Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳՈՐՇԱՎԱՆԻ ՓԱՐԻԶՅԱՆ ԼՈՒՅՍԵՐԸ

22:18, ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
ԳՈՐՇԱՎԱՆԻ ՓԱՐԻԶՅԱՆ ԼՈՒՅՍԵՐԸ

Անունն իրականում Կարապետ էր, բայց ո՞ր գյուղացին իրեն նեղություն կտար, որ ասի այդքան երկար բառ: «Կարո՛» .- այսքանն էլ որ ասում են, պիտի շնորհակալ լինես: Բայց ամեն անուն, քերականական լեզվով ասած, պիտի ունենա նաև լրացում, առանց որի կարծես դատարկ է, հնչյունների անիմաստ խումբ: Իսկ, ա՛յ, լրացումը անվանը տալիս է իմա՛ստ, բովանդակությո՜ւն... Լրացում կա, որ մի ամբողջ բնութագիր է, բառ-կերպար: Այս առումով մի բառը հաճախ կարող է մրցել մի ամբողջ պատմվածքի, վեպի հետ: Այդպես էր նաև այս դեպքում: Նրան ասում էին Կաչաղակենց Կարո: Եվ այս լրացումը բնութագրում էր ոչ թե մեկ անձի, այլ ամբողջ գերդաստանի: Մի ժամանակ նրանց ծառերի վրա եղել էին կաչաղակների բներ, և գյուղացիներն էլ մականուն ընտրելու հարցում չէին դժվարացել, դես ու դեն չէի ընկել: Երկնքից ընկած անուն: Էլ ինչո՞ւ չարչարվել... Եվ անունը սոսնձվել, կպել էր նրանց: Ճշմարիտն ասած՝ լավ էլ սազում էր, որովհետև, չգիտեմ անունի թելադրանքով, թե ինչի, ինչպես այդ գերդաստանից շատերի, այնպես էլ Կարոյի ձայնի մեջ կար կաչաղակի ձայնի ինչ-որ երանգ:

Քանի որ, ինչպես ընդունված է, գեղարվեստական գործերը պիտի ունենան անսպասելի շրջադարձեր, ուստի թող տարօրինակ չթվա, եթե ես էլ այս նախաբանից հետո իմ հերոսի պատմությունն սկսեմ ոչ թե Գորշավանից, որտեղ ծնվել ու ապրել էր նրա ամբողջ տոհմը, այլ... Փարիզից:

Փարի՜զ, Փարի՜զ...

Օրերից մի օր իմ այս անակնկալ շրջադարձի պես անսպասելի Փարիզ ընկավ նաև գորշավանցի Կարոն:

Որպեսզի ամբողջ պատմվածքի ընթացքում ընթերցողը չհարցնի՝ ինչպե՞ս, փակագծերը բացեմ սկզբից. չգիտեմ...

Ասում են՝ ինչ-որ ժամանակ նրանց ինչ-որ ազգական բնակություն է հաստատել Փարիզում, ու երբ բացվել են խորհրդային դարպասները, նա «դասավորել» (դարձյալ չգիտեմ՝ ինչպես) ու Փարիզ է տարել նաև Կարոյի որդուն: Կարծում եմ՝ ընթերցողն ինձանից շուտ արդեն կռահեց, թե մնացածն ինչպես է եղել: Եվ քանի որ ամեն բան արդեն պարզ է, ուստի ժամանակ չկորցնենք և անցնենք առաջ:

Փարի՜զ, Փարի՜զ...

– Դա ո՛չ ասելու բան է, ո՛չ՝ լսելու: Տեսնե՛լ է պետք: Մնացածը բառեր են, – վերադառնալուց հետո ասում էր Կարոն, և նրա կաչաղակային ձայնի մեջ ցավ կար, ափսոսանք, որ իրենց Գորշավանն էլ Փարիզ չէ:

Բայց Փարիզ տեսած մարդու պատմությամբ հիմա ընթերցողի հետաքրքրությունը չես շարժի: Եվ քանի որ այդ հանգամանքը գիտեմ նաև ես, ուստի կատարեմ ևս մի անսպասելի քայլ...

Ո՛չ, Փարիզը տեսնելուց հետո Կարոն ոչ թե աչքաբացվեց, լրջացավ, իմաստնացավ, այլ... գժվեց: Սակայն սա իմ կարծիքը չէ: Պարզապես այնտեղից վերադառնալուց հետո նա ինչ էլ խոսեր, գյուղացիներն ասում էին.

– Հո գիժ չե՞ս...

Օրինակ՝ նա, ոչ ավել, ոչ պակաս, ասում էր.

– Մեր գյուղն էլ դարձնենք Փարիզ:

Իսկ գյուղացիները՝

– Դու հո...

