Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սեր ծնող հերոսամարտ

01:44, շաբաթ, 16 մայիսի, 2020 թ.
Սեր ծնող հերոսամարտ
    
    

Այս պատմության սկիզբն Արցախյան հերոսամարտն էր, այն հերոսամարտը, որը որոշեց Երրորդ հանրապետության ճակատագիրը` մասնակի վերականգնելով պատմական արդարությունը։
     Վահրամի՝ Արցախի հերոս Վահագն Վարդևանյանի որդու ծննդյան օրը նրա ընկեր Արմեն Մկրտչյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում շնորհավորում է ու գրում «Իմ բոլոր ընկերներն էլ ուժեղ են, բայց ֆիզիկապես ամենաուժեղը Վահրամն ա! Ինքը ինչքան ուժեղ ա, 10 էդքան բարի ու նվիրված. մի խոսքով, մարդ, ում հետ մեռնելու էլ լինի, կգնամ, մարդ, ով Ազգային հերոսի իսկական ժառանգ ա, ով երբեք ընկերներից չի նեղանում։ Ախպորս ծնունդն ա էսօր, ուզում եմ, որ ուժը, դուխը, խելքն անսպառ լինեն» ։
     Տաթևը՝ Արցախյան հերոսամարտի հերոս Արտակ Օհանյանի դուստրը, նկատում է շնորհավորանքը, մեկնաբանություններում Արմենից հարցնում է, թե արդյոք Վահագն Վարդևանյանի որդին է։
     Տաթևի մեկնաբանությանն Արմենը պատասխանում է «այո», իսկ Վահրամը շնորհակալություն է հայտնում և սկսում փորփրել Տաթևի լուսանկարները` փորձելով գտնել ծանոթ դեմքեր։ Պատահում է այնպես, որ նրան դուր է գալիս Տաթևի արտաքին տեսքը, նրա կիսված երաժշտությունը և այլն, որոշում է անձամբ գրել նրան։
     Սկսելով շնորհակալական խոսքերով` նա Տաթևին գովում է և ասում, որ իրենց սերնդի մեջ քչերն են անուն առ անուն ճանաչում հերոսներին։
     Տաթևը, նման իր հորը կտրուկ պատասխաններով, սարկազմով է պատասխանում` ասելով, թե նախ ինքը դպրոցում պատմություն սովորել է, և երկրորդ` ինքն էլ Գուսանի (Արտակ Օհանյանի) դուստրն է։
     Այս փաստը Վահրամին և' զարմացնում է, և' ուրախացնում։
     Սկսվում է նրանց շփումը, որը Տաթևը որակում է որպես «ընկերական», «մի բախտի մարդկանց» շփում, իսկ Վահրամի համար դա իսկզբանե «ավելիին» ձգտող հարաբերություններ էին։
     Օրեցօր շփումն ավելի է ջերմանում, առաջին առերես հանդիպմանը Տաթևը փոքր զարմուհու հետ է ներկայանում, որպեսզի ժամադրության չվերածվի։
     Գալիս են Վահրամի մասնագիտական միջոցառման օրերը, Տաթևն օգնում է առաջիկա ելույթի պրեզենտացիան պատրաստել, նույնիսկ Վահրամի մասնագիտական վրիպակն է գտնում, ինչը Վահրամին ավելի է հիացնում։
     Ելույթի օրը Տաթևն ուշացած է ներկայանում։ Եթե այսօր էլ նայենք տեսահոլովակը, պարզ կդառնա, թե նա որ պահին է ներս մտել, քանի որ Վահրամի դեմքի արտահայտությունը լրիվ փոխվում է։
     Միջոցառումից հետո Վահրամը Տաթևին հրավիրում է իր գործընկերների հետ հաջողությունը նշելու` սահուն այն վերածելով ժամադրության։ Հենց այդ ժամանակ խոստովանում է իր զգացմունքների մասին, առաջարկում հարաբերությունները բարձրացնել որակապես նոր մակարդակի։ Տաթևը համաձայնում է, սկսում են ընկերություն անել։ Գտնում են նոր ընդհանուր հետաքրքրություններ, որոնցից ամենամեծն էքստրիմն է, իսկ հետո` սերը նույնիսկ ամենահոգնեցուցիչ ճամփորդությունների հանդեպ։ Մեկ և կես տարի ընկերություն անելուց հետո Վահրամը նշանադրության մատանի է նվիրում նրան հենց Նոր տարվա գիշերը, Տաթևի ավագ քեռու բակում, ընկերներ Արթուրի և Մարիի ներկայությամբ։ Ստանալով համաձայնություն` բարձրանում են նշելու։ Այնուհետև ընկերներով են նշում և օրը լուսացնում։
     2018 թվականը դառնում է նրանցը. ամռան վերջին օրն ամուսնանում են ու կազմում ընտանիք, որի երեխաները պիտի լինեն երկու հերոսների առաջնեկ թոռները։
     2019 թ. հունիսի 30֊ին ծնվում է Վահրամի և Տաթևի առաջնեկը՝ Եվան։
    
    
    

Արցախյան հերոսամարտում զոհվեցին 5000֊ից ավելի մարտիկներ, ովքեր իրենց կյանքը նվիրելով հայրենիքին, ազատություն և անկախություն պարգևեցին մեզ, դրանով իսկ տալով հնարավորություն ապրել ու արարել մեր այդքան բաղձալի ԱՆԿԱԽ Հայաստանում։
     Ու թող որ յուրաքանչյուր հայ Տաթևի ու Վահրամի նման կառչած լինեն մեր արմատներին, հիշեն ու գնահատեն մեր հերոսներին` շարունակելով լինել նվիրյալներ այն արժեքների, որոնց համար պայքարեցին նրանց ՀԵՐՈՍ ՀԱՅՐԵՐԸ։

Վերջերս Տաթևը հանդես է եկել նախաձեռնությամբ` գրում է պատերազմի, մարդկանց կյանքերի վրա դրա ազդեցության, իրենց նորաստեղծ ընտանիքի և իր ծնողների սիրո մասին։

Մեծ սեր և երջանկություն ենք մաղթում Վահրամին և Տաթևին

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5391 | 0 | 0
Facebook