Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ հայերն սկսում են իրար ուտել, հունաց կայսրի ծրագրերն իրականացնելու պատրաստակամ գործիք են դառնում ուծացած հայերը, և ուխտադրուժ հույնը ստորաբար սպանում է իր հայ ընկերոջը

18:24, երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ.
Երբ հայերն սկսում են իրար ուտել, հունաց կայսրի ծրագրերն իրականացնելու պատրաստակամ գործիք են դառնում ուծացած հայերը, և ուխտադրուժ հույնը ստորաբար սպանում է իր հայ ընկերոջը

Նախորդ հոդվածում հիշատակված օրենսդրությունները հրապարակելուց առաջ էլ Հուստինիանոսը Բյուզանդական Հայաստանի ներքին կյանքին այնպես կոպտորեն է միջամտել, որ հարուցել է հայ նախարարների դժգոհությունը: 534 թվականին Պարսկական Հայաստանից Շմավոն անունով մի իշխան, որին պարսից Կավատ թագավորը նշանակել էր Փառանդիոս անվանյալ տեղավայրի ոսկու հանքի կառավարիչ, ինչ-որ մի պատճառով դժգոհ լինելով պարսիկներից, անցնում է Բարձր Հայքի Բյուզանդական մաս՝ Բյուզանդիայի կայսրին հանձնելով իր կառավարած ոսկեհանքը: Հուստինիանոսը նրան ընդունում է ու իշխան է կարգում Բարձր Հայքի մի մասում: Բայց շուտով հակասություններ են սկսվում Շմավոնի և տեղի Վարազ անունով հայ իշխանի որդիների միջև: Շմավոնը բռնությամբ խլում է վերջիններիս պատկանող գյուղերը, և կայսրն էլ հավանություն է տալիս այս հափշտակությանը: Այլ ելք չունենալով՝ երկու եղբայրները հարձակվում են Շմավոնի վրա, սպանում են նրան ու փախչում են Պարսկաստան: Կայսրը նրանց կալվածքները տալիս է Շմավոնի քեռորդուն՝ Համազասպ իշխանին՝ նրան հանձնելով նաև Մեծ կամ Ներքին Հայքի կառավարումը:

Այս դեպքերն ապագա անկարգությունների նախերգանքն էին: Այդ ժամանակների Բյուզանդական Հայաստանի գերագույն զորահրամանատարն է եղել կայսրի մտերիմներից մեկը՝ ոմն Ակակիոս, իր հայրենիքի ու ժողովրդի շահերից խորթացած մի հայ: Սա չարախոսում է Համազասպին՝ իբր թե նա նեղում է հայերին և մտադիր է պարսիկներին մտցնել Կարին և երկրամասի այլ քաղաքներ: Նա այնքան է թույն կաթեցնում կայսրի ականջին, որ վերջինս թույլատրում է սպանել Համազասպին: Երբ 536 թվականին Բյուզանդական Հայաստանը չորս մասի է բաժանվում, կայսրն այս Ակակիոսին նշանակում է Առաջին Հայքի պրոկոնսուլ (քաղաքացիական կառավարության գլուխ): Եվ Ակակիոսն անմիջապես ցույց է տալիս, թե ինչպես կարող է հավատարմորեն ծառայել իր բարերարին: Նա սկսում է խիստ նեղել ժողովրդին՝ օգտվելով այն հանգամանքից, որ նախարարական իշխանությունն արդեն վերացված էր, և ամբողջ ժողովուրդն այժմ ենթարկվում էր պետական պաշտոնյաներին:

Պրոկոպիոս Կեսարացու «Գաղտնի պատմություն» -ը վկայում է, որ Հուստինիանոսը, ինչպես ամեն մի բռնակալ, իր նպատակներին հասնելու համար ոչ մի միջոցի առջև կանգ չի առել: Արտաքին պատերազմները և թանկարժեք շինությունները դրամական հսկայական միջոցներ են պահանջել, և Հուստինիանոսն այդ միջոցները գտնելու համար դաժան հարկահանությամբ քամել է ժողովրդի հյութերը, չի քաշվել մասնավոր անձանց հարստությունները խլելուց՝ ուղղակի հափշտակելով կամ դառնալով նրանց ժառանգ: Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ նման ռեժիմին ծառայող Ակակիոսը, պիտի առանց քաշվելու կողոպտեր հայ ազգաբնակչությանը՝ նրա վրա մինչ այդ դեռ չտեսնված հարկ դնելով:

