Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

ՄԵՐ ՕՐԵՐԻ ԹԱՏԵՐԱԳԻՐԸ

21:03, կիրակի, 30 օգոստոսի, 2020 թ.
ՄԵՐ ՕՐԵՐԻ ԹԱՏԵՐԱԳԻՐԸ

«Արմավ» հրատարակչությունն արել է շնորհակալ գործ՝ լույս ընծայելով բանաստեղծ, թատերագիր Գուրգեն Միքայելյանի «Պոեզիա» և «Թատերգություն» խորագրերը կրող՝ պատկա­ռելի ծավալով երկհա­տոր­յակը (շուրջ 550 և 710 էջ), որը հեղինակի ստեղծագործական ինքնության բացահայտման արժանահավատ վկայագիրն է։

Մինչ այս Գ․ Միքայելյանը տպագրել է երեք ժողովածու «Եղիցի սեր կամ Երգող շատրվաններ» (1996 թ․), «Հորիզոնից այն կողմ» (1998 թ․), «Խաղում ենք բոլորս կամ Ներկայացում փլվող թատերաբեմի վրա» (2004 թ․) վերնագրերով։ Տևական ժամանակ նրա ստեղծագործությունները հրապարակվում էին պարբերական մամուլում, գրական կայքերում ու ժողովածուներում («Գարուն», «Անդին», «Գրական կամուրջ», «Գրանիշ», «Թագլուր», «Հայ արդի գրողներ», «Ոգեզարթոնք» և այլն) ։

Եվ ահա ընթերցասեր հանրության սեղանին է հեղինակի ստեղծագործությունների երկհատոր հավաքածուն։

Գ․ Միքայելյանը, հիրավի, բազմաժանր գրող է։ Դա են հավաստում նրա բանաստեղծությունները, շուրջ մեկուկես տասնյակ դրամաներն ու կատակերգությունները, երգիծական ու քնարական պատմվածքները։

Եվ ո՛չ մի դարում,

Ո՛չ մի միջոցով

Բանաստեղծների ուղին մի՛ փակեք.

Խաչուղիներով նրանց սրտերի

Մոլորակներն են անում երթևեկ...

Թևավոր այս միտքը թերևս նրա պատգամն է՝ ուղղված բոլոր ժամանակներին։

Ընթերցենք նաև մի հատված հեղինակի սիրային քնարերգությունից․

Կուզեմ, կուզեմ քեզ այսօր ամբողջ գիշեր համբուրել:

Շուրջդ մոմեր բուրվառել ու ողջ գիշեր համբուրել:


    

Լուսամփոփի քողի տակ՝ սիրո կապույտ մշուշում,

Կուզեմ սուզվել քո ծովում ու ողջ գիշեր համբուրել:


    

Աչերիդ մեջ՝ երազեմ, քեզնով արբած՝ քեզ երգեմ,

Գգվեմ ձեռքերդ սպիտակ ու ողջ գիշեր համբուրեմ:


    

Թող որ ձյունը շղարշի, ծածկի անցած մեր ուղին,

Իսկ ես նայեմ աչերիդ ու ողջ գիշեր համբուրեմ:


    

Թող արցունքը զղջումի շողա մաքուր քո սրտին,

Իսկ ես ներեմ քեզ այսօր ու ողջ գիշեր համբուրեմ:


    

Կուզեմ այրվել գրկիդ մեջ ու քեզ այրել իմ գրկում,

Շուրջդ մինչ լույս բույր վառել ու ողջ գիշեր,

Ու ողջ գիշեր համբուրել:

Հրապարակված առաջին գրքի՝ «Պոեզիա» -ի գնահատումն արտոնելով գրական այդ աշխարհի մասնագետներին՝ մենք հպանցիկ ներկայացնենք հեղինակի թատերգությունները։

Անվերապահորեն ընդունում ենք երկհատորյակի առաջաբանում գրականագետ-թատերագետ Արմեն Ավանեսյանի արտահայտած այն միտքը, որ «այս ստեղծագործությունները (թատերգությունները (Դ Մ) ) մի շարք երկրների բեմեր կարող են զարդարել» ։

