Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մանրէներից սարսափող ու դրանցից բծախնդրորեն պաշտպանվող Լեոպոլդ 2-րդը

16:25, չորեքշաբթի, 24 հունիսի, 2020 թ.
Մանրէներից սարսափող ու դրանցից բծախնդրորեն պաշտպանվող Լեոպոլդ 2-րդը

Ծերանալով՝ Բելգիայի թագավոր Լեոպոլդ 2-րդը (գահակալել է 1865-ից 1909 թվականը) վերածվել է վարակիչ մանրէներից մի յուրօրինակ հալածյալի, որին շարունակ թվացել է, թե ինքը դատապարտված է տարատեսակ աննշան հիվանդությունների զոհը լինել: Նա չի հանդուրժել, երբ իր ներկայությամբ որևէ մեկը հազացել է, և եթե այդպիսի դեպք է եղել, պատժել է իրեն սպասարկող ամբողջ անձնակազմին:
     Նրա պահանջով սպասավորները պալատի բոլոր սփռոցները, սրբիչներն ու անձեռոցիկներն ամեն օր եռացրել են: Լրագիրը, որ նա սովորություն է ունեցել անկողնում կարդալ, միշտ խնամքով արդուկվել է, որպեսզի վարակիչ մանրէները ոչնչանան: Հարբուխը նրան հաճախ է պատուհասել, ու նա առաջինն է արձանագրել, որ այն վարակիչ հիվանդություն է:

Լեոպոլդի սիրուհին՝ Բլանշ Դելակրուան, երբ հոգնել է թագավորի ընկերակցությունից ու ցանկացել է միայնակ մնալ, նրա մոտ դիտմամբ փռշտացել է: Թագավորին մերձենալ ցանկացող կանանց Բլանշ Դելակրուան «հարբուխ ունեցող» է պիտակավորել, ու թույլ չի տվել, որ նրանք մոտենան արքային:

Եթե ընդունելության ընթացքում մեկը փռշտացել է, Լեոպոլդ 2-րդը նրան վռնդել է գահասրահից:

«Հարբուխ ունեցողը տխմար է, - ասել է նա, - որովհետև նա ընդամենը պետք է խույս տար այդ հիվանդությունից, որը չի արել»:
     Երբ նա գնացել է ծով՝ լողալու, ու եղանակը խոնավ է եղել, նա իր երկար մորուքն իր իսկ կարած անջրանցիկ տոպրակն է խոթել: Մի օր, երբ նա Բլանշ Դելակրուայի հետ անտառում զբոսնելիս է եղել, անձրև է սկսվել: Ահա թե ինչ է պատմել թագավորի սիրուհին այդ ժամանակ տեղի ունեցած ծիծաղելի դեպքի մասին.

«…շատ զարմացա, երբ նա իջավ իր կառքից՝ մինչև ազդրերն հասնող երկարաճիտ կոշիկներ հագած ու իրանը մի վերարկուով փաթաթած, որը նավաստիները փոթորիկի ժամանակ են հագնում: Եվ դա բոլորը չէր: Նրա ծնոտից կախված էր մոմած կտորից կարված մի երկար գրպանիկ, որը թելերով կապված էր նրա թաղիքե գլխարկին:

Այս տեսարանի առջև ես չէի կարող լուրջ մնալ. քրքջում էի:

-Բայց ես, - ասաց ինձ թագավորը, - շատ գոհ եմ իմ այս գյուտից: Այս գրպանիկով ես ոչնչից չեմ վախենում. մորուքս չոր կմնա: Դուք ծիծաղում եք, բայց, չգիտես ինչու, չեք ծիծաղում, երբ մի որևէ կին, մազերը լվանալուց հետո, դրանք սրբիչով չորացնում ու փաթաթում է: Դուք չեք ծիծաղում, բայց սա նույն բանն է: Կանայք՝ չորացնելով իրենց մազերը, իսկ ես՝ անձրևից պաշտպանելով մորուքս, նույն բանն ենք անում, մեզ ապահովագրում ենք հարբուխից»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3986 | 0 | 0
Facebook