Այստեղ ավելի էր բորբոքվում Կարոյի ինքնասիրությունը.

– Հա՛: Իսկ ի՞նչ է, Փարիզը երկնքի՞ց է ընկել:

Գյուղացիները՝

– Էս մարդը լրիվ...

Հետո իրենք էին բորբոքվում.

– Էդ ինչպե՞ս, է, ինչպե՞ս...

Եվ Կարոն դարձյալ, մի քիչ հուզված՝ փորձում էր համոզել, որ Փարիզ կառուցելն ամենևին էլ դժվար չէ: Որ դա հրաշք չէ...

– Ընդամենը որոշել է պետք, ճիշտ նախագծել, որակով, գեղեցիկ կառուցել:

– Էդ ինչպե՞ս, է, ինչպե՞ս, - նորից համառում էին գյուղացիները: – Սա ճիշտ որ...

– Ինչու մենք աշխատե՞լ չգիտենք, լավ ճարտարապետնե՞ր չունենք, թե՞ մեր խելքն է ֆրանսիացու խելքից պակաս, - չէր նահանջում Կարոն:

– Չէ՛, դու լրիվ..., – նորից իրենցն էին ասում գյուղացիները:

– Փարիզը տեսել, խելքը գցել է, – ասում էր Նախրապանենց Համոն:

Եվ այստեղ պարզվեց, որ երբեմն մարդն ունենում է հատկանիշներ, որոնք չի տեսնում մի ամբողջ գյուղ նրա ամբողջ կյանքում... Կարոն ոչ մի կերպ չէր նահանջում, և գյուղը միայն նոր իմացավ, թե որքան համառ է նա:

– Մեր գյուղն էլ դարձնենք Փարիզ, – կրկնում ու կրկնում էր նա: – Ընդամենը որոշել է պետք, ճիշտ նախագծել, գեղեցիկ կառուցել:

– Հա՛, մի հատ էլ Էյֆելյան աշտարակ տնկենք, որ կաչաղակները վրան բույն դնեն, – ձեռ էր առնում Համոն:

– Մանավանդ որ մեզ միայն դա է պակաս, – շարունակում էր մեկ ուրիշը:

– Մեզ շատ բան է պակասում, բայց մի տեղից պիտի սկսել: Էս գյուղի ճակատին հո գրվա՞ծ չէ, որ գորշ լինի, գորշ մնա: Հազար տարի է, այստեղ ոչինչ չի փոխվել: Ամո՛թ մեզ, – բարկանում էր Կարոն: – Դա դժվար չէ, – նորից կրկնում էր նույնը, և արյան մեջ խոսում էր արժանապատվությունը: – Ընդամենը որոշել է պետք: Մենք ֆրանսիացուց ինչո՞վ ենք պակաս:

Եվ նրա համառությունը հասավ այնտեղ, որ իր մտահղացումը դրեց պաշտոնական հիմքերի վրա: Գորշավանում «Փարիզ» կառուցելու, «Փարիզում» ապրելու երազանքը նրան տարավ... Չէ՛, շատ հեռու չտարավ: Ընդամենը՝ գյուղապետի աշխատասենյակ: Արդեն որոշել էր. պետք էր սկսել ամենահեշտ բանից՝ լույսերից: Առայժմ թեկուզ միայն գյուղի կենտրոնը թող լիներ լուսավոր: Շատ ծախս հարկավոր չէր. մի քանի էլեկտրասյուն, մի քանի հարյուր մետր հաղորդալար: «Բայց անպայման՝ որակով, ինչպես Փարիզում է, – մտածում էր նա: – Տղայիս էլ կասեմ, որ լամպերն այնտեղից ուղարկի»:

– Թող տեսնեն, համոզվեն, որ դժվար չէ: Մի բանից պիտի սկսե՞լ, թե՞ չէ, – մինչև գյուղապետարան հասնելը մտքում շարունակ կրկնում էր Կարոն:

Գյուղապետի մոտ նա մտավ այն պահին, երբ Համոն գոմի տանիքի համար տախտակներ էր ուզում: Վերջինիս ճանապարհելուց հետո գյուղապետը լսեց Կարոյին: Թե այդ ընթացքում ինչ էր մտածում նա, համոզված եմ, որ գիտի ոչ միայն Աստված, այլ նաև՝ ես ու ընթերցողը, ուստի պարզապես ներկայացնեմ երկխոսության սղագրությունը:

Կարոն ասաց.

– Լույս...

Գյուղապետը՝

– Փող...

Կարոն՝

– Սյուն...

Գյուղապետը՝

– Չէ՛:

Կարոն՝

– Սալիկ...

Գյուղապետը՝

– Ո՛չ:

Կարոն՝

– Փարիզ...