Գ․ Միքայելյանն ստեղծում է գեղարվեստական երևակայությամբ մարմնավորված՝ կենդանի և համոզիչ կերպարներ, իրական անցքերն ու իրադարձությունները, մարդկային հարաբերությունները վերարտադրում ստեղծագործաբար։ Նա թափանցում է ստեղծած կերպարի խորքը, ուսումնասիրում նրա կատարած քայլերի դրդապատճառները, տարբեր կողմերից բացահայտում նրա ներաշխարհում կատարվող փոփոխությունները։

Հեղինակի դրամատիկական առաջին գործը «Արծվի զավակները» կինոդրաման է, որը նա գրել է 2000-2001 թվականներին։ Այն ներկայացնում է չորրորդ դարի երկրորդ կեսերին Հայաստանում ծավալված իրադարձությունները։

Թեև պատմական այս ժամանակահատվածի վերաբերյալ կան բազմաթիվ վեպեր ու դրամատիկական երկեր, սակայն տվյալ ստեղծագործությունն իր ոճով ու գեղարվեստական ձևով ամենևին էլ դրանց կրկնությունը չէ։ Այն աչքի է ընկնում ոչ միայն կինոարվեստի «լեզուն» գրականության մեջ «փորձարկելու» դրսևորումներով, այլև իրադարձությունների, զանգվածային պատկերների ու զանազան դրվագների առատությամբ։

Գրքում ներկայացված՝ «Սերը և սատանան», «Մեղքի քաղցր շշունջը», «Մոռացված ժամացույցի ահազանգը» գործերը թեև թատերգություններ են, սակայն գրված են պոետիկ շնչով։ Այս գործերում Գ․ Միքայելյանն ստեղծում, օգտագործում է գեղարվեստական տարատեսակ հնարներ և տիպական զանազան իրավիճակներում բացում է իր հերոսների ներաշխարհը, ներկայացնում նրանց բարոյահոգեբանական կերտվածքը։

Ճշմարիտ գրողի կոչումը գրելն է։ Նա չի կարող չգրել, ինչպես չի կարող իր գործին նվիրված որևէ մեկը չանել իր աշխատանքը։ Բայց մի՞թե այստեղ էլ կան խոչընդոտներ, այստեղ էլ ինչ-որ բան այն չէ։ Այս հարցերին է անդրադարձել Գ․ Միքայելյանը «Ինչպես սպանել գրողին» դրամայում։

Կարող ենք ասել, որ այս գործը մեր շրջապատում, մեր ժամանակներում ապրող շատ ու շատ ստեղծագործողների մասին է, որոնց կյանքը հանդարտ ու խաղաղ է միայն արտաքուստ։

Ինչի՞ համար կզղջա և ի՞նչ ապրումներ, ցանկություններ կունենա մարդը, եթե հանկարծ պարզվի, որ իր կյանքն արդեն ավարտվել է։ Իր ո՞ր արածի, չարածի համար նա պետք է լինի հաշվետու։ Եթե չծավալվենք այլևայլ թեմաների մեջ, պիտի ասենք, որ այս հարցերի շուրջ է կառուցված Գ․ Միքայելյանի մյուս՝ «Երկնքում գերվածները» հոգեբանական դրաման։ Ստեղծագործության հերոսները՝ Տիգրանն ու Սենիկը, Շողերն ու Սեդան, կյանքի բովով անցած, շատ բան տեսած մարդիկ են։ Ունեցել են տարբեր ապրելակերպ, տարբեր խառնվածքով անձինք են, սակայն բոլորն էլ բարի են ու արդարամիտ, անկեղծ ու միամիտ։ Բայց ահա եկել է նաև նրանց ժամանակը...

Այդպես օրերից մի օր, թեկուզ անգամ հանդերձյալ աշխարհում կարող է գալ նաև Դատավոր-ժամանակը և անցկացնել իր դատավարությունը, ինչպես դա պատահում է հեղինակի մեկ այլ՝ «Դռնբաց դատավարություն» թատերգության մեջ։ Պատրաստ լինենք նաև այդպիսի դատավարության...

