Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

Եղել է ժամանակ, երբ ցարական Ռուսաստանը զինական օգնություն է ցուցաբերել Օսմանյան կայսրությանը

20:58, չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.
Եղել է ժամանակ, երբ ցարական Ռուսաստանը զինական օգնություն է ցուցաբերել Օսմանյան կայսրությանը

Օսմանյան կայսրության տիրապետության ներքո գտնվող Եգիպտոսի փոխարքայությունը 19-րդ դարի առաջին քառորդում այնքան էր հզորացել, որ ոչ միայն այլևս չէր ենթարկվում կենտրոնական իշխանությանը, այլև տարածքներ էր խլում սուլթանությունից: 1832 թվականի օգոստոսի 11-ին Եգիպտոսի փոխարքա Իբրահիմ փաշան գրավում է Ադանան: Կարճ ժամանակ անց առանց դիմադրության Իբրահիմին է հանձնվում նաև Կիլիկիայի մեծ մասը՝ բացի Զեյթունից: Հալեպի Մահմեդ փաշան ստիպված նահանջում է Մալաթիա, իսկ Իկոնիայի նահանգապետ Ալիշը փախչում է Կիպրոս: Տարեվերջին արդեն Եգիպտոսի փոխարքայի տիրապետության տակ էին Ամբողջ Կիլիկիան ու Սիրիան:

Սուլթանը զորք է ուղարկում Իբրահիմ փաշայի դեմ, որը սակայն ջախջախիչ պարտություն է կրում: Հաղթանակած եգիպտական բանակը շարժվում է հյուսիս՝ նպատակ ունենալով գրավել Կոստանդնուպոլիսն ու կործանել Օսմանյան կայսրությունը:

Վիճակն այն աստիճան օրհասական է եղել, որ սուլթանը ստիպված դիմել է իր հավերժական թշնամու՝ Ռուսաստանի օգնությանը: Ցարն ընդառաջել է խնդրանքին, և ռուսական մի նավախումբ, փոխծովակալ Ալեքսեյ Լազարևի հրամանատարությամբ, մտնում է Բոսֆոր և իր պաշտպանության տակ է առնում Կոստանդնուպոլիսը:

Հասկանալով, որ Ռուսաստանը, օգտագործելով այս նպաստավոր դիրքը, կարող է ամրանալ նեղուցներում, Անգլիան և Ֆրանսիան հարկադրում են Եգիպտոսին հաշտություն կնքել Օսմանյան կայսրության հետ: Այնուհանդերձ, մինչև Բոսֆորից իր նավատորմի հեռացնելը, Ռուսաստանը, ի հատուցումն իր կարճաժամկետ աջակցության, օսմանյան սուլթանին ստիպում է ութ տարի ժամկետով պաշտպանական-դաշնակցային պայմանագիր կնքել: Այդ պայմանագրով Օսմանյան կայսրությունը պարտավորվում է նեղուցները փակել ոչսևծովյան պետությունների ռազմանավերի առաջ:

Այս պայմանագրի շնորհիվ Մերձավոր Արևելքում նկատելիորեն ուժեղանում է ռուսական ազդեցությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1943 | 0 | 0
Facebook