Այս նոր հարկը ժողովրդին զայրացնում է: Հարկից խույս տալու համար նախարարներից ոմանք փախչում են Պարսկաստան, բայց լինում են նաև համարձակներ, որոնք ըմբռնելով, որ փախուստը խնդրի լուծում չէ, միաբանվում են, որպեսզի դիմադրեն: Ըմբոստների գլուխ են կանգնում Հովհանս Արշակունի իշխանը և նրա երիտասարդ որդի Արտավանը, որը հայտնի էր դարձել իր քաջագործություններով ու եռանդով: Նրանք հարձակվում են Ակակիոսի վրա և սպանում են նրան: Քաջ գիտակցելով, որ կայսրը չի ներելու իրենց այդ արարքը՝ նրանք անցնում են Պարսկական Հայաստան: Այդ ընթացքում ժողովրդի ընդվզումն ավելի է սաստկանում, և Հուստինիանոսը հայերի դեմ է ուղարկում Սիտտաս անունով մի հայազգի զորավարի: Բայց սա պատերազմական գործողությունների չի դիմում, այլ աշխատում է հաշտությամբ ընկճել ըմբոստացածներին՝ առաջարկելով ցած դնել զենքերը: Այդ դեպքում նա խոստանում էր միջնորդել կասրին, որ նա ներում շնորհի ապստամբներին և թույլ տա վերադառնալ իրենց տները: Բայց այս մեղմությունն ապստամբների նկատմամբ զայրացնում է Ակակիոսի որդուն, որն ուզում էր իր հոր սպանության վրեժն առնել: Նա Հուստինիանոսին հավատացնում է, թե Սիտտասն անգործության է մատնված ու չի կարողանա խաղաղությամբ ցանկալի արդյունքի հասնել: Եվ կայսրը հրաման է ուղարկում Սիտտասին պատերազմական գործողություններ սկսել ապստամբ հայերի դեմ: Վերահաս վտանգը հայ նախարարներին նորից միավորում է: Պարսկական Հայաստանից վերադառնում են ՀովհանԱրշակունին ու նրա քաջարի որդի Արտավանը: Մի ընդհարման ժամանակ Արտավանը սպանում է Սիտտասին, որից հետո բյուզանդական զորքը փախուստի է դիմում: Երկիրը ժամանակավորապես մաքրվում է բյուզանդական զինվորներից, և հայ ապստամբները պատսպարվում են իրենց ամրոցներում:

Կայսրը նորից է զորք ուղարկում՝ այս անգամ Բուզ անունով զորավարի գլխավորությամբ: Նրան հրամայված է եղել անպայման ձերբակալել Սիտտասին սպանողներին: Նա որոշում է չառճակատել և դավադրություն նյութելու ճանապարհով հասնել հրամանի կատարմանը: Բուզն իր մոտ է հրավիրում նախարարներին՝ հաշտվելու և խաղաղություն վերահաստատելու համար: Նրան չեն հավատում՝ բացի Հովհաննես Արշակունուց, որը Բուզի շատ մտերիմ ընկերն է եղել: Հովհանն իր փեսա Վասակի հետ գնում է Բուզի մոտ: Գիշերային խնջույքի ժամանակ զորքերը պաշարում են այն տունը, ուր ուտում-խմում էին մոտիկ ընկերները: Բայց դեռ փրկվելու հույս կար, և Հովհաննեսին խորհուրդ են տալիս անմիջապես փախչել: Հովհանը, սակայն, լիովին վստահ, որ իր ընկեր Բուզն իրեն չի վնասի, անտեսում է խորհուրդը: Նրա փեսան՝ Վասակը, փախուստով ազատվում է, իսկ Հովհանը մնում է ու սպանվում իր դավաճան ընկերոջ ձեռքով:

Հարկ էր, որ ապստամբ նախարարները միավորվեին, կազմակերպվեին, նոր կողմնակիցներ ձեռք բերեին, բայց դա չի հաջողվում: Տեսնելով իրենց թուլությունը՝ ապստամբ նախարարները միաբանվում են Վասակի հետ ու 538 թվականին գնում են պարսից Խոսրով Անուշիրվան թագավորի մոտ՝ նրա օգնությունը խնդրելու:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2974 | 0 | 0
Facebook