Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ.

Հոդվածներ

Խորամանկամիտ կնոջ յոթ հնարքները

16:42, երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ.
Խորամանկամիտ կնոջ յոթ հնարքները

Ձեր ընթերցանությանն եմ ներկայացնում 17-րդ դարում ապրած չին գրող, դրամատուգ, թատրոնի տեսաբան Լի Յույի «Խորամանկամիտ կնոջ յոթ հնարքները» ստեղծագործությունը: Թարգմանությունը կատարել եմ ռուսերենից:

*****
     Բանաստեղծություններում ասվում է.

«Կնոջ բնավորությունը հոսող ջրի նման է:

Մարդկանց բարքերը նման են պտտվող գնդի,

«Չունցյու» գրքում դուք կգտնեք մարդկանց պարսավանքն ու արդարացումը:

Բայց երկարի մեջ երբեք կարճը մի՛ փնտրեք:

Աշխարհը կառավարող նավը կարող է հեշտությամբ լքվել:

Կյանքի խառնաշփոթում դժվար է անարատությունը պահպանել:

Բայց նույնիսկ սև կարասում դու սպիտակ մետաքսի շերտ կգտնես:

Մինչդեռ այն նույնիսկ հազար արծաթյա լյանով չես գնի»:

Ասում են, թե մարդու ճշմարիտ զարդն այնպիսի արժանիքներն են, ինչպիսիք են հավատարմությունը, ծնողների նկատմամբ հարգանքը, ողջախոհությունը և պարտքը: Բոլոր մարդիկ մեծապես պատվում են այս հիանալի որակները: Սակայն մեր աշխարհում հավատարմության մասին դատողություններ է անում նույնիսկ նենգ սատրապը, իսկ ծնողին հարգելու մասին անհամ խոսում է անհնազանդ սերունդը: Չարագործն է հաճախ պարտքի մասին խոսում, իսկ անառակը դեմ չէ համեստության ու բարեպաշտության մասին շատախոսել: Մի խոսքով, ճշմարիտը շփոթվում է ստի հետ և դրանք իրարից զանազանելը երբեմն անհնարին է լինում: Երևի, այդ պատճառով է, որ ալեհեր հնադարում ասել են. «Խոտի կայունությունը կարող է միայն հանկարծահաս պտտահողմը ստուգել. հպատակի հավատարմությունն իմացվում է ճոճվող կամրջակների վրա»: Այլ կերպ ասած՝ ճշմարտությունը կեղծիքից զանազանելու համար հարկավոր է դիմել մի շատ հասարակ միջոցի՝ մարդուն փորձել դժբախտության մեջ, քանի որ դժվարությունների ու վտանգների մեջ մարդու առանձին որակները փորձությանը չեն դիմանում: Բերեմ մի այսպիսի օրինակ: Եթե այնպիսի մետաղները, ինչպիսիք են ոսկին, արծաթը, պղինձը կամ արճիճը, հալամանի մեջ լցվի, ապա բոլոր կեղծ խառնուրդները կանհետանան և հալամանում կմնա միայն իսկական մետաղը: Ինչ վերաբերում է վերն հիշատակաված առաքինություններին, ապա դրանց հետ մի քիչ այլ բան է տեղի ունենում: Որոշակի փորձությունից հետո մարդու մեջ մնում են հենց կեղծ որակները, իսկ ճշմարիտները, այսինքն՝ նրա արժանավոր հատկությունները, ընդհակառակը, ցնդում են: Հիմա ես պատրաստվում եմ խոսել թվարկածս արժանիքներից չորրորդի՝ ողջախոհության մասին միայն, իսկ մյուս երեք առաքինություններն առայժմ մի կողմ դնենք:

