Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ.

Հոդվածներ

Կալվածքներից զրկված Գորգունը՝ Օրբելյան իշխանը, ունեցվածքի կորստի պատճառած վշտից է մահացել

20:36, ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ.
Կալվածքներից զրկված Գորգունը՝ Օրբելյան իշխանը, ունեցվածքի կորստի պատճառած վշտից է մահացել

1358 թվականին Բաղդադում իշխաղ Ջալաիրյան տոհմի եռանդուն ներկայացուցիչ Սուլթան Ուվեյսը մեկամյա համառ մարտերում հաղթելու շնորհիվ կարողանում է միավորել Ջալաիրյանների ու Չոբանյանների տիրույթները և իր աթոռանիստը Բաղդադից տեղափոխում է Թավրիզ: Չոբանյան տիրակալները գերադասել են թեկուզ անվանապես պահպանել մոնղոլական իլխանությունը (չկարծեք, թե վրիպակ եմ թույլ տվել և պիտի «իշխանություն» լինի) ՝ գահը հանձնելով Չինգիզ խանից սերված կամազուրկ ու թույլ որևէ իլխանի: Իսկ Ջալաիրյանները վերացնում են խամաճիկ խաներ կարգելու ավանդույթը, այսինքն՝ իլխանությունը վերացնում են նաև դե յուրե, և իրենց «սուլթան» (ինքնիշխան տիրակալ) են հռչակում:

Ուվեյս սուլթանի իշխանության տարիներին վիթխարի պետության տնտեսական կյանքն էականորեն աշխուժացել է, որոշ չափով սանձվել է քոչվոր ցեղապետերի ու հարկահավաք պաշտոնյաների չարաշահումները և որոշակիորեն բարենապաստ պայմաններ են ստեղծվել խաղաղ աշխատանքի համար:

Երբ Ոսկե Հորդայի Ջանիբեկ խանը գերում ու մահապատժի է ենթարկում մելիք Աշրաֆին, նրա որդի Թամուրտաշին տանում է իր երկրի մայրաքաղաք: Ահա այս Թամուրտաշը, օգտվելով երկրի ներքին խռովահույզ վիճակից, 1364 թվականին Միջին Ասիայով անցնում է Շիրազ, ապա հայտնվում է Արծկեի շրջանում ու պատրաստվում է ապստամբություն բարձրացնել Սուլթան Ուվեյսի դեմ: Բայց նա ոչ միայն չի կարողանում իրագործել իր նպատակը, այլև ձերբակալվում է ու սպանվում:

1374 թ.-ի Ուվեյսը մեռնում է, և նրան հաջորդում է գինեմոլ որդին՝ Հուսեյնը: Սա պետությունը մասնատում է եղբայրների միջև և թուլացնում է նրա ռազմունակությունը: Դրանից օգտվելով՝ մի քանի ամսով Թավրիզը գրավում է Սպահանի, Ֆարսի և Քիրմանի տիրակալ Շահ-Շուջան: Քոչվոր ցեղապետերին էլ հենց այդ էր պետք. նրանք ոչ միայն հրաժարվում են ենթարկվել Ջելաիրյաններին, այլև մեկմեկու դեմ են ելնում՝ ասպատակելով իրենց հակառակորդներին ենթակա շրջանները: Ոստանի հայ բնակչությունը, մեծ զրկանքներ է կրում քրդերի խժդժություններից: Հիշատակագիր գրում է. «բազում քրիստոնյաների քրդերը սրախողխող արեցին»:

Ջալաիրյանների կենտրոնական իշխանության դեմ ապստամբում են նաև թուրքմենական «կարա-կոյունլու» ցեղախմբի առաջնորդներ Բայրամ-Խոջան և Կարա-Մուհամեդը: Այս ցեղախումբը Հայաստան էր գաղթել 13-րդ դարի վերջին, իլխան Արղունի ժամանակ ու բնակություն հաստատել Արածանիի վերին հոսանքի շրջանում՝ մասնավորապես Բագրևանդում, Քաջբերունիքում ու նաև Նախիջևանում: 14-րդ դարի 40-ական թվականներից սկսած կարակոյունլուներն արդեն բավականին զորեղ ռազմական ուժ ունեին և կողոպտիչ արշավանքներ էին կազմակերպում: Օրինակ՝ 1343 թվին, Կարա-Հասան ցեղապետի գլխավորությամբ, նրանք ասպատակում են Խլաթի շրջանը: Սուլթան Հուսեյնը պատժիչ արշավանք է կազմակերպում կարակոյունլուների դեմ, որոնք պարտություն կրելով՝ պարտավորվում են տարեկան 20 հազար գլուխ ոչխար հանձնել կենտրոնական կառավարությանը:

Սուլթան Հուսեյնի դեմ 1382-ին պայքար է սկսում իր եղբայրը՝ Արդաբիլի կառավարիչ Ահմեդը: Ճակատամարտում Հուսեյնը սպանվում է, և գահակալական պայքարի մեջ նոր ուժեր են մտնում: Հուսեյնի զորահրամանատար ամիր Ադիլը օրինական սուլթան է հռչակում Ուվեյսի Բայազիտ որդուն: Գահին տիրելու հավակնություն է դրսևորում նաև Բաղդադի կառավարիչ նրա եղբայրը՝ Շեյք Ալին:

Ի վերջո, Ահմեդը, դաշնակցելով Կարա-Մուհամմեդի հետ ու հենվելով կարակոյունլու ցեղախմբի զինված ուժերի վրա, կարողանում է հաղթել իր երկու եղբայրներին: Եղբայրների միջև այս պայքարը խիստ թուլացնում է Ջալաիրյանների պետությունը, որի հետևանքով երկրի տարբեր մասերում ապստամբում են ցեղախմբերի առաջնորդները, հրաժարվում հարկ վճարել:

Հենց այդ ժամանակաշրջանում Հայաստանի կենտրոնական շրջաններում իր միահեծան տիրապետությունն է հաստատում Կարա-Մուհամմեդը, որը 1385-86 թվականներին աննկարագրելի ծանր կացության մեջ է դնում իր իշխանության տակ գտնվող հայ հպատակներին: Նրա հրամանով Վանա լճի հյուսիսային շրջաններում ամբողջովին կամ մասամբ քարուքանդ է արվում յոթանասունից ավելի եկեղեցի, ոչնչացվում կամ գերվում են մեծաքանակ ձեռագրեր:

1384 թվականին Ատրպատական է ներխուժում Ոսկե Հորդայի Թողթամիշ խանը: Ապաշնորհ Սուլթան Ահմեդը փախչում է Բաղդադ: Թողթամիշի զորքերը պաշարում են Թավրիզը: Մեկ շաբաթ անց քաղաքը հանձնվում է: Մայրաքաղաքն ավերելուց ու կողոպտելուց հետո Թողթամիշի զորքերի մի մասն անցնում է Մարանդ, Նախիջևան և Սյունիք: Պատմիչ Թովմա Մեծոփեցին գրում է. «Սյունյաց երկրի քսան գավառ ավերեցին, շատերին սպանեցին և գերեցին»: Թողթամիշի զորքերը գրավում են Սյունիքի Որոտան ամրոցը և հայրենազուրկ են անում Սմբատ Օրբելյան իշխանին՝ Իվանեի որդուն: Նրանք մեծ ավերածություններ են գործում նաև Վայոց ձորում, որտեղ իշխան էր Իվանեի մյուս որդին՝ Գորգունը: Զրկվելով կալվածքներից՝ սա վշտից մահանում է:

Նկարում՝ Ջելաիրյանների տերությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1075 | 0 | 0
Facebook
COMMENT.am