Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

Ալեքսանդր Մակեդոնացու հիշարժան և ուսանելի զրույցները Հնդկաստանի թագավորների և մերկ իմաստունների հետ

21:17, հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ.
Ալեքսանդր Մակեդոնացու հիշարժան և ուսանելի զրույցները Հնդկաստանի թագավորների և մերկ իմաստունների հետ

Երբ Ալեքսանդր Մեծը ներխուժել է Հնդկաստան, այնտեղ այդ ժամանակ երկու թագավորություն է եղել: Թագավորներից մեկի անունը՝ Տաքսիլոս, մյուսինը՝ Պորոս: Տաքսիլոսն առանց կռվի հնազանդվել է Ալեքսանդրին ու դարձել է նրա դաշնակիցը, իսկ Պորոսը կռվել է, բայց ջախջախվել:
     Բայց այս Պորոսն այնքան է դուր եկել նվաճողին, որ նրան նորից ճանաչել է իր երկրի թագավոր ու դարձրել է իր դաշնակիցը: Առանց կռվի հնազանդված Տաքսիլոսն Ալեքսանդրին ասել է. «Ես պատրաստ եմ քեզ տալ այն, ինչից շատ ունեմ ու խլել քեզանից այն, ինչից շատ ունես, ուրեմն ինչո՞ւ կռվել»: Պորոսը հսկայահասակ է եղել: Նա փղին հեծած է մարտի մեջ մտել, և փիղը կնճիթով հանել է իր տիրոջը խոցած նետերը: Գերված Պորոսին Ալեքսանդրն հարցրել է, թե ինչպես վարվի նրա հետ, և նա պատասխանել է . «Ինչպես վարվում են արքայի հետ»: «Ուրիշ ոչինչ չե՞ս ասում», - հարցրել է Ալեքսանդրը: «Եթե Ալեքսանդրն իսկական արքա է, այդքանը բավական է», - պատասխանել է Պորոսը:

Ալեքսանդրը հարցրել է Տաքսիլոսին և Պորսին, թե ով է նրանց մեջ սերմանել վեհանձնություն ու իմաստություն: Նրանք պատասխանել են. «Մերկ իմաստունները»: Հունաստանում իմաստուններից միայն Դիոգենեսն է մերկ եղել, իսկ Հնդկաստանում մերկ իմաստունները շատ են եղել: Նրանք նստել են արևադարձային անտառի բացատում ու մտորել են: Տեղի բնակիչներն ամեն օր նրանց մի բուռ բրինձ են բերել. Նրանք ուրիշ ոչինչ չեն կերել: Ցանկանալով նրանց տեսնել՝ Ալեքսանդրը սուրհանդակ է ուղարկել անտառ՝ հաձնարարելով իմաստուններին տեղեկացնել իր սխրանքների մասին: Եվ իմաստունները բանբերին պատասխանել են. «Մի՞թե Ալեքսանդրը չէր կարող առանց այդ ամենի մեզ մոտ հասնել»: Բայց համաձայնում են տեսնել նրան ու պատասխանել նրա հարցերին:

Ալեքսանդրն իմաստուններին տասը հարց է տվել ու տասը պատասխան է ստացել: Առաջին հարցը հետևյալն է եղել. «Աշխարհում մեռածնե՞րն են շատ, թե ողջերը»: «Ողջերը, - պատասխանել են իմաստունները, - որովհետև մեռաներն այլևս չկան»: Երկրորդ հարցը. «Կենդանիներին ավելի շատ ծո՞վն է կերակրում, թե երկիրը»: «Երկիրը, որովհետև ծովը երկրի մի մասն է»: Երրորդ հարցը. «Ո՞ր կենդանին է ամենախորամանկը»: «Այն կենդանին, որը մինչև հիմա մարդու ձեռքը չի ընկել»: Չորրոդ հարցը. «Դուք ինչո՞ւ եք Պորոսին դրդել, որ պայքարի իմ դեմ»: «Որպեսզի նա կա՛մ փառքով ապրի, կա՛մ փառքով մեռնի»: Հինգերորդ հարցը. «Ի՞նչն է առաջինը եղել՝ ցերե՞կը, թե գիշերը»: «Ցերեկը մեկ օր առաջ է եղել»: («Պատասխանը դյուրին չէ», - ասել է Ալեքսանդրը: «Հարցն էլ է դժվարին», - պատասխանել են իմաստունները): Վեցերորդ հարց. «Ինչպե՞ս սիրո արժանանալ»: Պատասխան. «Եղեք ամենաուժեղը, բայց ոչ ամենասարսափելին»: Յոթերորդ հարց. «Ինչպե՞ս աստված դառնալ»: Պատասխան. «Արա այն, ինչ մարդու ուժերից վեր է»: «Կյա՞նքն է ուժեղ, թե մահը»: Պատասխան. «Կյանքը, որովհետև նրանում տառապանքը շատ է»: Իններորդ հարցը. «Մարդը ե՞րբ պետք է մեռնի»: Պատասխան. «Երբ նրա համար մահը կյանքից լավ կլինի»:

Տասներորդ հարցը պատմիչները չեն հիշել:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1120 | 0 | 0
Facebook