Երկրում Մին հարստության կառավարման վերջին քսան տարում, ինչպես հայտնի է, ավազակախմբերն էին սանձարձակություններ գործում, որից չհապաղեց օգտվել նաև ավազակ Չուն վան՝ Սրընթացը: Հետո մեր հայրենիքում ամեն ինչ փոխվեց ինչպես այս հանրահայտ ասացվածքում. «Թթենին ու ծովն իրենց տեղը փոխեցին»: Գերված կանանց, որոնք շատ-շատ էին, ավազակները պարզապես լցնում էին իրենց սայլերը՝ ինչպես ապրանք, որը կշռում են կամ մեկ առ մեկ հաշվում: Գերված կանանց մեջ եղել են տիկնայք, որոնք չեն ցանկացել համակերպվել իրենց ստորացման հետ ու նախընտրել են մահը, քան խայտառակությունը: Ոմանք իրենց կյանքին վերջ են դրել դանակով, ուրիշներն իրենց պարանոցն են դրել դահճի կացնի տակ: Ճիշտ է, այդպիսի հերոսական արարք կատարելու պատրաստ շատ բարձր արժանապատվություն ունեցող կանայք այնքան էլ շատ չեն եղել. հաշվիր, որ հազարից մեկը: Իրենց անարատությամբ նրանց գրեթե հավասարվել են այն կանայք, որոնք, սկզբում համակերպվելով խայտառակությանը, հետո խոստովանել են կատարվածն ու նրանցից ոմանք գետն են նետվել, ուրիշներն էլ օղապարան են գցել իրենց վիզը: Եղել են նաև այնպիսիները, որոնք, հայտնվելով օտար վայրերում, միշտ հիշել են իրենց հայրենիքը: Նրանք իրենց տուն ուղերձն ուղերձի հետևից են ուղարկել՝ աղաչելով իրենց ամուսիններին փրկագնել իրենց գերությունից:

Ինքնին հասկանալի է, որ նրանք ամոթի զգացումով են համակված եղել, քանի որ հասկացել են, որ նվազ արժանապատիվ արարք են կատարել: Բայց նրանք, այնուամենայնիվ, կարողացել են պահպանել տան նկատմամբ իրենց նախկին զգացմունքը: Նրանց ինչպե՞ս վերաբերվել: Մենք ստիպված ենք նրանց միջինից ցածր կարգի դասել: Ավաղ, կանանց մեջ եղել են նաև բավականին արգահատելիները, որոնց մենք ամենացածր կարգին ենք դասում: Այս անբարոները քաղցր ու կուշտ կերին, մարմնական տարբեր հաճույյքներին են տուրք տվել: Կերակրվելով օտար երաժշտությամբ ու երգերով՝ նրանք մեկընդմիշտ մոռացել են հայրենի երկրի մասին: Ճիշտ է, երբեմն պատահել է նաև այնպես, որ հազար լի հեռավորությունից նրանցից մեկին փրկագնելու համար եկել է ամուսինը, սակայն անառակ կինը նրան դեմքով նույնիսկ չի ճանաչել: Այդպիսի արգահատելի վարքն ատամների կրճտում է հարուցում ու կարող է պատառոտել մարդու հոգին: Ես շատերից եմ լսել, թե մի պարկեշտ զորապետ զայրույթի պահին կտրել է այդպիսի մի ******ի գլուխը, որպեսզի սրբի նրա ամուսնուն հասցված խայտառակությունը: Շատ դրվատելի արարք է, ճի՞շտ է: Հարկավ, այս դեպքը ես ինքս չեմ տեսել, միայն լսել եմ:

Սիրելի ընթերցող, հնարավոր է, դու ասում ես. «Մինչև խառնակությունն էլ քիչ չէին ողջախոհության ու հավատարմության մասին խոսել սիրող կանայք, բայց, ավաղ, դեռ նոր էին նրանք հայտնվել «շիկացած սայլում», երբ անմիջապես դրսևորվեց նրանց իսկական էությունը: Կեղծավոր կանայք հիմա լիուլի են, բայց ահա պարկեշտ կին, եթե հաշվես, կեսն էլ չի մնացել: Ափսո՛ս»: Այժմ ես ձեզ ուզում եմ պատմել մի տիկնոջ մասին (նրան իսկը հարմար է «կենդանի ոսկի» անվանել), որի կյանքի պատմությունը դարձավ պահանջված դաստիարակիչ առակ: Ճիշտ է, այս տիկինը չկարողացավ մինչև վերջ պաշտպանել իր պատիվը, բայց և այնպես ես այդ տիկնոջն ավելի բարձր եմ դասում նրանցից, ովքեր «ճաշակելով ամոթը, երազեցին հատուցման մասին»:

Հարգելի ընթերցող, ընդ որում ուզում եմ քեզ նախազգուշացնել, եթե դու, հենվելով «Գարուններ և աշուններ» գրքի փորձի վրա, պատրաստվում ես պարսավել իմաստուններին, այսինքն ուզում ես իմ նկատմամբ մանրախնդրություն դրսևորել ու չափազանց խիստ դատապարտել, ես քեզ ուղիղ կասեմ. «Մեր «կործանված դարում» մարդուն գնահատելու՝ քո բռնած ճանապարհը լավագույնը չէ»:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
1033 | 0 | 0
Facebook
COMMENT.am