Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

ԱՄՈՒԼՍԱՐ. ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՈՒ ՄԵՐ ՄԻՋԵՎ / Անահիտ ԱՐՓԵՆ

22:49, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
ԱՄՈՒԼՍԱՐ. ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՈՒ ՄԵՐ ՄԻՋԵՎ / Անահիտ ԱՐՓԵՆ
     Մենք սպառեցինք հույսի, հավատի և սիրո այն պաշարը, որը մինչև հիմա ստիպում էր սպասել, համբերել ու քիչ տրտնջալ, մինչև որ Վարչապետը կորոշեր` պե՞տք է բացվի արդյոք Ամուլսարի ճամփան, որ Լիդիանը անարգել նեխուժի ու, ով գիտի` քանի տարի, հայոց ոսկին տանի Անգլիա, որպեսզի հայոց աղբյուրները վերածվեն մահաբեր գետակների, տեղանքի ուժեղ քամիները կվարցի փոշին տանեն, շաղ տան այգիների վրա, ռադիոակտիվ թունավոր նյութերն ու ուրանը տարածվեն ամբողջ Հայաստանում, իսկ ժողովրդի կոկորդը խեղդվի, արդեն ցամաքած բնակչությունը հնձվի, ով էլ մնաց, փախնի-գնա: Մասնագետներն ասում են` ոչ մի անձրև ամունալը չի մաքրում: Իսկ որ մեր կլիման գնալով անապատանում է ու հրդեհավտանգ դառնում, բոլորն են տեսնում: Կառավարությունն այս խնդիրներն այլևս քննարկման չի դնում և` այնպիսի բացատրություններով, որ անարգանք է դիմացինի տրամաբանությանը: Իսկ Վարչապետի մենախոսությունը վիրավորում էր քիչ թե շատ ինտելեկտ ունեցող մարդու բանականությունը, նվաստացնում մարդկային արժանապատվությունն ու ինքնասիրությունը, էլ չասեմ` հեղափոխություն իրականացրած քաղաքացու հպարտությունը: Ցավոք, Ամուլսարի հանդեպ կառավարության դիրքորոշումը հպարտանալու բան չէ, այլ` հերթական անգամ խաբված լինելու և «կոտրած տաշտակի» առաջ մնալու ահազանգ: Գիտենք, կուժն ու կուլան միշտ ժողովրդի գլխին է կոտրվում: Բայց, միևնույն ժամանակ, ազգն է թամբին պահում երկրի ողնաշարը: Իսկ արիական արմատներ ունեցող հայը ամեն ջարդվելուց ավելի է հավաքվում, հավատակոփ լինում և մերժում է իր միջի անընդունելին ու անսերը, անմաքուրը, անմարդկայինն ու ապազգայինը:
     Ինչքա՞ն կարելի է կեղծել: Կառավարության չեղած մասնագետներից ու մասնագիտացված չգործող հիմնարկներից ո՞վ պիտի գնա ստուգումներ անի: Կամ ինչպե՞ս են ստուգումներ անելու և եզրակացություն տալու: Ինչպես հիմա՞ արեցին: Սպառնում են միջազգային մեղադրանքներով, երբ աշխարհը ողջունում է բնապահպանության ջատագովներին: Սպառնում են ժողովրդին, որը տղամարդու պես ու հեղափոխության օրենքներով իր մեջ ուժ է գտել փորից ու փողից վեր կանգնել, բարոյական արժեքներ ունենալ և ազգի շահերը պաշտպանել` բարձրացնելով ժողովրդավարական կոչվող երկրի վարկանիշը: Միջազգային հարաբերություններում ո՞վ է հարգում ուրիշի նոքարին ու կամակատարին: Բավակա՛ն է` հաշվեն մեր ատամները, թող ոչ ոք չգա, չտիրանա մեր սարին ու չորոշի մեր ձագ ունենալու իրավունքը: Մենք ենք տերը մեր երկրի:
     Եթե Լիդիանի լիցենզիան ավարտվել է, նրա մեծարման երեկոյի փոխարեն, պետք է մնաս բարով ասել նրան, ու վերջ: «Ամուլսարը սար պիտի մնա» կարգախոսը սոսկ զգացմունքային զեղում չէ, այլ` օրինական պահանջ: Պետություններ կկազմավորվեն – կքանդվեն, սահմաններ կբացվեն – կփակվեն, հողեր կնվաճվեն – կազատագրվեն, իշխանություններ կգան ու կգնան, պատմություններ կգրվեն ու կկեղծվեն… Ղեկավարները օտարին կծառայեն թե սեփական փառասիրությանը, բարձրագույն ճշմարտությունը կմնա` բնությանը դեմ գնալ չի կարելի: Անհնար է: Զի բնության