Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

Հուստինիանոսը ցանկացել է, որ «հայերն ամեն բանում հետևեն հռոմեական օրենքներին և Հայաստանը կայսրությունից չտարբերվի ոչ մի բանով»

17:38, շաբաթ, 12 սեպտեմբերի, 2020 թ.
Հուստինիանոսը ցանկացել է, որ «հայերն ամեն բանում հետևեն հռոմեական օրենքներին և Հայաստանը կայսրությունից չտարբերվի ոչ մի բանով»

Հայաստանի այն մասը, որը 4-րդ դարի երկրորդ կեսին անցել էր Բյուզանդիային, 6-րդ դարի առաջին քառորդում դեռ պահպանել էր այն ավատական կարգը, որ հայ ժողովրդի ազգային ինքնամփոփ մշակույթի գլխավոր հենարանն է եղել: Ահա թե ինչու Բյուզանդիայի Հուստինիանոս 1-ին կամ Մեծ (527 - 565) կայսրը գահակալության առաջին իսկ տարուց սկսյալ օրենսդրական որոշումներով աստիճանաբար ջնջել է ազգային այդ առանձնահատուկ կարգը: Կայսրությանն անցած բոլոր հայկական երկրամասերը (Ներքին կամ Մեծ Հայք, Սատրապական Հայաստան և Փոքր Հայք) նա միավորել է զինվորական մեկ հրամանատարի իշխանության ներքո: Այդ հրամանատարին շնորհվել է «մագիստրոս» կամ «ստրատեգոս» զինվորական աստիճան, որն ամենաբարձր աստիճանն է եղել այդ ժամանակի Բյուզանդիայում: Նրան տրվել է հռոմեական լեգեոններից կազմված մեծ բանակ: Հայերն այդ բանակի կազմում ընդգրկվել են որպես նետաձիգներ: Հայկական այս մարզերի քաղաքացիական իշխանությունը ենթարկվել է զինվորական հրամանատարին (նրան կոչել են Արևելքի մագիստրոս): Հուստինիանոսն Արևելքի մագիստրոսի բնակության վայրը Փոքր Հայքի Մելիտինե քաղաքից տեղափոխել է Թեոդոպոլիս (Կարին), որը նրա օրոք գտնվել է պետական սահմանի վրա և այդ իսկ պատճառով դրա բերդը հավուր պատշաճի ամրացվել է: Նկարագրելով Կարինի ամրությունները՝ Պրոկոպիոս Կեսարացին ասում է, թե քաղաքի շուրջը խորը խրամատներ են փորվում, պարիսպները բարձրացվում են մինչև անմատչելի դարձնելը, իսկ պարիսպների ատամները կրկնակի շարքով ամրացվում են: Յուրաքանչյուր աշտարակ մի բերդի է վերածվում: Քաղաքի վրա ցցված բլուրը, կայսեր հրամանով, փորփրվում է ու վերածվում անմատչելի լանջերի ու վիհերի: Ապա այստեղ տեղափոխելով Արևելյան բանակի գլխավոր հրամանատարությունը՝ կայսրը, Պրոկոպիոսի խոսքերով, «հայերին դրեց այնպիսի բարենպաստ պայմանների մեջ, որ այսուհետև նրանք չպիտի վախենային պարսիկների հարձակուներից»:

