Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կենսագրական ակնարկ. Գագիկ Հարությունյան

Ալվարդ
Հեղինակ`
Ալվարդ
18:53, չորեքշաբթի, 24 հունիսի, 2020 թ.
Կենսագրական ակնարկ. Գագիկ Հարությունյան
     2021 թ. լրանում է հայկական գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրներից մեկի` լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի հոբելյանը: Այս առիթով «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և արվեստաբան Լուսինե Գալստյանը սկսում են ուսումնասիրությունների և հրապարակումների շարք` նվիրված արվեստագետի կյանքի, ստեղծագործական միջավայրի և արվեստի ձևավորմանն ու վերլուծությանը: Արդեն մի քանի տարի է` Լուսինե Գալստյանը զբաղվում է Գ. Հարությունյանի լուսանկարչական արվեստի ուսումնասիրությամբ: Առաջին անգամ ծանոթացել է լուսանկարչի աշխատանքներին 2017 թվականին` այցելելով ‹‹Ժամանակի ստվերները. Գ. Հարությունյանի լուսանկարչական արվեստը, 1970-1995›› խորագիրը կրող ցուցահանդեսին: Արվեստագետի անհատական ըմբռման, մեկնաբանման, տարբերվող աշխարհայացքի շնորհիվ` առանձնակի կարևորելով լուսանկարչի արվեստը, Լուսինե Գալստյանն իր մագիստրոսական ավարտական աշխատանքը նվիրել է Գ. Հարությունյանի արվեստի ուսումնասիրությանը: «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության և «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի կողմից Հայաստանի նկարիչների միությունում 2017 թ. օգոստոսի 25-ին ներկայացվել է խորհրդահայ լուսանկարիչ Գ. Հարությունյանի առաջին` «Ժամանակի ստվերները» խորագրով հետահայաց լայնածավալ ցուցահանդեսը: Երկարատև դադարից հետո արվեստագետ Գագիկ Հարությունյանը կրկին ներկայացել է արվեստասերներին: Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել է Գ. Հարությունյանի 1970-1995 թթ. ընդգրկող լուսանկարչական արվեստը: «Ժամանակի ստվերները» բազմանկյուն ցուցահանդեսը նորովի բացահայտեց Գ. Հարությունյանի լուսանկարչական արվեստը` հաստատելով դրա առանցքային կարևորությունն արդի ու ժամանակակից հայ արվեստի պատմության համար: Գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գ. Հարությունյանը ստեղծագործել է 20-րդ դարի վերջին երեք տասնամյակների ընթացքում: Սկզբնական շրջանում աշխատել է որպես ֆոտոլրագրող, սակայն նրա արվեստը դուրս է եկել ֆոտոլրագրության սահմաններից: Գ. Հարությունյանի արվեստն արժևորվում է իր ընտրած անսովոր, բայց հետաքրքիր թեմաներով: Նկարել է հիմնականում սև ու սպիտակ ժապավենի վրա: Հետաքրքրությունների հիմնական առարկան մարդ-բնություն փոխհարբերությունն է: Առաջին հայ լուսանկարիչներից է, ով աշխատել է շարքերով՝ ելնելով հետազոտական ու վերլուծական սկզբունքներից: Իր ստեղծագործական գործունեության շնորհիվ, Գ. Հարությունյանի լուսանկարչական արվեստը նշանակալի անդրադարձ է ունեցել հայկական լուսանկարչության հետագա զարգացման գործում: Գագիկ Հարությունյանը ծնվել է 1947 թ. սեպտեմբերի 22-ին, Երևանում: 1965 թ. ավարտել է Երևանի Հաստոցաշինական տեխնիկումը` մետաղների սառը մշակման տեխնոլոգիայի մասնագիտացմամբ: 1964-1971 թթ. աշխատել է Երևանի տարբեր