Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Բեշքեն Օրբելյանը 6000 տուն բնակչության հետ անցնում է Լոռի, որտեղ կալվածքներ է ստանում Վրաց Ալեքսանդր թագավորից»

22:55, կիրակի, 24 մայիսի, 2020 թ.
«Բեշքեն Օրբելյանը 6000 տուն բնակչության հետ անցնում է Լոռի, որտեղ կալվածքներ է ստանում Վրաց Ալեքսանդր թագավորից»

Շիրվանշահ Խալիլուլլահի խնդրանքով Լենկ Թամուրի որդի Շահռուխը 1453 թվականին նորից պատերազմական գործողություններ է սկսում Իսքանդարի դեմ: Նրա զորքերը պաշարում են Երնջակի բերդը: Իսքանդարը փախչում է պետության արևմտյան շրջաններ: Ծանր վիճակ է ստեղծվում հայ ժողովրդի համար: Շուրջ մեկ տարի թամուրյաններն ավերում, հրո ճարակ են դարձնում անպաշտպան բնակավայրերը, կողոպտում, գերում ու հավատափոխ են անում բնակչությանը: Շատերը դարձյալ ստիպված են լինում թողնել հայրենի օջախներն ու գաղթել այլ երկրներ: Կոտայքի Արծնի գյուղի բնակիչ Աստվածատուր գրիչը հայտնում է, որ Շահռուխը իր «անգութ, անագորույն և անողորմ զորքերով անասելի ավեր գործեց Հայոց աշխարհում: Ոմանց սրով կոտորեց, ոմանց գերեվարեց, ոմանք սովամահ եղան, ոմանց գայլերն ու գազանները կերան, իսկ մնացյալը Վրաց աշխարհ փախան»:

Այս ավերիչ արշավանքի հետևանքով զգալիորեն դատարկվում է Սյունիքը: Բեշքեն Օրբելյանը, 6000 տուն բնակչության հետ անցնում է Լոռի, որտեղ կալվածքներ է ստանում Վրաց Ալեքսանդր թագավորից:

Շահռուխն այս անգամ էլ վերջ չի տալիս կարակոյունլուների իշխանությանը: Իսքանդարի եղբայր Ջհանշահը հնազանդվում է Շահռուխին և նրանից ստանում է գահը: Հենց որ թամուրյանները վերադառնում են Խորասան, Իսքանդարը նախապատրաստվում է վերստին գրավել իշխանությունը: Նա փոքրաթիվ ուժերով հաջող մարտեր է մղում աղ կոյունլուների դեմ, 1435 թվականին տեղի ունեցած ճակատամարտում սպանում է Կարա-Յուլուք Իսմանին ու բարձրաստիճան այլ գործիչների, այնուհետև արշավում է Սեբաստիայի, Թոխաթի, Խարբերդի ու Դերջանի շրջաններ և կազմակերպում է հայ բնակչության գաղթ՝ Արարատյան և Սյունյաց նահանգների նոսրացած բնակավայրերում նրանց վերաբնակեցնելու նպատակով:

1437 թվականին Իսքանդարը բախվում է Ջահան շահի հետ, սկզբում որոշ հաջողություն է ունենում, բայց դրությունը շուտով փոխվում է: Իսքանդարի հրամանատարության ներքո գտնվող զորախմբերը, հոգնած ու ձանձրացած հարատև պատերազմներից, լքում են նրան ու անցնում են Ջահան շահի կողմը: Իսքանդարը պատսպարվում է Երնջակի բերդում՝ պայքարը շարունակելու վճռականությամբ, բայց սպանվում է հենց իր որդու՝ Շահ Կուբադի կողմից:

Նկարում՝ Լենկ Թամուրի որդի Շահռուխը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3689 | 0 | 0
Facebook