Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սիրո մի երկա՜ր պատմություն

09:22, շաբաթ, 22 օգոստոսի, 2020 թ.
Սիրո մի երկա՜ր պատմություն
    
    
    

Սենյակում կին էր՝ բարձրացրած ձեռքում - հախճապակե մի սկահակ:

Սենյակում տղամարդ էր՝ ոտքերի մոտ թափված վարդե՜ր, վարդերի վրա անփութորեն դրված՝ ճանապարհ ընկնելու պատրաստ մի դեղին ճամպրուկ:


    

Սենյակի անկյունում, ոտքերը ծալապատիկ, խորասուզված ինչ-որ մտքերով Սե՜րն էր՝ ափերով բռնած դեմքը:

Աչքերը չէին երևում:


    

Հախճապակե սկահակը հարվածեց բաց-կանաչագույն սալահատակին:

Հարվածի ձայնից Սերը վեր թռավ ու վախեցած նայեց շուրջը:

Բազմաթիվ ցիրուցան եղած ապակե կտորներ ադամանդների նման միլիոնավոր գունային էֆեկտներով փայլում էին:

Գեղեցի՜կ էր:


    

Սերը տնտղեց մարմինը՝ ո՛չ մի քերծվածք, ո՛չ մի հարված չէր ստացել:

Նորից նստեց տեղը, այս անգամ գլուխն առավ ափերի մեջ ու նորից խորազուզվեց մտքերի մեջ:

Հայացքը չէր երևում:

Երևում էր տղամարդու հարցական հայացքը:

Երևում էր կնոջ հանգիստ հայացքը:


    

- Քեզ թե՞յ, թե՞ սուրճ, - հարցրեց կնոջ հայացքը, ասես ոչի՜նչ չէր եղել:

- Սո՛ւրճ, գիտե՜ս, ի՞նչու ես հարցնում:


    

Ամեն ինչ այնքան սովորական էր թվում, կարծես թե նախաշեմին ընկած չէր ճակատագրի ձեռքերում չարչարված ներկան ու անցյալը:


    

Կինը սուրճի զույգ բաժակով նստեց տղամարդու կողքը:

Տղամարդը ծխախոտ վառեց.

- Ուզո՞ւմ ես:

- Չէ՜, ես ի՜մը կծխեմ, - այնքան հանգիստ ասաց, կարծես ոչ թե Սերն էր կոտրվել այլ միայն սիրո սկահակը…


    

- Գիտեմ որ սիրո՜ւմ ես, այնպե՜ս ինչպես ե՛ս:

Սերը, որ սենյակի անկյունում էր, չհասկացավ թե ո՞վ ասաց այդ բառերը:

Ձայնը ո՛չ տղամարդու բարիտոն էր, ո՛չ էլ կնոջ սոպրանո:

Սրտի ձա՜յն էր, ոչ մարդկային ձայնի տոնայնությամբ:


    

Սերը որ սենյակի անկյունում էր դեռ, հասկացավ որ ընդամենը մի թեթև վախ է տարել կոտրվող ապակու ձայնից:


    

«Հեռանալո՜ւ»,

«լքելո՜ւ»,

«թողնելո՜ւ» բառեր սենյակում չլսվեցին ո՛չ բարձրաձայն ո՛չ էլ հայացքներով:

Չլսվեցին նաև «մնա՜», «մնա՞մ» անհեթե՜թ, անիմաստ, ո՛չ տրամաբանական բառերը:


    

Սենյակի հատակին թափված վարդե՜ր էին, հախճապակու կտորնե՜ր և ճանապարհ ընկնելու համար մի անպիտա՜ն ճամպրուկ:


    

Սենյակի անկյունում, մոր արգանդում կծկված երեխայի նման, հանգի՜ստ քնած էր Սերը:


    

Տրամաբանական չէր բառերով կամ հայացքով պահել մեկին, որի սիրտը քո սրտով ամուր բռնել ու ո՛չ մի գնով բաց չես թողնի:


    
    

Ս.Ումառ-Հարությունյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7370 | 0 | 0
Facebook