գործարաններում որպես հաստոցագործ և ինժեներ: 1965 թ. սկսել է զբաղվել լուսանկարչությամբ: 1968 թ. ղեկավարել է Պատանի տեխնիկների կայանի ֆոտոխմբակը: Խորհրդային Հայաստանում լուսանկարիչները հիմնականում աշխատել են լրատվամիջոցներում, Գագիկ Հարությունյանը` նույնպես։ Սակայն նրա լուսանկարները միայն լրատվամիջոցների համար չեն եղել, դրանք իրենց մեջ կրում են լուսանկարչական արվեստի ուժեղ ներգործություն և կարծես թե ապագայի հանդեպ ունեցած հեռատեսական հայցաքների շնորհիվ էլ արդի և բնութագրական են եղել ոչ միայն լուսանկարչի գործունեության տարիներին, այլև մինչ այժմ։ Գագիկ Հարությունյանն, ինչպես և Խորհրդային Հայաստանում պրոֆեսիոնալ գործունեություն ծավալած շատ այլ լուսանկարիչներ, ինքնուս է: Հարությունյանն սկսել է լուսանկարել պատանի հասակում` հորից նվեր ստացած ֆոտոխցիկով: Ինչպես մեզ հետ զրույցում նշում է Հարությունյանը` խորապես տարված է եղել լուսանկարչության ուսումնասիրությամբ: Լեհական, չեխական, գերմանական, հունգարական ֆոտոամսագրերում տեղ գտած հատկապես չեխ և լեհ լուսանկարիչների ավանգարդիստական աշխատանքները Հարությունյանի հիմնական հետաքրքրությունների առարկան են հանդիսացել և ոգեշնչման աղբյուրը: Գագիկ Հարությունյանն իր գործունեությունը սկսել է սկզբնապես ուսումնասիրելով նախ արխիվային նյութը, սակայն շատ քիչ նյութ գտնելով` որոշել է անդրադառնալ այնպիսի թեմաների, որոնցով նա կկարողանար փոխանցել իր ժամանակաշրջանի նկարագիրը: Ահա այս մոտեցման շնորհիվ է, որ նրա արվեստն այդքան ընդգծված է ցույց տալիս կապն իր ժամանակաշրջանի հետ: Հետաքրքրական է, որ Գագիկ Հարությունյանի վավերագրական, ֆոտոռեպորտաժային լուսանկարներն անգամ զուտ վավերագրական չեն: Դրանք բովանդակային առումով բազմաշերտ են, այլաբանական: Լուսանկարիչն ուղիղ ձևով չի փոխանցել իր ասելիքը, այլ թույլ է տվել, որ դիտողն ինքը մտածի, լրացնի և իր անհատական ընկալմամբ հասկանա … Գագիկ Հարությունյանն իր գործունեությունն սկսել է 1971թ.` իբրև «Կոմսոմոլեց» թերթի թղթակից և աշխատել է մինչև 1974 թ.: Երկու տարի անց` 1976 թ., Գ. Հարությունյանը թերթից տեղափոխվել է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերություն» (АОКС) և աշխատել մինչև 1989 թ.: Որոշ ժամանակ նրա մասին քիչ տեղեկություններ էին հասնում: Պատճառն այն էր, որ հանդեսը տարածվում էր բացառապես արտասահմանում, թեև այդ տարիներին Հարությունյանն աշխատում էր շատ և արդյունավետ: Ամսագրերում աշխատելիս նրա լուսանկարները միանգամից գրավել են խմբագիրների ուշադրությունը, քանի որ դրանք իրենցից գեղարվեստական արժեք են ներկայացրել, թեպետ ձևի մատուցման պարզությանն ու մատչելիությանը, բովանդակության առումով խորն ու ենթատեքստային էին` ընդգրկման բազմազանությամբ: Ինչպես մեզ հետ զրույցում նշում է լուսանկարիչը` ռեպորտաժային հանձնարարություններից դուրս` հետաքրքրված է եղել մասնավորապես հետևյալ թեմաներով` բնապատկեր, մարդու փոխհարաբերությունը բնական միջավայրի հետ, քաղաքական կյանք և սիմվոլիկ լուսանկարչություն: «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունում» (АОКС) աշխատանքը մեծ հնարավորություն