Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

«…Հայերը հպատակվում են մեզ ուրիշ ազգերի պես հավասար կերպով և վայելում են մեր բարիքները. այս պատճառով նրանց կանայք չպիտի զրկված մնան մեզ մոտ գոյություն ունեցող հավասարությունից»

11:17, երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ.
«…Հայերը հպատակվում են մեզ ուրիշ ազգերի պես հավասար կերպով և վայելում են մեր բարիքները. այս պատճառով նրանց կանայք չպիտի զրկված մնան մեզ մոտ գոյություն ունեցող հավասարությունից»

Անփոփոխ է թողնվել միայն եկեղեցական վարչությունը: 536 թվականին հրապարակված մեկ այլ օրենք էլ միջամտում է հայոց ընտանեկան իրավունքին: Այդ իրավունքն արգելում էր, որ կինը ունեցվածք ժառանգելու իրավունք ունենա: Հունահռոմեական աշխարհում կյանքի զարգացումը հանգեցրել էր այդ անհավասարության վերացմանը, և կանայք իրավահավասար էին ժառանգելու իրավունքի մեջ: Իսկ հայ հասարակությունը մինչ այդ ժամանակներն անփոփոխ էր պահել այդ հին սովորույթային օրենքը, որովհետև անփոփոխ էր մնացել հասարակության տոհմային կառուցվածքը, որի վրա էլ հաստատված էր նախարարական ամբողջ համակարգը: Տոհմանին կալվածքը միշտ պիտի տոհմային սեփականություն մնար, և հենց այդ պատճառով էլ կանայք իրավունք չեն ունեցել լինել իրենց ծնողների կամ ազգականների ժառանգորդը: Եթե գոյություն չունենար այս արգելքը, նախարարական-տոհմային կալվածքները կմասնատվեին, որովհետև յուրաքանչյուր կին, ամուսնանալով օտար տղամարդու հետ, պիտի օտարեր տոհմային կալվածքի մի մասը:

Իր վերոհիշյալ օրենսդրության մեջ անտեսելով այս կարևոր հանգամանքը, Հուստինիանոսը երևույթը պարզաբանել է նոր բարոյականության տեսանկյունից, և, իհարկե, արդարացիորեն անթույլատրելի է համարել, որ հայության մեջ շարունակվի անհավասար գույքային իրավունքը տղամարդկանց և կանանց միջև:

«Մենք նոր իմացանք, - կարդում ենք Հուստինիանոսի վերոհիշյալ նովելլայում, - որ նրանց (հայերի) մեջ գոյություն ունի մի անկուլտուրական և դաժան օրենք, որ արժանի չէ ո՛չ հռոմեացիներին, ո՛չ էլ մեր պետության արդարության ոգուն, այն է, որ ծնողներին ժառանգել թույլատրվում է տղամարդկանց և ոչ երբեք կանանց:

Մենք հարկավոր համարեցինք այս օրենքով ուղղել նրանց կյանքի կոպիտ պակասը, որպեսզի անկուլտուրական սովորույթի ուժով ժառանգությունները ծնողներից, եղբայրներից և այլ ազգականներից չպատկանեն միայն տղամարդկանց, նույնպես՝ որպեսզի կանայք առանց բաժինքի չամուսնացվեն. մեծ անկուլտուրականության նշաններն այսօր էլ գոյություն ունեն նրանց մոտ: Թեպետ, այսպիսի վայրենի բարքեր միայն նրանց մոտ չեն ընդունված, կան և ուրիշ ժողովուրդներ, որոնք նույնպես ստորացնում են կանացի սեռը, կարծես, նրան Աստված չի ստեղծել և նա ցեղի շարունակության չի ծառայում, այլ իբրև շատ սակավ կարևոր և ատելի բան դատապարտված է մնալ հարգանքից դուրս: Հայերը հպատակվում են մեզ ուրիշ ազգերի պես հավասար կերպով և վայելում են մեր բարիքները. այս պատճառով նրանց կանայք չպիտի զրկված մնան մեզ մոտ գոյություն ունեցող հավասարությունից»:

Բայց Հուստինիանոսի գլխավոր նպատակը եղել է ոչ թե սեռային հավասարության հաստատումը հայության մեջ, այլ նախարարությունների հողային հիմքերի, ուրեմն և նախարարությունների քայքայումը, որովհետև հողը կանանց ժառանգելու իրավունք տրվում էր հատկապես ազնվականական կալվածքների վերաբերյալ: Ամուսնությունները լայն հնարավորություններ էին ստեղծում, որ նախարարական կալվածքները մասնատվեն և օտարվեն:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2893 | 0 | 0
Facebook
COMMENT.am