Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեկնարկել է գյուղատնտեսական կոոպերատիվների նախագահների հավաստագրման նպատակով վերապատրաստման դասընթացը

02:52, երկուշաբթի, 15 հունիսի, 2020 թ.
Մեկնարկել է գյուղատնտեսական կոոպերատիվների նախագահների հավաստագրման նպատակով վերապատրաստման դասընթացը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը հունիսի 12-ին սկսեց գյուղատնտեսական կոոպերատիվների ղեկավարների համար 5-օրյա վերապատրաստման առցանց դասընթացը։ Գյուղատնտեսական կոոպերատիվներին տրամադրվող վարկի/լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի համաֆինանսավորման/համապարտության գործընթացի համար նախատեսված՝ հավաստագրման նպատակով կազմակերպվող դասընթացը կառավարության՝ Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երկրորդ ծրագրի շրջանակում է։

Ողջունելով վերապատրաստման առաջին պարապմունքի մեկնարկին տարբեր մարզերում գործող գյուղատնտեսական կոոպերատիվների 15 ղեկավարներին, Ագրարայինի ռեկտորը նշեց, որ պետության այս այժմեական նախաձեռնությունը պարտավորեցնող եւ կարեւոր է այն առումով, որ գյուղկոոպերատիվներին հնարավորություն է տրվում յուրացնել կոոպերատիվների գործունեության կառավարման նորօրյա գիտելիքներ եւ իրենց գործունեության մեջ մասնագիտական բարձր նշաձող սահմանել։

Նշված ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի ու լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման համար, անշուշտ, կարող են դիմել թե անհատ ֆերմերներ եւ թե գյուղկոոպերատիվներ․ այսուհանդերձ, այս դասընթացը հենց կոոպերատիվների նախագահների համար է, քանի որ կառավարության նշված միջոցառման շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվները առանձնահատուկ ուշադրության են արժանանում։ Վարելով այս դասընթացը, պարոն Ուռուտյանը լիահույս է, որ այն առաջընթաց քայլ կլինի գործող կոոպերատիվների կառավարման գործում նոր մոտեցումների ու սկզբունքների յուրացման ու դրանք գործնականում կիրառելու առումով։

Դասընթացի հաջող ավարտը մասնակիցների համար հիմք կհանդիսանա գրանցելու նոր կոոպերատիվներ եւ վերագրանցելու գործող կոոպերատիվները։ Հավաստագրվելու են դասընթացի ակտիվ մասնակիցները՝ որպես կառավարիչներ, եւ միայն այն կոոպերատիվները, որոնց նախագահները հաջողությամբ կավարտեն դասընթացը, կարող են դիմել սուբսիդավորման այս ծրագրին։

«Այս դասընթացը տարբերվելու է կոոպերատիվների վերաբերյալ նախկինում իմ անցկացրած մյուս դասընթացներից այն առումով, որ դուք՝ որպես հավաստագրվող կառավարիչներ, տնային աշխատանք ունեք անելու, առանց որի հնարավոր չէ յուրացնել մեծ ծավալի նյութերը, որ տեղադրել ենք Ագրարային համալսարանի Moodle հարթակում» ։

Դասընթացին որպես ուսուցանող հրավիրված է նաեւ Անահիտ Նավասարդյանը Շեն բարեգործական հասարակական կազմակերպությունից, որը կոոպերատիվների կառավարիչների համար կլուսաբանի հարկային հարաբերությունների եւ ֆինանսական կառավարման հարցերի անհրաժեշտ ծավալը։

Կոոպերատիվների նախագահների վերապատրաստման եւ հավաստագրման դասընթացի առաջին օրը Վարդան Ուռուտյանը ներկայացրեց «Կոոպերատիվների սկզբունքները եւ տնտեսական օտուտները» թեման։ Մասնակիցները, որոնք հիմնականում, ինչպես պարոն Ուռուտյանը նշեց՝ Հայաստանում կոոպերատիվ շարժման ակունքներում կանգնած մարդիկ են, նորովի բացահայտեցին հայտնի սկզբունքները, հնարավորություն ունեցան առաջարկվող տնտեսական հայեցակարգերն ու մոտեցումները համադրելու իրենց ամենօրյա գործունեության մեջ կիրառվողի հետ։

Գյուղատնտեսական կոոպերատիվների տրամադրվող վարկի/լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի համաֆինանսավորման/համապարտության գործընթացի համար նախատեսված հավաստագրման կարգի համաձայն, մասնակիցները հավաստագրեր կստանան դասընթացի ավարտին հանձնելիք 4 առաջադրանքների կատարման արդյունքի հիման վրա։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2741 | 0 | 0
Facebook