էր Գագիկ Հարությունյանի համար, քանի որ այդ տարիներին լուսանկարիչը բազմիցս գործուղվել է ոչ միայն մի շարք եվրոպական, այլ նաև աֆրիկյան երկրներ. Դանիա, Ֆրանսիա, Հունաստան, Ավստրիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Հունգարիա, Գվինեա, Սենեգալ, Գերմանիա, Մերձբալթյան հանրապետություններ, Ռուսաստան և այլն: Գործուղումներից լուսանկարիչը վերադարձել է մի շարք պատմություններով, որոնք պետք է ներկայացներ հայ արվեստասեր հասարակությանը: Լուսանկարչին չեն հետաքրքրել ճամփորդական բնույթի թեմաները. նա ամենուրեք փնտրել է մարդուն, փորձել ծանոթանալ նրա հոգսերին ու խնդիրներին: Այս փնտրտուքների ընթացքում լուսանկարիչն ակնկալվող տարբերությունների փոխարեն խորը նմանություններ է գտել, ինչպես ինքն է նշել` «Ես տեսա, որ մարդն ամենուր նույնն է …»: Շուրջ երեք տասնամյակ լուսանկարիչը համագործակցել է գրեթե բոլոր տեղական և խորհրդային երկրներում հրատարակվող խոշոր պարբերականների հետ: Պարբերաբար նրա հետաքրքիր աշխատանքները շարքերով հրապարակվել են հայաստանյան խոշորագույն ամսագրերում, մասնավորապես` «Սովետական Հայաստան», «Հայաստանն այսօր», «Գարուն» ամսագրերում: Լուսանկարչի աշխատանքները բացի պարբերականներում տպագրվելուց 1970-80-ականներին ցուցադրվում էին «Ժուռնալիստների տանը» (Дом жур.) և «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության» (АОКС) շենքում կազմակերպվող ցուցահանդեսներին, որոնցից ստացած տպավորություններն արվեստասերները դեռևս չեն մոռացել: Գագիկ Հարությունյանի արվեստով ավելի շատ սկսեցին հետաքրքրվել, երբ լուսանկարչի աշխատանքները սկսեցին հաճախակի երևալ հանրապետական մամուլի էջերում և հատկապես «Գարունում»: 1981թ. լուսանկարչի ակտիվորեն համագործակցությունը «Գարուն» ամսագրի հետ զգալի ազդեցություն թողեց գեղարվեստական լուսանկարչության ընկալումների փոփոխության վրա: Խորհրդահայ լուսանկարիչներից Գ. Հարությունյանն այն քիչ լուսանկարիչներից մեկն է, ում հաջողվել է ունենալ արվեստային լուսանկարչության անհատական ցուցահանդեսներ: Այս ցուցահանդեսները բացի որակյալ, գեղագիտական, խորն ու բովանդակային արվեստ ներկայացնելուց, բացառիկ հնարավորություններ էին խորհրդահայ հասարակության համար հաղորդակցվելու իրենց անծանոթ աշխարհին, բացահայտելու մշակույթի, կենցաղի ու քաղաքակրթության ձևերի բազմազանությունը խորհրդային իրականությունից դուրս: 1989-1991 թթ. որպես լուսանկարիչ Գ. Հարությունյանն աշխատել է արդեն «Հայք», «Անդրադարձ» և «Զինվոր» թերթերում: Հարությունյանի վավերագրական լուսանկարներն անընդմեջ տպագրվում էին հայաստանյան, ինչպես նաև ռուսական և արևելաեվրոպական մամուլում: Այդ տարիներին արվեստագետի լուսանկարները ոչ միայն հիացմունքի, այլև ոգեշնչման աղբյուր էին ինչպես կայացած, այնպես էլ սկսնակ լուսանկարիչների համար: Գ. Հարությունյանի արվեստի հիմքում ընկած է լուսանկարչության գեղագիտական ներուժը, որն արվեստագետն ուղղել է բացահայտելու արվեստային ու փիլիսոփայական ընկալումների նոր հորիզոններ: 1993-1999 թթ. լուսանկարիչը դասավանդել է Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում` որպես գեղարվեստական լուսանկարչություն ուսուցիչ: Գագիկ Հարությունյանի մի շարք ցուցահանդեսները կներկայացնենք ստորև` ժամանակագրական հաջորդականությամբ. 