Գյուղապետը՝

– .................

Այո՛, գյուղապետը էլ ոչինչ չասաց, և Կարոն նրա սենյակից դուրս եկավ վրդովված: Վրդովված, բայց ոչ կոտրված: Համառությունը չէր նահանջում:

– Ախր դժվար չէ: Ընդամենը որոշել է պետք, ցանկանալ: Պատկերացրեք հապա՝ փարիզյան լույսեր...։– Եվ աչքերի մեջ վառվում էին փարիզյան լույսերը: Գորշավանի մթնում վառվում էր փարիզյան լույսերի երազանքը...

Այդ լույսերը, սակայն, Գորշավանում ոչ միայն որևէ մեկին չէին ձգում, այլև, հակառակը, առաջացնում էին հեգնական ժպիտ, վանում: Եվ Փարիզը տեսած՝ խելքը «գցած» Կարոն մնաց մենակ: Մնաց մենակ, բայց դարձյալ չնահանջեց. «Ի՛նքս կսկսեմ, Ի՛նքս կանեմ: Թող տեսնեն, որ դժվար չէ: Ընդամենը ձեռնարկել է պետք, սկսել»:

Գյուղապետը չառարկեց, որ Կարոն իր փողով գնի էլեկտրասյուներ, հաղորդալար. որ նրա որդին ուղարկի փարիզյան լամպեր: Չառարկեց, բայց նաև ոգևորված չէր. ո՞վ էր մուծելու հոսանքի վարձը... Սակայն Կարոն որոշել էր. ինչ գնով էլ լինի, անելու է: Որդին Փարիզում լավ վաստակում էր: Մի քանի էլեկտրասյունը մեծ ծախս չէր: Եվ Կարոյի երազանքը մի քիչ էլ ձգվեց, գնաց հեռու. գյուղի կենտրոնը կսալապատի, ինչպես Փարիզում է: Սալապատ մայթերին ծառեր կտնկի, կդարձնի ճեմուղի: Ու նրա երազանքն արդեն ամեն օր զբոսնում էր այդ ճեմուղում՝ փարիզյան լույսերի տակ...

Հակառակ նրան խելքի բերելու ծանոթների ջանքերին՝ աշխատանքներն սկսեց բավական արագ: Արդեն տեղ էր հասցրել էլեկտրասյուները, սալիկները: Որդուն խնդրել էր, որ ուղարկի մի քանի արկղ փարիզյան լամպեր: Մի խոսքով՝ աշխատանքներն ընթանում էին ամբողջ թափով՝ ի զարմանս գյուղի: Շատերն ուրախացել էին, որ վերջապես իրենց գյուղն էլ մի քիչ ժամանակակից տեսք կունենա: Ոմանք թերահավատ էին ու ձեռքները թափ էին տալիս. «Մեկ է, ոչինչ դուրս չի գա»: Ոմանք էլ անտարբեր էին. կարծես այդ ամենն իրենց համար չէր: Իսկ Կարոն, ավելի, քան երբևէ, իրենից գոհ էր. «Դե հիմա կտեսնեք... Ֆրանսիացին ինչո՞վ է մեզանից ավել»:

Մի քանի սյուն արդեն տնկել էին, լարերը միացրել, և ընդամենն այդ մի քանի սյունը Գորշավանին տվել էր քաղաքակիրթ տեսք: Կարոն քթի տակ ժպտում էր. «Դե հիմա կտեսնեք»:

Սկզբում ամեն ինչ ընթանում էր լավ, բայց հաջորդ օրն արդեն խնդիրներ ծագեցին: Կարոն նկատեց, որ սյուները չեն տնկվում այնպես ներդաշնակ, ուղիղ, ինչպես Փարիզում: Դրանցից մեկը ծուռ էր այն աստիճանի, որ անմիջապես աչքի էր զարնում: Կարոն վրդովվեց, բարկացավ.

– Փարիզում այդպես չէ՛:

– Փարի՜զ, Փարի՜զ... Զահլա՛ տարար, – բարկացան նաև շինարարները: - Գնա՛, Փարիզից մարդ բեր, թող տնկի: Շատ խոսես, ընդհանրապես չենք անի:

Եվ Կարոն չիմացավ ինչ ասի, որովհետև ուրիշ կռունկավար, ուրիշ վարպետներ չկային: Թեև նա գնել էր ամենաթանկ սալիկները, բայց սալապատող վարպետները նույնպես դժգոհեցին. դրանք չունեին այն որակը, որը պետք էր: Գույնը այն չէր, կոտրվում էին: Կարոն դարձյալ վրդովվեց: Իսկ այն, ինչ կատարվեց հաջորդ օրը, նրան արդեն հանեց ափերից: Մի արկղ սալիկ չկար: Չկար նաև երկրորդ կարծիք. գողացել են: Կարոն չդիմացավ.