Զինվորական-շինարարական մեծամասշտաբ ծրագրեր իրականացնելուց էլ ավել կարևոր նշանակություն ունեցան այն փոփոխությունները, որ Հուստինիանոսը 530-ական թվականների սկզբին մտցնում է Բյուզանդական Հայաստանի քաղաքացիական կառավարման մեջ: Հուստինիանոսը նպատակ էր դրել սանձահարել երկրի պաշտոնեությանը, որն ուղն ու ծուծով փչացած էր: Իր օրենսդրական հրովարտակներում Հուստինիանոսը մատնանշել է, թե կայսրության բոլոր պաշտոնյաների կաշառամոլությունը չափ ու սահման չունի: Բյուզանդական սովորույթն այնտեղ էր հասել, որ նվիրագործել էր այն կարգը, որ յուրաքանչյուր պաշտոն աճուրդով է վաճառվում: Եվ յուրաքանչյուր պաշտոնյա, փողով գնելով իր պաշտոնը, բնականաբար, աշխատել է ետ ստանալ ոչ միայն այն գումարը, ինչը ծախսել էր վերադասներին կաշառելու համար, , այլև դրանից ավելին: Ռոճիկը չի բավականացրել այդ նպատակն իրագործելու համար, ուստի պաշտոնյան կեղեքել է ժողովրդին՝ վաճառքի հանելով և՛ իր իշխանությունը, և՛ խիղճը: Բյուզանդական պետության մեջ չի եղել մի հանցանք, որ հնարավոր չլիներ մոռացության մատնել կամ կոծկել կաշառքի միջոցով: Հաճախ պաշտոնյաները, փող չունենալով պաշտոն ձեռք գցելու համար, ստիպված են եղել մեծ տոկոսներով պարտք վերցնել վաշխառուներից և այդ պարտքը մարել ժողովրդին կեղեքելով:

Բյուզանդական պետության փտածությունն այդ ժամանակներում հասել էր այն աստիճանի, որ նույնիսկ հոգևոր բարձր պաշտոններն են դարձել վաճառքի առարկա: Հուստինիանոսն իր 123-րդ նովելլայով (հրամանագիր, որոշում) կարգադրել է փողով այլևս ոչ մեկին եպիսկոպոս չձեռնադրել: 544 թվականին Հուստինիանոսը փորձել է խափանել դատավորների կաշառակերությունը: Բայց նա ինչպե՞ս կարող էր իր մտադրությունն իրականացնել, երբ ինքն իսկ քարոզելով, թե «արծաթասիրությունը չարիքների մայրն է» և բոլոր պրովինցիաների ղեկավարներին առաջարկելով «ձեռքերը մաքուր պահել», չի մերժել իրեն տրված կաշառքները:

Պետական ընդհանուր անհրաժեշտության հրամայականով՝ կայսրը վերացնում է այն արտոնյալ կարգավիճակը, որ ունեին հայերը: Նա իր գրություններից մեկում ասել է, թե իր ցանկությունն է, որ «հայերն ամեն բանում հետևեն հռոմեական օրենքներին և Հայաստանը կայսրությունից չտարբերվի ոչ մի բանով»: Ահա սա է եղել նրա գլխավոր սկզբունքը:

536 թվականին Հուստինիանոսը օրենսդրություն է հրապարակում, որով Բյուզանդիային պատկանող բոլոր հայկական հողերից կազմվում էր «չորս Հայաստան» ՝ Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք և Չորրորդ Հայք: Կայսերական այս որոշմամբ Առաջին Հայքի մեջ մտնում էր ամբողջ Ներքին Հայքը և որին կցվում էր նաև որոշ տարածքներ Պոնտոսի նահանգից՝Տրապիզոն և Կերասուս քաղաքներով: Առաջին Հայքը ընդարձակվում էր նաև դեպի արևմուտք, և նրան կցվում էր նախկին Առաջին Հայք նահանգի մի մասը: Երկրորդ Հայքը կազմվում է նախկին Առաջին Հայքի մնացած մասից՝ Սեբաստիա և այլ քաղաքներով: Երրորդ Հայքը կազմվում է նախկին Երկրորդ Հայքից առանց փոփոխության, և նրա գլխավոր քաղաքը մնում է Մելիտենեն: Իսկ Չորրոդ Հայքն ընդգրկել է ամբողջ Սատրապական Հայաստանը, այսինքն հինգ անկախ իշխանությունները, որոնք այլևս դադարում էին գոյություն ունենալուց, որովհետև, ինչպես ասում էր Հուստինիանոսը, «սատրապություն չի եղել ո՛չ հռոմեացիների, ո՛չ էլ մեր նախնիների մոտ»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2706 | 0 | 0
Facebook
COMMENT.am