1977 թ., «Հայաստան, հողը և մարդիկ», AOKS, Երևան 1978 թ., «Բարև Դանիա», AOKS, Երևան 1979 թ., «Ֆրանսիա», AOKS, Երևան 1980 թ., «Հայաստան, հողը և մարդիկ», Հայաստանի ժուռնալիստների տուն, Երևան 1981 թ., Անհատական ցուցահանդես, Բուդապեշտ, Գյոր, Հունգարիա 1983 թ., Անհատական ցուցահանդես, Կոնակրի, Գվինեա 1983 թ. Գագիկ Հարությունյան, Nei Liicht ֆոտո ցուցասրահ, Լյուքսեմբուրգ 1984 թ. Աֆրիկա, Հայաստանի ժուռնալիստների տուն, Երևան 1989 թ., «Բելգիա», AOKS, Երևան 2000 թ. «Ղարաբաղ», Lew Kopelew Forum, Քյոլն, Գերմանիա: 1990-ականների վերջերին խորը հիասթափություն վերապրած արվեստագետը ոչնչացրել է իր տպված լուսանկարների գրեթե ամբողջ հավաքածուն: Պահպանված սևապատկերներից շուրջ երկու հարյուրը վերականգնվել ու տպվել են վերջերս և վերականգնման համար անհրաժեշտ է եղել շուրջ վեց տարի: 1997-2009 թթ. ընթացքում Հարությունյանը ոչնչացրել է գրեթե երկու հազար ժելատին արծաթե լուսանկար և սևապատկեր` համոզված լինելով, որ դրանք այլևս որևէ մեկին չեն հետաքրքրի: 1990-ականների վերջերին թողել է լուսանկարչությունը, սակայն, բարեբախտաբար, սևապատկերները պահպանվել են: 2000-2013 թթ. հիմնականում աշխատել է որպես կահույքագործ: Գ. Հարությունյանը ստեղծագործել է դժվար ժամանակներում, բայց ստեղծել է արվեստի մնայուն գործեր, որոնք իրենց բնույթով բազմանիստ են: Այն նորովի է ներկայացնում մարդուն, կյանքը, հայրենիքը, սերը, մարդկային ողբերգությունն ու մշակույթը: Նրա արվեստի բնորոշ, ընդհանուր գիծը սերն է: Նա սիրել է մարդուն և աշխատել է իր արվեստով էլ սեր փոխանցել մարդկանց: Որպես արվեստագետ եղել է անկեղծ, ինքն իրեն երբևէ չի դավաճանել: Հարությունյանի արվեստն ուսումնասիրելիս նկատելի է դառնում, որ արվեստագետն օժտված է եղել ազդեցիկ պահն ընտրելու կարողությամբ: Գ. Հարությունյանի մասին գրվել են մի քանի տասնյակ հոդվածներ միջազգային և հայաստանյան պարբերականներում, որոնք մեծ մասամբ լրատվական բնույթի են: Խորհրդային մամուլում լուսաբանվել են հիմնականում Հարությունյանի ցուցահանդեսները: ‹‹Մշակույթների երկխոսություն›› կազմակերպությունը ‹‹Ժամանակի ստվերները. Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը, 1970-1995›› ցուցահանդեսին ընդառաջ հետամուտ եղավ արվեստագետի ծավալուն առաջին պատկերագրքի հրատարակմանը, որի ձևավորման և հրատարակման աշխատանքներն իրականացվեցին Գերմանիայի Հալե քաղաքում և մայրաքաղաք Բեռլինում: Պատկերագրքի հեղինակն է Վիգեն Գալստյանը: Հոդվածում զետեղված կենսագրական տվյալները փոխառվել են վերոնշյալ պատկերագրքից: Այս հրապարակումները շարունակական են լինելու. յուրաքանչյուր հրապարակման մեջ անդրադարձ կկատարենք Գագիկ Հարությունյանի արվեստի տարբեր փուլերին, լուսանկարչական շարքերին, որոնց մասին նշվեց տեքստում:
    
     Հեղինակ` Լուսինե Գալստյան «…ես տեսա, որ մարդն ամենուր նույնն է …»
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3307 | 0 | 0
Facebook