, հասկանում է, որ կարելի է շարունակել պայքարը Սեֆեվիների փտած բռնակալության դեմ: Սպահանում նրա հարկադիր բնակվելու ժամանակ այս քաղաք է ժամանում Պետրոս Մեծի ուղարկած դեսպանությունը Իսրայել Օրու գլխավորությամբ: Դեսպանության գլխավոր նպատակը Իրանի ռազմական կարողությունների մասին տեղեկություններ քաղելն է եղել, և Իրանում շատերն են երկյուղել այս դեսպանությունից: Օրին մտերիմ հարաբերություններ էր հաստատել Ղանդահարից Սպահան վերադարձած Գուրգին խանի հետ, իսկ Գուրգին խանն արքայորդի Արչիլի հարազատ եղբայրն էր, որի հետ Օրին բարեկամացել էր Մոսկվայում ու համաձայնություն կայացրել, որ հայերն ու վրացիները միասնաբար ապստամբեն Իրանի դեմ: Եվ մոտիկ հարաբերությունների մեջ մտնելով վրաց գահազուրկ թագավորի՝ Գուրգին խանի հետ, Իսրայել Օրին ցանկացել է նրան էլ ներքաշել հայ-վրացական համատեղ պայքարի մեջ:

Աֆղան ապստամբ Միր Վեյսը կռահում է Օրու այդ մտադրությունը և բացահայտում է ռուսաց արքունիքի, արքայազն Արչիլի և Օրիի միջև առկա կապերը: Իր մահացու թշնամու՝ Գուրգին խանի դեմ այդպիսի ապացույցներ հայթայթելով՝ Միր Վեյսը Հուսեին շահին սկսում է հասկացնել, թե Գուրգին խանը նույնպես խառն է այն դավադրությանը, որ նյութվում է Իրանի դեմ, և որի գլուխ կանգնած է հաղթանակներով հռչակված ռուս ցարը՝ Պետրոսը: Նա շահին ու նրա մերձավորներին ասում էր, թե Օրին ոչ թե դեսպան է, այլ Ռուսաստանի գաղտնի գործակալ:

Նկարում՝ Սուլթան Հուսեին շահը
     (
շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
948 | 0 | 0
Facebook