– Դե արի ու սրանց համար..., – բայց լեզուն չպտտվեց, որ շարունակի: Մտքի մեջ՝ հեռվում, վառվում էին փարիզյան լույսերը...

Սալիկները գտնվեցին: Տարել էր Համոն, որ սալապատի գոմը:

Մյուս օրը ևս անախորժություններից զերծ չէր: Մի բեռնատար բախվեց էլեկտրասյանն ու ծռեց: Կարոն նկատեց, որ սալապատող վարպետները նույնպես գործը որակով չեն անում. քայլելիս սալիկները շարժվում էին, ճեմուղին այնպես հարթ ու գեղեցիկ չէր, ինչպես Փարիզում:

– Դե գյուղ է, էլի: Գյուղի ճանապարհ, – արդարացան վարպետները, բայց ծռված սյան նման արդեն ծռվել էր նաև Կարոյի հույսը:

Փարիզյան լամպերը հասան, բայց աշխատանքները դեռ չէին ավարտվել: Ճիշտ է, գյուղի կենտրոնը հիմա ուներ այլ տեսք, բայց դա հեռու էր Կարոյի ուզածից: Փարիզում այդ ամենը մի տեսակ ուրիշ էր: Այստեղ աչքին անմիջապես զարնվում էին ծռված էլեկտրասյունը, որն այդպես էլ չուղղեցին, անհարթ շարած սալիկները: Եվ Կարոյի սիրտը կոտրվեց: Ծախսը արվեց, աշխատանքն արվեց, այստեղ նույն աշխատանքի համար գուցե չարչարվեցին ավելի շատ, քան Փարիզում, բայց արդյունքը... Ո՛չ այն է՝ պահանջեր, որ ամբողջ աշխատանքն արվի նորից, ո՛չ այն է՝ գործը թողներ անավարտ: Այստեղ արդեն Կարոյի համառությունն էլ կոտրվեց: Ու ոչ միայն կոտրվեց համառությունը, այլև փոխվեց կարծիքը: Այլևս չէր կրկնում բազմիցս ասած խոսքերը և հասկացել էր, որ միայն որոշելը, նախաձեռնելը քիչ է, շատ քիչ...

Եվ աշխատանքը թողեց ինքնահոսի: Շինարարներն էլ, առիթից օգտվելով, մի քանի սյուն պակաս տնկեցին: Սալապատող վարպետներն ավելի քիչ տարածք սալապատեցին, քան նախատեսված էր: Հետո պակասեց էլի մի քանի արկղ սալիկ: Կարոն այլևս չէր խոսում: Արդեն համոզվել էր. Գորշավանը Փարիզ չի դառնա...

Շինարարությունն ավարտվեց: Երբ էլեկտրասյուներին տեղադրեցին փարիզյան լամպերը, պարզվեց, որ այստեղ նույնպես գործն արված է թերի. մի քանիսը չէին վառվում: Վառվող լամպերն էլ գիշերվա մթնում ընդամենը ցույց էին տալիս Գորշավանի գորշությունը: Ու երևի արդեն կարիք չկա ասելու, թե ինչու էր գյուղի անունը Գորշավան...

– Կարոն կաչաղակների համար սյուներ է տնկել, – ձեռ էին առնում սրամիտները, և նրանք կարծես ճիշտ էին, որովհետև հաղորդալարերին ամբողջ օրը նստում էին կաչաղակներ ու ծրտում գորշավանցիների վրա:

Եկավ աշուն: Անձրևներից հետո սալապատ մայթը հիմա միակ ճանապարհն էր, որով հնարավոր էր քայլել: Մայթից այն կողմ ջրափոսեր էին, ցեխ: Իհարկե, ցեխով էր պատված նաև ամբողջ մայթը: Նույնիսկ չէր նկատվում, որ ցեխի տակ թանկարժեք սալիկներ են: Լույս վառվում էր միայն մեկ էլեկտրասյան վրա, որովհետև գյուղի պարսատիկավոր տղաները հանել էին մյուս բոլոր փարիզյան լամպերի աչքերը:

Երբ մի օր՝ երեկոյան, այդ փողոցով անցնում էր Կաչաղակենց Կարոն, լսեց էշի երկարատև զռոց: Նայեց ձայնի կողմը։ Լույս ունեցող միակ էլեկտրասյանը կապած էր Համոյի էշը...

Չգիտես՝ ինչ զուգադիպությամբ նույն պահին կայծեր արձակեց, վառվեց նաև վերջին լամպը: Եվ մարեցին Գորշավանի փարիզյան լույսերը...

2017 թ.

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3899 | 0 | 0
Facebook