ամենազորությունն ու անպարտելիությունը տիեզերական գիտակցության մեջ է: Պատահական չէ, որ մենք սարի պաշտամունք ունենք: Հայոց լեռնաշխարհում սարերը եթե մեկտեղենք, աստվածների ժողովարան կստացվի, որտեղ ամբարվում են մեր ազգային արժեքները: Մի տեղ Սիս-Մասիս` մայր ու մանուկ է, ծիծ ու մոր ծիծ է կամ էլ` Հայր Ար աստծո ճակատ: Մի տեղ նույն աստծո գահն է, իսկ կողքը հենց ինքն է պառկած կամ` դավադիր ձեռքով ընկած: Այսպես կարելի է անվերջ շարունակել և մեր բոլոր սարերի մասին ասել:
     Ո՞վ իրավունք ունի սարին անուն դնելու: Ու եթե ընդերքի թունավոր նյութերի պատճառով սարի գլխին խոտ անգամ չի աճում, և այդ պատճառով մարդիկ սարն Ամուլ են կոչել, ուրեմն ամուլ էլ պիտի մնա, այսինքն` փակ: (Շահագործելու դեպքում էլ փակ շահագործվի ու ծառայի սեփական ժողովրդին): Բնությունն իր որոշումը ի օգուտ հայոց ջերմ ակունքի է կայացրել` սարի մեջ պահելով վնասակար հանքանյութերը, իսկ մակերևույթ հանելով բուժիչ ջրերը: Այս ընտրությունը, տարբեր ժամանակներում, մարդիկ մեկ անգամ չէ, որ հաստատել են` իմաստնությամբ, մշակույթով, գիտական արշավախմբերի ու անհատ գիտնականների հետազոտություններով կամ սեփական ոսկին ուրիշի չտալու հասկացողությամբ: Ուրեմն պետք չէ սարի փորը թափելով բնությանն ու գիտությանը դեմ գնալ, նախախնամության կամք ու տիեզերական հավասարակշռություն քանդել: Հարցին որ կողմից էլ մոտենում ենք, սարի վիրահատությունը ստիպողաբար բաց անելն ու ցիանիդային թույնով շրջապատի վրա մահ սփռելը կործանարար է:
     Անկախության հռչակագրով սարը պատկանում է ժողովրդին, բայց Թավշյան այդպես էլ չասաց, որ կան ազգային արժեքներ, և չի ուզում վերադարձնել ժողովրդին նրա առաջնային արժեքը` հողի ընդերքը և ընդերքում պահված գանձերը, որոնք մի փոր հացի նման օրվա սպառման ուտելիք չեն, այլ հազարամյակների սնունդ:
     Հայոց համազգային շարժման օրերին ասում էինք` «Միայն Ջերմուկը մեզ բավական է, որ երկիրը պահենք»: Հիմա ի՞նչ պատահեց: Թե՞ հիմա երկիր պահելու այդ գրավականը և ազգի գոյությունը վերացնելո՛ւ խնդիր է դրված, որը դեռ 1988-ի Վերելքից չեն մարսում կեղծ առաջնորդները: Այս հարցը միայն հանքի բաց շահագործում չէ, սա մանրախնդիր ու ապազգային շահերի բացահայտ բացադիտարկում է: Ամուլսարի ոսկին, որ, բաց հանվելով, ցիանիդի թույն ու կեղտափոշի է թքելու տարածքի հպարտ քաղաքացիների երեսին, համարժեք է աշխարհի առաջադեմ մարտահրավերների հետ ոչ համաքայլ գնացող, ոչ բնապահպան, ոչ ժողովրդավարական երկրի պատվազրկման:
     Ամուլսարի բարձունքից իջնող սառնորակ ջրերը ժողովրդական իմաստուն հեքիաթների անմահական ջուրն են: Եվ որպեսզի այս պատմությունը լավ ավարտ ունենա, երկնքից ընկնող երեք խնձորն էլ միայն իշխանություններին ու նրանց տերերի՛ն չհասնի, այլ նաև` ականջ ունեցողին ու հեքիաթի մշակին, լավ կլինի, որ ժողովրդի կամքը չանտեսվի և կառավարության հեղինակության վերջին փշրանքները քոռուփուչ չլինեն: Որովհետև եթե` ոչ միայն հացիվ, ապա նաև` ոչ միայն փողով: Որովհետև ամեն փայլուն բան ոսկի չէ, և ամեն ինչ չէ, որ ոսկով է կշռվում: Որովհետև ազգային արժեքներ ու կյանքեր կան, որ ոսկի արժեն, և Ամուլսարում այսօր այդ ոսկին պահապանելու գոյութենական կռիվ է մղվում: Եվ փառք ու պատիվ մեր ազգի ողջամիտ մարդկանց, որ Ամուլսարի պահապաններն են:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
275 | 0 | 0
Facebook