Իր կոչմանը հավատարիմ գրողը չի կարող անտարբեր մնալ, իր վերաբերմունքը չարտահայտել այն անարդար երևույթների նկատմամբ, որոնք տեսնում է։ Մեր շրջապատում տիրող այդ երևույթների, չարամիտ անձանց մասին է «Վառիր քո մոմը» դրաման։

Գործող անձանցից երկուսը՝ Սատանան և Երկիր «գործուղված» Արդարության հրեշտակը, հակամարտ ուժերի խորհրդանշական կերպարներ են։ Բախումն էլ այս երկու իրարամերժ ուժերի միջև է։ Իսկ թե ինչպես է ընթանում այդ հակամարտությունը, ընթերցողը կարող է իմանալ՝ ընթերցելով թատերգությունը։

«Երկու պիես, մեկ բեմ» խորագրի տակ ներկայացված «Կատակերգություն երրորդ ուղեծրում» և «Խորհրդակցություն Ակադեմոսի պուրակում» գործերը բովանդակային առումով կազմում են մեկ ամբողջություն, սակայն սրանցից յուրաքանչյուրը միաժամանակ նաև առանձին ստեղծագործություն է։

Թատերգությունները կառուցված են այնպես, որ սրանցից յուրաքանչյուրն ունի իր սկիզբն ու ավարտը։ Բեմադրվելիս դրանք կարող են խաղացվել ոչ միայն որպես մեկ ստեղծագործություն՝ առանձին գործողություններով, այլև որպես առանձին ստեղծագործություններ:

Հավելենք, որ այս խորագրի առաջին՝ «Կատակերգություն երրորդ ուղեծրում» թատերգությունը 2012 թվականին Աթենքում բեմադրել է «Նոր ծիածան» հայ-հունական թատերախումբը։

Գ․ Միքայելյանի դրամատիկական երկերում ուրույն տեղ են զբաղեցնում մեր իրականությունը ներկայացնող կատակերգությունները։

Որպես գործող անձինք՝ այս գործերից երեքում առանձնահատուկ դերակատարություն ունեն համաշխարհային գրականության մեծանուն գրողների մի քանի անմահ, բոլոր ժամանակների համար տիպական հերոսները։ Նրանք վերակենդանացել ու մասամբ կերպափոխված «ներկայացել» են հեղինակի «Նոր կատակերգություններ հին հերոսներով» խորագիրն ունեցող եռագրության «Խաղում ենք բոլորս կամ Ներկայացում փլվող թատերաբեմի վրա», «Դոն Կիխոտի և Քաջ նազարի նոր արկածները կամ Փանջունու վերադարձը», «Գուլիվերը նոր երկրում կամ Սատանայական որոգայթներ» կատակերգություններում։

Գրքում զետեղված մեկ այլ թատերգություն՝ «Ամերիկյան խառնաշփոթը», որը 2014 թվականին բեմադրվել է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում, հաճելի անակնկալ է ինչպես բծախնդիր ընթերցողի, այնպես էլ դժվարահաճ հանդիսատեսի համար։ Այն իր ոճով ամբողջովին տարբերվում է Գ․ Միքայելյանի մյուս թատերախաղերից։ Անվանումն էլ՝ «Ամերիկյան ...», պայմանական է, որովհետև, ինչպես նշում է հեղինակը, գործողության վայր կարող էր լինել ոչ միայն Ամերիկան, այլև, օրինակ, Ֆրանսիան, Իտալիան, Անգլիան...

Գուրգեն Միքայելյանն իր ստեղծագործություններում հաճախ է անդրադարձել մեր իրականությանը՝ շատ-շատ երևույթների նկատմամբ արտահայտելով անհաշտ վերաբերմունք։ Այս առումով ուշագրավ, խորիմաստ են նաև նրա պատմվածքները, նովելներն ու առակները։ Նշենք դրանցից մի քանիսի վերնագրերը․ «Գորշավանի փարիզյան լույսերը», «Աքլորը, ավիացիան և վկայագրման գործընթացը», «Ձի-ու սահմանումը», «Աշխատասեր մարդկանց երկիրը», «Առանց ստամոքսի քաղաքը» ։

Մենք էլ մեր խոսքն ավարտենք հեղինակի հեքիաթային երազանքով․ գուցե իսկապես կգա ժամանակ, երբ երկրում միակ տեր ու տնօրենը կլինեն արվեստն ու գիտությունը, և մարդիկ կապրեն զտարյուն մշակույթով։

Դերենիկ Մարտիրոսյան

ՀՀ վաստակավոր արտիստ,

բեմադրիչ, թատերագետ

Աղբյուրը` www.armtimes.com
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
4738 | 0 | 0
Facebook
COMMENT.am