Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

ՀԱՅ ԱԶԳՆ ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏՆ Է ՄՂՈՒՄ

23:31, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
ՀԱՅ ԱԶԳՆ ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏՆ Է ՄՂՈՒՄ
    
    

Այս էլ որերորդ անգամ է հայ Զինվորը ցույց տալիս իր անպարտելիությունը, իսկ հայ ազգը՝ իր միասնականությունն ու ոսոխի դեմն առնելու անսասան կամքը: Մարդկության պատմությունը պատերազմների, իսկ հայ ազգինը՝ չարիքի դեմ ապստամբելու շարունակական պատմություն է: Հազարամյակներից ի վեր երբ զենք ենք վերցրել, հաղթել ենք, երբ զիջել ենք, խաբվել ու պարտվել ենք: Եվ այսօր կրկին համայն հայությունը ոտքի է կանգնել հանուն ազգի փրկության: Մեծ ու մանուկ, կին, թե տղամարդ ինքնակազմակերպվել և այլևս ապրում, գործում ու շնչում ենք ռազմաճակատով ու ռազմաճակատի համար: Նոր Սարդարապատ է, որը նշանակում է, թե բանակին միանում են և՛ աշխարհազորը, և՛ հոգևորականությունը, և՛ ամբողջ ժողովուրդը: Զի ազգի հերոսամարտն առաջին հերթին ոչ թե բանակ ու հմտություն, այլ հոգու արիություն է ենթադրում: Վիճակ, երբ, ոգով խիզախները, անգամ նահատակվելով, առաջ են մղում մյուսներին և հաղթանակի ելք են ապահովում: Կամ, չեն նահանջում այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր է կռվել: Այդպես ենք հաղթել 1990-ականներին, այդպես է և այսօր՝ թշնամու հերթական հարձակման առաջին իսկ օրվանից: Փառքուպատիվ հերոսաբար կռվող մեր բոլոր զինվորականներին ու մասնագետներին, որոնք արիաբար ետ են մղում թուրքերի բոլոր հարձակումները և արժանի հակահարված են տալիս, շատերը՝ իրենց կյանքի գնով: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ մեր մարդկային ռեսուրսներն անսահմանափակ չեն: Անհրաժեշտ է համաժողովրդական զորահավաքի անցնել և ժամ առաջ ողջ ազգաբնակչության հետ կանոնակարգված, ըստ կարողությունների ու մասնակցության հնարավորությունների դասակարգված, համապատասխան աշխատանք ու վարժանքներ կազմակերպել: Անհրաժեշտ է, օգտագործելով ազգի ամբողջ ներուժը, առանձին-առանձին մարզել կամ հանձնարարություններ տալ թե՛ փորձառուին և թե՛ անփորձին: Այս պայքարը միայն առաջնագծի զորահավաքի հարց չէ, այլ՝ ազգ-բանակ սկզբունքով բոլոր կամավորագրվածների ու չկամավորագրվածների, դատվողների ու չդատվողների, իմացող-չիմացողների՝ հայրենին պաշտպանելու իրավունքի, պարտավորության ու ներուժի կանոնակարգման խնդիր է:

Մեր խիզախ առաջնագծի դիրքերում, որտեղ անգամ նվիրյալ արվեստագետներ կան, քիչ չեն նաև անփորձ մարդիկ, անհրաժեշտ է, որ առաջին հերթին այնտեղ լինեն հայրենիքի պաշտպանության գործին նվիրաբերվելու համար կամավորագրված բոլոր փորձառուները, որոնցից շատերին սակայն դեռ թույլ չեն տալիս որևէ կերպ մասնակցել կռվին և կանգնել նորակոչիկների կողքը: Պետք է վեր կանգնել քաղաքական նկրտումներից և անհապաղ, պետականորեն կամավորագրվածներից բացի, հաշվի առնել նաև մյուս բոլոր կամավորագրվածներին՝ անկախ նրանից, թե նրանք որտեղ և ում հրամանատարությամբ են կամավորագրվել: Անհրաժեշտ է օգտագործել բոլորիս ուժերը, բոլոր օգտակար առաջարկությունները, հատկապես ուշադրության արժանացնել ռազմական այն մտքերը, որոնք հնարավորինս զարգացնում են ռազմարդյունաբերությունը, իսկ հեղինակներին, մասնագետներին ու նրանց գիտական ու ռազմավարական միտքը պահել իրադրությունները քննելու և գործողություններ իրականացնելու կիզակետում:

Հրետանահրթիռամարտերը, հասկանալի է, տարիքից անկախ, պետք է վարեն և անվրեպ վարում են մեր խիզախ մասնագետները: Իսկ առաջնագծում, ուր խրամատային ու հետևակային մարտեր են մղվում, ընդհանուր առմամբ, պետք է լինեն ամենափորձառուները, այդ թվում և կամավորագրվածների միջից առանձնացված, արդեն կռիվ տեսած մարտիկները, իսկ անփորձ նորակոչիկներն ու ոչ փորձառու կամավորները ցանկալի է, որ լինեն երկրորդ գծում: Եվ այսպես, մյուսները՝ հաջորդիվ, իսկ մեր անպարտելի բնակչությունը՝ թիկունքներում, որը, այսպիսի պատերազմում, ամեն վայրկյան կարող է վերածվել ռազմաճակատի: Զի, հայոց որ հատվածում էլ որ մարտեր ընթանան, այս պատերազմը ոչ թե միայն Արցախի, այլ ամբողջ Հայաստան աշխարհի ու հայոց պետականության դեմ է: Ուստի, ինչ գնով էլ լինի, պետք է հասնենք դեպի արևելք մեր իսկ հողում հայոց միացյալ պետականության համար կենսական տարածքների ազատագրման, մեր իսկ հողում մեր և մեր սերունդների համար նպաստավոր բարձունքների գրավման, իսկ թշնամուն՝ անձնատուր լինելու և ռազմատուգանքի պարտադրման, որպեսզի այլևս մեկընդմիշտ վերջ դրվի թշնամական ոտնձգություններին ու մեր սերունդ տվող երիտասարդների անամոքելի կորուստներին:

Անահիտ Արփեն


    
    
    
    
    
Աղբյուրը` Անահիտ Արփեն
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
334 | 0 | 0
Facebook